Խմբագրեց Կարեն Սարգսյանը
Չկա ավելի սարսափելի բան, քան կանգնած լինել կամրջի
եզրին՝ պատրաստ նետվելու դեպի մթությունը, դեպի ամեն
ինչ կլանելու պատրաստ սարսափելի խավարը: Ձորում առկայծող լույսերից կարելի էր ենթադրել՝
բարձրությունը մոտ հարյուր
մետր կլիներ: Մահացու բարձրություն: Բայց այս պահին կամրջի եզրին կանգնած երիտասարդին
դժվար թե մտահոգեր բարձրությունը: Նրա դեմքին սառն ու հեգնական ժպիտ էր քարացել: Անգամ ուշադրություն չէր դարձնում
իրեն հարցեր տվող անցորդներին, որոնցից մի քանիսը փորձում էին երիտասարդին հետ պահել,
համոզել, բայց ապարդյուն: Որևէ արձագանք չկար: Նրա համար ամեն ինչ կորել էր խավարի
ու լռության մեջ, միայն ձեռքերն էին, որ ասես կապված էին: Մնում էր բացել
այդ կապանքները՝ վերջին շղթան, ու ֆիզիկական մարմինը հանձնել ազատությանը. թռիչք՝ խավար անդունդը: Թռիչք,
որ վերջինն էր լինելու, ու վերջ էր դնելու մի կյանքի, որն ինքը գնահատել չկարողացավ:
Պետք էր ազատվել կապանքներից և վայելել ազատ թռիչքն ու կյանքի վերջին վայրկյաններն առանց կապանքների, առանց որևէ վախի նշույլի: Ամեն ինչ որոշված է, և իր համար չկա այլ ելք: Վերջապես ազատ թողեց ձեռքերն ու
զգաց՝ ինչպես մարմինն առաջ գնաց: Վեր պարզեց ձեռքերն ու անուժ մարմինը հանձնեց խավարին: Ճախրանքի
վայելքը միայն մեկ ակնթարթ տևեց, ապա աչքերում
արտացոլվեց արագահոս գետում առկայծող լույսի ցոլքերը, որին ինքն արագորեն մոտենում
էր: Մեկ ակնթարթ անց ազատության ու ճախրանքի վայելքը վերածվեց սարսափի: Սրտի շրջանում ցավը ստիպեց գոռալ, բայց միայն
օդի սառը հոսանք ներխուժեց ներս: Մեկ վայրկյան էլ՝ ու ինքը կբախվի կամ ջրին, կամ այն ամենին, ինչ կա այդ մթության մեջ: Հանկարծ կուրացուցիչ լույս տարածվեց շուրջը,
ստիպված եղավ փակել աչքերն ու վերջնական տրվել մահվանը, բայց լույսն ասես իրեն կլանեց,
այլևս խավար չկար,
այլ միայն կուրացուցիչ լույս…
Չգիտեմ՝ արթնացում անվանել կարելի՞ է, թե՞ ոչ, բայց երբ բացեցի աչքերս, ամեն ինչ կուրացուցիչ սպիտակով էր պատված:
Այդ պահին անգամ ինքս ինձ չէի հիշում, ես չգիտեի անգամ ով եմ: Միայն վերջին վայրկյաններն
էին դաջվել հիշողությանս մեջ, մթության մեջ ջրի մակերևույթից առկայծող ցոլքերն ու վերջին ակնթարթին ծագած այն լույսը,
որ հայտնվեց ու կլանեց ինձ: Վերջին
հիշողությունները ջրի կաթիլների պես կաթ-կաթ
լցրեցին դատարկված հիշողությունս: Ես այդպես էլ գետնին չհասա: Չհասկացա ինչպես, բայց
տարօրինակ ու անաղբյուր լույսը ամբողջությամբ կլանեց ինձ, և հիմա ես այդ լույսի մեջ
էի՝ շրջապատված ապշեցնող լուսավորությամբ:
«Չէ՜, դժվար թե սա դրախտը լինի, բայց հաստատ դժոխքն
էլ չէ»:
Իսկ ես այս անբիծ ճերմակության փոխարեն ավելի շուտ դժոխքի կրակների ու սարսափելի ջերմությանն էի սպասում:
