2013-03-22

Մտքեր Սերժ Սարգսյանի ասուլիսի մասին



Ես ստիպված կլինեմ նորից խախտել լռությունս ու կիսվել իմ մտքերով, տեսակետներով Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսի վերաբերյալ:

Նախ ամենաառաջինը. այն մամլո ասուլիս ես չեմ կարող անվանել, քանզի այնտեղ մեր լրատվական դաշտից «ընտրված» լրագրողներ էին ներկա: Եթե հանրապետության նախագահը մամլո ասուլիս է հրավիրում, ապա այն չի կարող լինել փակ, առանց օպերատորների ու լրատվական միջոցների: Սա վկայում է այն մասին, որ Ս.Սարգսյանը բառից բուն իմաստով թքած ունի լրատվամիջոցների անկախ ու անկողմնակալ աշխատանքի վրա և ամենացավալին՝ որ նրանց չի դիտում որպես 4-րդ իշխանություն: Հարգելի Սերժ Սարգսյան, մամլո ասուլիսների ձևաչափերը վերջին տարիներին կտրուկ փոխվել են, և ավելին, նման միջոցառումները պետք է ուղիղ եթեր հեռարձակվեն և ոչ թե 1 օր ուշացումով, մոնտաժելուց հետո ուղարկվեն հեռուստաընկերություններին: Մենք ապրում ենք անկախ Հայաստանում և ոչ թե ԽՍՀՄ-ում...

Երկրորդ. Դուք ամեն դեպքում չունեք նախագահի կեցվածք ու խոսելաձև: Անգամ մեկ օր մոնտաժվելուց հետո (ինչո՞ւ պետք է հավատամ, որ մոնտաժված չի, եթե միայն նախագահականի օպերատորն է նկարել, և միայն մեկ օր հետո է լրատվամիջոցներին ուղարկվել տեսանյութը) կիքսերն այնքան շատ են, որ յուրաքանչյուր բառին կարելի է այնպես հակադարձել, որ պատասխան չեք ունենա տալու: Ես չեմ ուզում՝ իմ նախագահը լինի կույր ու չտեսնի, թե ովքեր են այսօր ՀՀԿ-ի կազմում, իսկ դուք նրանց «փաստաթղթով օլիգարխ չեն» եք կոչում: Եթե չեք տեսնում, ուրեմն կույր եք: Ինձ հաշմանդամ նախագահ պետք չէ:

Երրորդ. Ձեր նյարդային շարժումներն ու դիմագծի արտահայտությունը արտահայտիչ կերպով ցույց են տալիս, որ ձեր նյարդերը էլ չեն դիմանում, և արդյունքում, եթե հնարավոր լինի, անգամ ոտքերն էլ կարող եք վեր բարձրացնել:

Չորրորդ. հետևեք ձեր յուրաքանչյուր խոսքին, բառին, որպեսզի դրանք չհնչեն այնքան զավեշատալի՝ «աթոռից չընկնեք», «սոված մարդ», «ինչպես կասեր տատս», հատկապես «ինչ անեմ» արտահայտությունը մի օգտագործեք: Ինձ պետք չէ նյարդային նախագահ:

Եվ վերջապես հինգերորդ. փորձեք ավելի հաճախ շփվել լրատվամիջոցների հետ, որպեսզի վախի կոմպլեքսը հաղթահարեք, նրանց տեսնելիս չնյարդայնանաք ու «ինչքան ուզեք, կխփենք» ու նմանատիպ այլ արտահայտությունները պատճառ չհանդիսանան Ձեզ ծաղրելու ու ատելությունը մեծացնելու համար:

Իմ կարծիքը հայտնում եմ որպես ՀՀ քաղաքացի, իր ներկա պահին նախագահի գահին բազմած ՀՀ քաղաքացի նախագահին:

2013-03-21

Ցնորք է…

Ցնորք է…

Ցնորք է այս համատարած անկումը՝ շահամոլության մառի ներքո մոլորյալները ելք չեն փնտրում, այլ՝ ինքնահաստատում՝ փայփայելով սեփական այլասերված “ես”-ը՝ ագահությունը, նախանձը, երեսպաշտությունը, և վարակում դրանցով մյուսներին, քանզի ՉԱՐԻՔԸ ՎԱՐԱԿԻՉ Է:

Եվ օտարացման ու ստոր արատների այս շքերթում տարածվում է քաղաքական ինտրիգների բորբոսը, և քաղաքական գործիչների սնկանոցում հայրենասիրությանն ու արդարությանը փոխարինում են սեփական շահն ու անդրկուլիսյան կեղտոտ բազարները:

Եվ չկա՛ պատասխանատվություն, քանզի երկիրը գրավի ու թալանի դաշտ դարձրած իշխանավորները չգիտեն նման բառեր, իսկ ցինիզմով լցված նյութական “Բարգավաճում” պաշտողներն այն ուղղում են զուտ կուռք-տիրոջը…

Չկա՛ անձնազոհություն, քանզի “ընդդեմ” պայքարում նպատակ չի մնում, և շրջանառվում են արդեն լոկ հացադուլավոր միջակությունները՝ քարոզչական պղտոր խաղափորձերին սովոր և հիվանդագին ինքնահիացմունքից գլուխները կորցրած ու չարիքով արդեն իսկ վարակված:

Ու չկա՛ն ո՛չ ծառաներ, ո՛չ տերեր, քանզի նեխության ալիքը տանում է բոլորին, և մարդիկ սկսում են ընտրել չարյաց