Չէ՞ որ ես մեծ հանցագործ էի, մարդասպան, ավելի ճիշտ կլինի ասել՝ ինքնասպան: Այս
անսպառ լուսավորության մեջ ես ինձ ստվեր էի զգում, թեպետ այստեղ ստվեր գտնել հնարավոր չէր, անգամ
ինքս ինձ չէի տեսնում: Ամենը թաղված էր լռության ու ճերմակի մեջ:
Մինչ աչքերս ուսումնասիրում էին անհոգի սպիտակը, հիշողությանս
մեջ արթնանում էին վերջին դրվագները, սարսափելի խավարն ու նրա դիմաց իմ կանգնած լինելը, ապա ինչպես տեսաերիզի ժապավենն են հետ տանում, այնպես էլ հիշողությունս սկսեց պատկերել
այն ամենն, ինչ կար այնտեղ՝
այդ հիշողության մեջ: Որքան դժվար է, երբ փորձում ես մոռանալ անցյալդ, բայց որևէ կերպ հնարավոր չի լինում
ջնջել այն, ու այդ անցյալը ստիպում է ցավ զգալ, տառապել: Այս ի՞նչ է՝ անգամ մահն
ինձ չի ազատում այդ անցյալից, թե՞
դեռ կենդանի եմ…
Վերջին հարցը ես բարձրաձայնեցի գոռալով, բայց
այն գրեթե անլսելի դարձավ, ու ձայնս պարզապես կլանվեց անբիծ ճերմակի կողմից, իսկ այդ ճերմակը, այդ լուսավորությունը,
որ չգիտես որտեղից էր գալիս, արդեն սարսափեցնում էր ինձ:
-Այստեղ անգամ մտքերն են այնքան բարձր, որ
խլանալ կարելի է, իսկ գոռալուց՝ առավել
ևս:
Ականջներիս չէի հավատում, բայց ես մենակ չէի: Այստեղ
ևս մեկը կար, իսկ ձայնն առավել վախեցնող էր, սառը,
առանց որևէ ելևէջի, միատոն ու ոչ այն է՝ կանացի, ոչ էլ՝
տղամարդու:
Մի պահ քարացա, բայց համարձակությունս վերականգնելով,
առավել կամաց հարցրի.
- Ո՞վ կա այստեղ:
Նույն ձայնը նորից հնչեց:
-Դու՛…
Պատասխանը զավեշտալի էր, իսկ ձայնի միատոնությունը՝
սարսափազդու:
-Իսկ բացի ինձնի՞ց…
-Դեռ միայն դու,
- եղավ պատասխանը:
-Լավ, եթե ես ու ես, ապա ո՞վ է խոսողը:
-Հարցն էլ նրանում է, որ խոսողն այստեղ միայն
դու ես, ես չեմ էլ խոսում, դու լսում ես այն, ինչ հնչում է քո մտքում:
«Սա ի՞նչ դիվային խաղ է,- մտքումս սկսեցի անիծել
իմ բախտը, որ անգամ մեռնելուց հետո հանգստություն չունեմ»:
-Վերջապե՜ս: Լավ է, որ սկսեցիր մտքումդ խոսել,
թե չէ խլացնելու չափ ուժեղ ձայնը կկլանի իմ ձայնը, իսկ բախտդ պետք է ասեմ, որ շատ էլ
լավ բերել է,- ծիծաղեց ձայնը, բայց այդ ծիծաղն այնքան անշունչ թվաց, որ ավելի շուտ
մեխանիկական զարթուցիչի ձայն հիշեցրեց:
-Այսինքն ես չխոսե՞մ, - զարամացա ես:
-Կարող ես չխոսել: Ոչ բոլոր մտքերն են բառեր դառնում:
Բառերը շատ քիչ են, որ հնարավոր լինի դրանցով արտահայտել բոլոր մտքերը: Մտքերը գալիս
են ու գնում, դրանցից ընտրվում են մի քանիսը ու բառերի տեսքով արտահայտվում, բայց այդ
չի նշանակում, որ մտքերն հենց այնպես կորում են:
-Անկեղծ ասած ես չեմ հասկանում, ինչի մասին եք ասում…
Նորից հնչեց զրնգուն մեխանիկական զանգ հիշեցնող ծիծաղը:
-Իսկ դու փորձիր, - եղավ պատասխանը: - Կենտրոնացի’ր
մեկ մտքի վրա: Կփորձե՞ս:
-Լույսը… Կարելի՞ է այն անջատել:
-Իհարկե, բայց դու ինքդ էլ կարող ես, փորձի՛ր:
Դեռ չէի էլ հասցրել հարցնել՝ ինչպես, ու պատասխանը
չուշացավ:
-Պարզապես պատկերացրու, որ այն չկա:
Ես փակեցի աչքերս: «Ա՜յ քեզ բան, անգամ մեռնելուց
հետո հանգիստ չկա…»:
-Մահը, դեռ չի նշանակում ամեն ինչին ավարտ, - լսվեց միատոն ձայնը, - մի՛
մոռացիր, ես լսում եմ անգամ քո մտքերը: Կենտրոնացի՛ր:
Փորձեցի մի պահ կենտրոնանալ ու պատկերացնել, որ
լույսն այլևս այնքան պայծառ չէ, ու բացեցի աչքերս:
Պատկերն հիմա լրիվ այլ էր ու ավելի սարսափելի,
քան պայծառ լույսը: Ասես օդից կախված լինեի, իսկ շուրջս ամեն ինչ պատված էր արծաթագույնով:
Անգամ նշմարվում էին պատերը, եթե դրանք կարելի էր այդպես անվանել: Պատերը, հատակն ու
առաստաղն ավելի շուտ ասես հոսում էին՝ տեղ-տեղ ավելի պայծառ ու անհարթ պղպջականման գոյացություններ առաջացնելով: Բայց
ամենատարօրինակն այն էր, որ ոչ մեկին չէի տեսնում: Միայն ես էի, որ կախված էի այդ մեծ
օդային պղպջակի մեջ:
-Դեռ ի՞նձ ես փնտրում, - լսվեց նույն միատոն ձայնը,
- զարմանալի եք, դուք՝ մարդիկդ, փնտրում
ու հավատում եք այն ամենին, ինչը չեք տեսել ու գուցեև չկա՝ միաժամանակ չտեսնելով ձեր
շուրջը գտնվողներին:
Հազիվ էին այս խոսքերն ընկալվել ընդարմացած ուղեղիս
կողմից, երբ զգացի՝
ինչպես մեկը զգուշորեն բռնեց ձեռքս:
Սարսափից նորից ամուր փակեցի աչքերս:
-Մի՛ վախեցիր, կարծում եմ հիմա պատրաստ ես տեսնել
ինձ:
Մի քանի վայրկյան չէի համարձակվում բացել աչքերս:
Վերջապես որոշեցի բացել: Ինչո՞ւ վախենալ նրանից, ինչը դեռ չես տեսել:
Շուրջս ոչինչ չէր փոխվել. նույն պղպջականման
գոյացություններով պատերն ու առաստաղը:
-Չեմ տեսնում,- շշնջացի ես:
-Հիմա…
Չգիտեմ՝ այդ «հիմա»-ն հարց էր, թե այն, որ հիմա
կտեսնես, բայց հենց նույն վայրկյանին՝ անմիջապես իմ կողքին այդ ողջ արծաթագույն երանգից
դանդաղորեն տարանջատվեց ու մարմնավորվեց մարդանման մարմին: Նա իր անսովոր երկար ու բարակ մատներով բռնել էր իմ ձեռքը: Թեև իմ տեսածը
մարդկային մարմին էր, բայց այդ նույն մարմինը մարդու չէր: Երկար ու բարակ մատներ, որոնց
ծայրերն ասես բարձիկներ
լինեին, երկար պարանոց, եռանկյունաձև դեմք, որի վրա միայն մեծ ու կապտամոխրագույն աչքեր
էին երևում:
Տեսածիցս սարսափած՝ արագ մի կողմ
քաշեցի ձեռքս ու մարմինս սկսեց տարուբերվել
այս ու այն կողմ:
-Այլմոլորակայի՞ն…
Հարցիս պատասխանն ու հատկապես իմ վախեցած տեսքը
մի փոքր շփոթեցրեց բանական էակին:
-Հիմա մեզ այդպես են անվանում, բայց կային ժամանակներ,
երբ մենք աստվածներ էինք, երկնային մարդիկ, հետո հրեշտակներ, դևեր և այդպես շարունակ:
-Ի՞նչ եք ուզում ինձնից, - սարսափս հաղթահարելով
հարցրի ես:
-Փրկում ենք մարդկային ճակատագիր:
-Ու բոլորի՞ն եք այդպես փրկում:
-Ոչ, - եղավ պատասխանը:
Բանական արարածը, որին ես այլմոլորակային անվանեցի
(բայց այդքան էլ նման չէր բոլորին լավ հայտնի այլմոլորակայիններին),
սկսեց դանդաղորեն ինձ այս ու այն կողմ պտտել:
Վախենում էի անգամ նայել նրան, բայց հստակ զգում էի նրա երկար մատների հպումը, որոնք
սկզբում սառն էին, հետո միանգամից ջերմանում էին: Ասես մարմնովս էլեկտրական հոսանք անցկացնեին:
-Իսկ ինչո՞ւ ինձ, գուցե
ես չեմ ուզում:
Որքան էլ տարօրինակ էր, բայց ես պատասխան չէի լսում, այսինքն գլխումս միատոն
ձայն չկար: Բանական այդ արարածը լռում էր: Մի
քանի րոպե նա լուռ և զգուշորեն այս ու այն կողմ էր պտտում ինձ: Վերջապես գլխումս զրնգաց նույն միատոն ձայնը:
-Կարող ես տալ այլ հարցեր, ու
կփորձեմ հնարավորինս բացատրել, բայց
անգամ մեզ համար կան դեպքեր, որոնք դժվար է մարդկային լեզվով ու նրանց համար ընկալելի ներկայացնել: Ավելի պարզ ասած, դու հայտնվեցիր այնտեղ, որտեղ
և մենք, իսկ այդ դեպքում մեզնից հասնում էր փրկել մեկ կյանք:
Նա նորից բռնեց ձեռքս ու ես նկատեցի՝ ինչպես նրա ձեռքի ափը լուսավորվեց:
-Եվ նրան նորից դրդել, օգնել
և մոտեցնել իր առաքելությանը այս կյանքում, - ձեռքը մի կողմ տանելով միտքն ավարտեց նա:
Դժգոհ դեմքս մի կողմ տարա: Տարօրինակ զգացողություն էր մոտս առաջացել: Հիմա
ուզում էի հասկանալ ինքս ինձ՝ արդյո՞ք պետք էր մեռնել:
-Հիասթափությունն ու զայրույթը, անելանելի վիճակը անցողիկ են, հատկապես քո
դեպքում: Այսուհետ քո կյանքն այլ է լինելու: Հիմա դու էլ չես պատկերացնում, - ասես հույս էր տալիս մեխանիկական ձայնով այս բանական-ռոբոտ
մարդկային կերպարանքը:
-Պատմի՛ր ձեր քաղաքակրթության մասին, - մի փոքր լռությունից հետո առաջարկեցի ես:
-Երևի ճիշտ կլինի ասել՝ մեզ
բոլորիս:
Ես չհասկացա ինչ նկատի ուներ այլ քաղաքակրթության
ներկայացուցիչը, բայց մի փոքր լռությունից հետո նրա կապտամոխրագույն աչքերը նայում
էին ուղիղ իմ աչքերի մեջ:
-Մի վախեցիր, հիմա ինքդ կտեսնես, - զգուշացրեց
նա՝ ամուր բռնելով ձեռքս:
Մեկ ակնթարթ էլ չէր անցել՝ ողջ արծաթագույնը կորավ: Իմ առջև բացվեց չքնաղ մի բնապատկեր: Հեռվում
երևում էին վեր խոյացող լեռների կատարներ, իսկ վարար գետը բարձունքից թափվում
էր վար՝ հսկա ու աննկարագրելի ջրվեժ առաջացնելով: Ջրվեժի հենց կատարին կանգնած էր մեկը,
մեկը նրանցից, ով հիմա կանգնած էր իմ կողքին: Բանական էակը առանց վարանելու ցատկեց
բարձունքից ու սուզվեց գետի ջրերում: Տեսարանը փոխվեց: Հիմա ամեն ինչ երևում էր ջրի միջից: Այդ արարածը սկսեց, բառիս բուն իմաստով, տարրալուծվել ջրում՝ անհաշվելի մասնիկների վերածվելով…
-Սա սկիզբն էր, - մեկնաբանեց նա, - այսպես ծնվեց
կյանքը հեռավոր փոքրիկ տիեզերքի կապույտ մի
մոլորակի վրա: Հետագայում միլիոնավոր տարիներ էին պետք մարդկության ժամանակաշրջանի
սկզբի համար:
Այդ պահին պատկերներն այնքան արագ էին փոխվում, որ միայն որոշ ակնթարթներ էի կարողանում
ըմբռնել, բայց հասկանալի էր
մի բան. այս բանական էակը ինձ ցույց
էր տալիս Երկրի ողջ պատմությունը: Պատկերները սկսեցին ցույց տալ պատմական խոշոր իրադարձությունները,
ապա՝ մեր օրերն ու անգամ առաջ անցան: Մի պահ ամեն ինչ
նորից մթնեց, ապա կրկին լուսավորվեց վառ կրակով: Արևն էր: Այն շատ մեծ էր. մոտ տասն
անգամ ավելի մեծ, քան կարելի է տեսնել ամեն երկնային օր: Հանկարծ այն փոքրացավ՝ հեռավոր
աստղի մեծության հասնելով…
-Ի՞նչ է սա, այսինքն ձեր արեգակնային համակարգը
ոչնչացա՞վ:
Նրա հսկա աչքերն ասես մի փոքր նեղացան: Եթե հնարավոր
լինել նկարագրել նրա դեմքի այդ արտահայտությունը մարդկային բառերով, ես կասեի՝ նա ժպտաց:
-Սա ձեր, այսինքն՝ դեռ այս պահին մարդկանց համար հեռավոր ապագան է, իսկ մեզ համար՝ ժամանակի
մի փոքրիկ մասունք անցյալից:
Ես դասը չհասկացած աշակերտի հայացքով նայեցի նրա
աչքերին:
-Մինչ այս պահը մարդիկ ունակ կլինեն անցնել ժամանակի
միջով, ինչպես մենք: Ձեզ համար ժամանակը չի լինի միայն սկիզբ ունեցող գծային ուղիղ:
-Մեկ րոպե, մեկ րոպե: Այդ ինչպե՞ս, - չհամբերեցի
ես:
Նրա դեմքին նորից հայտնվեց ժպիտ հիշեցնող արտահայտությունը:
-Ասեմ միանգամից: Իմ նախնիները ևս մարդիկ էին,
այսինքն դու և քո պես միլիարդավոր մարդիկ, ովքեր հիմա բնակվում են երկրի վրա, իմ ու
իմ նմանների նախնիներն են: Դուք մեր անցյալն եք, իսկ մենք՝ ձեր ապագան: Դուք ևս այսպիսին
եք դառնալու, ինչպիսին ես…
-Բայց,
այն մեկը, որ լուծվեց ջրում…
-Ժամանակին նա մեզ համար Աստված էր, հետո, բացահայտելով
մեր տիեզերքը, մենք հասկացանք, նա մեր նախնին էր՝ այլ տիեզերքից միայն:
-Իսկ Աստվա՞ծ…
-Հիմա, երբ մենք գիտենք մեր տիեզերքի ողջ պատմությունը,
մենք Աստծո մասին պարզապես լռում ենք:
Առաջին միտքը, որ եկավ իմ գլխում այն էր, որ նրանք
ևս դեռ չեն կարող բացատրել Աստծո գոյությունը, կամ գուցե հանգել են այն եզրակացության, որ Աստված չկա:
-Սխալվում ես, - հանկարծ միտքս կտրեց նա, - մենք
պարզապես լռում ենք, հասկանալով, որ աստվածային մի մասնիկ կրում ենք յուրաքանչյուրս
և բոլոր նրանք, ովքեր ապրում են թե այս, թե այլ տիեզերական տարածություններում:
Ինձ այդ «տիեզերական տարածություն» կամ «այլ տիեզերք» ձևակերպումներն ուրիշ համաստեղություն էին ընկալվում, բայց զրուցակիցս նորից հասկացավ
ինձ:
-Տարածությունները բազմաթիվ են, անգամ
այս մեկ
տիեզերքը, որ
թվում է
անսկիզբ ու
անվերջ, ընդամենը
մեկն է բազում այլ տիեզերքներից, որոնք բաժանվում են ժամանակի գծած տարածություններով: Պատկերացրու
մարդկային մարմինը,
որ կազմված
է բջիջներից,
իսկ հիմա
փորձիր պատկերացնել,
որ յուրաքանչյուր բջիջ մեկ տիեզերք
է, իսկ այդ մեկ տիեզերքն անգամ ունի իր բազում ժամանակային ուղիղները՝ իրենց անհուն հնարավորություններով և զարգացման ուղիներով: Նորից առավել պատկերավոր եթե ասենք, ամեն ինչ կանխավ մտածված է, տրված են անթիվ հնարավորություններ՝ իրենց հետևանքներով…
-Իսկ
ժամանա՞կը:
-Այն
կապում է
անցյալն ու
ապագան, սակայն
ժամանակը հնարավոր
է կառավարել:
Այն ամենը ինչ հնարավոր է տեսնել, նույնիսկ բոլոր տիեզերական բջիջները, որոնցից մեկում
գտնվում եք դուք… - նա մի պահ լռեց, ապա ինքն իրեն ուղղեց, - նաև մենք որոշ ժամանակ
առաջ, ժամանակի պատրանք է, պատկերի մեկ կետ, որը ողջ ամբողջության մի մասն է՝ միաժամանակ
ողջ ամբողջությունը լինելով: Այդ
ամենն այնքան անիրական է, որ պատրանք է թվում: Թերևս
կյանքում ամեն ինչ պատրանք է, և միայն մենք ենք… դե
այսպես կոչված բանական էակներիս գիտակցությունն է, որ կարողանում է այդ պատրանքից իրականություն կերտել:
Բանական էակն անակնկալ լռեց, թեպետ եթե շարունակեր,
միևնույն է, ես ոչինիչ չէի կարողանա հասկանալ նրա ասածից, ու նա լսեց իմ ուղեղի ճրճրթոցը
իր՝ հենց իմ ուղեղում հնչեցրածի վերաբերյալ:
-Առավել կարճ,
- հանկարծ շարունակեց նա, - մեզ
հաջողվել է
շրջել անցյալում
և լինել առավել հեռու ապագայում,
սակայն այդ ապագան կախված է ներկայի այս մեկ ակնթարթից ու մարդկության այս օրվա ընտրությունից,
հաճախ նաև որոշ անհատներից: Շատ հաճախ մեկ որոշումը կարող է փոխել զարգացման ուղին:
Արդյունքում նման դեպքերը կարող են այլ հնարավոր բազում ուղիներից մեկով տանել մարդկությանը:
Մենք հետևում ենք, որպեսզի հնարավոր շեղումը առավել քիչ լինի՝ կայուն ապագայի կերտման
համար:
Եթե նա անգամ ունակ չլիներ լսել իմ միտքը, այնուամենայնիվ
դեմքիս արտահայտությունից կկռահեր. ինձ համար նա խոսում էր իմ մայրենի լեզվով, սակայն, այ թե ինչ էր ասում՝ բացարձակ անհասկանալի
էր, անընկալելի, իսկ ես կարծում էի, թե գոնե հասկանալու առումով, այդքան էլ հիմար չեմ:
Երկու կարմիր դիպլոմը վկա:
-Այդ
դեպքում, ինչո՞ւ փրկել մեկին, ով ինքնակամ ուզում է մեռնել, - փոքր լռությունից հետո
հարցրեցի ես:
-Կյանքը մեկ անգամ է տրվում այս ժամանակում ու
այս աշխարհում: Ինքդ
քեզ զրկել կյանքից ինչ-որ խնդիրների պատճառով անիմաստ քայլ է:
Միայն
հիմա ես նկատեցի, որ նրա՝
այդ մեխանիկական ձայնով
հեռավոր ապագայի մարդու դեմքին նկատվեց
հարցական հայացք: Ասես նա ինձ ստիպում էր անվերապահորեն հաստատել նրա ասածը՝ անիմաստ քայլ:
- Ամեն
բանական արարած իր կարևորագույն նշանակությունն ունի, իսկ չփորձել հասկանալ ու գտնել այդ առաքելությունը, մեծագույն մեղքերից
մեկն է՝ անպատասխանատվությունը, այսինքն խուսափել գտնել առաքելությունը, որի համար էլ այս աշխարհ
է գալիս մարդը: Խուսափելով առաքելության իրագործումից փոխվում է ապագայի ընթացքը, միաժամանակ ներկան զրկվում է
բազում այն հնարավորություններից, որոնց կյանքը մեզ շնորհում է ամեն ակնթարթի հետ: Գտի՛ր քո առաքելությունը,
փնտրիր այն կյանքի յուրաքանչյուր ակնթարթում: Առանց այն փնտրելու հնարավոր չէ բացահայտել ինքնությունդ, կյանքի իմաստը. մի
կյանքի, որ հրաշք կարելի է կոչել:
Ես մեղավորի պես կախեցի գլուխս: Չեմ էլ ուզում
պատկերացնել, թե որքան դժվար էր նրա համար հասկանալ իմ բոլոր մտքերը: Դրանք պարզապես
քաոս էին ստեղծել իմ ուղեղում:
-Դու նորից կվերադառնաս այնտեղ, որտեղ պետք է
լինեիր, եթե չլինեինք մենք:
-Սպասե՛ք, մեկ րոպե, - գրեթե գոռացի ես, - դուք անընդհատ հոգնակի թվով եք խոսում,
բայց ովքե՞ր են մյուսները, և մյուս հարցը՝ ես որտե՞ղ պետք է հայտնվեմ:
Բանական էակը մոտեցավ ինձ:
-Ուշադիր նայիր շուրջդ և կտեսնես բոլոր նրանց,
ովքեր այստեղ են:
Նա մեկ ձեռքի շարժումով պղպջականման պատերը վարագույրի
պես մի կողմ տարավ: Տեսարանը,
որ բացվեց իմ աչքի առաջ պարզապես աննկարագրելի
էր: Հարյուրավոր, գուցե հազարավոր
բանական էակներ այս ու այն կողմ էին
շարժվում, ոմանք պարզապես սավառնում էին, իսկ ես ընդամենը փոքրիկ ապակե գնդի մեջ էի,
որ չգիտես ինչից և ինչպես էր կախված:
-Նրանք բոլորը հեռավոր ապագայի մարդիկ են, - հիշեցրեց
զրուցակիցս, - իսկ հիմա երկրորդ հարցի
պատասխանը: Դու կհայտնվես այնտեղ, որտեղ որ ուզում էիր. գետի շողացող, բայց սառը ջրի
մեջ: Իհարկե քեզ ոչինչ չի պատահի, մի փոքր կթրջվես: Սառը ջուրն օգտակար է, կօգնի գիտակցությունդ արագ վերականգնելու հարցում:
-Այսինքն ես հիմա անգիտակի՞ց եմ:
Մեխանիկական զրնգուն ծիծաղը նորից պայթեցրեց ուղեղս:
-Իհարկե: Սիրտդ մի փոքր չդիմացավ անկմանը, բայց հիմա ամեն ինչ նորմալ է:
Միայն հիմա հասկացա, թե ինչու էր այս բանական
արարածը իր երկար մատներով ինձ այս ու այն կողմ պտտեցնում:
-Այսինքն, եթե հիմա ես անգիտակից եմ, այս ամենը
իրակա՞ն չէ ու միայն իմ գլխո՞ւմ է կատարվում:
-Դու մոռացար քիչ առաջ իմ ասածը՝ ամենը պատրանք է, այդ թվում և կյանքը: Միաժամանակ ամեն ինչ իրական է, անգամ այնքան իրական, որ կարելի
է երևակայությունը ևս իրական կոչել: Երևակայությունն հաճախ
է անիրական պատկերներ կերտում և այդ ամենը միայն գլխում, սակայն ինչո՞ւ երևակայությունը անիրական
համարել: Չէ՞ որ գլուխը լրիվ
իրական է:
«Նորից բառախաղ, իսկ հետո ի՞նչ է լինելու, երբ
նորից վերադառնամ իրականություն»:
-Ահա՜, իսկ թե ինչ կլինի հետո, կիմանաս հետո:
Ես հիշում եմ՝ ինչպես նա մատը մոտեցրեց ճակատիս, ապա հոսանքի հարվածն անցավ ողջ
մարմնովս: Որքան ուժ ունեի գոռացի, բայց ոչ ցավից, այլ անզորությունից, որ չէի կարող շարժվել: Ասես կաթվածահար եղած լինեի, մարմինս հրաժարվում էր
ենթարկվել ինձ: Լուսավորությունը նորից դարձավ կուրացուցիչ:
-Մենք ցույց տվեցինք և օգնեցինք մեկ քայլով մոտենալ
կյանքիդ առաքելությանը: Փնտրի՛ր այն, փնտրի՛ր…
Սրանք վերջին բառերն էին, որ լսվեցին իմ գլխում,
իսկ հետո ամեն ինչ մթնեց: Ամբողջ մարմնով զգացի ջրի սառնությունը, ապա ձայներ, ձայներ,
որոնք այս անգամ ոչ թե իմ գլխում էին, այլ շուրջս:
-Ո՜ղջ
է, դեռ ողջ է, - հենց ականջիս տակ այնպես էր գոռում մեկը, որ խլանալ կարելի էր:
Ինձ փորձում էին ջրից դուրս հանել: Մի քանի ձեռքեր
ամուր բռնեցին ու քաշեցին դեպի ափ: Աչքերս
բացեցի այն հույսով, որ
կտեսնեմ ինձ նման մարդկանց:
-Այ թե բախտ եմ ասել, հա՜, մի քիչ էլ այն կողմ
ընկներ, բետոնապատ պատնեշի հետ կողջագուրվեր, - անկեղծորեն զարմացած էր ինձ ափ հանող
փրկարարը:
Մի քանի հարվածները դեմքիս ամբողջովին արթնացրին
ինձ: Շուրջս բազմություն էր հավաքվել: Նրանք իրական մարդիկ էին և ոչ թե այլ քաղաքակրթության
ներկայացուցիչներ, կամ հեռավոր ապագայի մարդիկ: Հայտնվեցին բժիշկներն ու պատգարակը: Փորձեցի կանգնել, բայց թույլ չտվեցին: Բժիշկը բռնեց ձեռքս հավանաբար զարկերակը ստուգելու համար,
և այդ պահին կատարվեց անսպասելին: Հպումից անմիջապես հետո անհասկանալի կերպով զգացի
նրա հույզերը, մտքերը, զարմանքը… Գուցե հնարավոր էր կանխատեսել, որովհետև նման բարձրությունից
ընկնողները կենդանի չեն մնում, և տեսնել նման բախտավորի, հնարավոր չէ չզարմանալ: Սակայն սա այդ դեպքը չէր: Միտքս
ասես սպունգի պես ներքաշում
էր ինֆորմացիան ու գլխումս ստեղծում պատկերներ: Ես ոչ միայն զգում ու հասկանում էի
մարդկանց, այլև կարողանում մեկ հպումով տեսնել ամենը մարդու մասին: Այ թե ինչ նկատի ուներ հեռավոր ապագայի մարդը, երբ ասում էր՝ դրդել, օգնել
և մոտեցնել այս կյանքում առաքելությանը:
Այս անգամ ես գոռացի, և կարողացա գոռալ որքան
ուժ ունեի: Ես
ճչում էի որքան հնարավոր էր բարձր և որքան որ հնարավոր էր մեկ շնչով, մինչև ինձ
տեղափոխում էին պատգարակի վրա:
-Հետտրավմատիկ շոկ, - լսվեց նույն բժշկի ձայնը:
Ես գոռում էի ու լալիս երեխայի պես՝ չհասկանալով, արդյոք պատրանքը վերածվեց իրականությա՞ն, թե՞ իրականությունից կրկին ընկա պատրանքի գիրկը, սակայն կարևորն այլ էր: Իրականություն էր այս, թե այն աշխարհը, ես էական չէր, էական էր այն, որ ես ողջ էի մնացել, ինձ
տրվել էր ևս մեկ հնարավորություն փոխելու ներկան, ինչու՞ ոչ՝ նաև ապագան: Այս
անգամ այդ հնարավորությունից ես ինձ այլևս երբեք չէի զրկի:
Комментариев нет:
Отправить комментарий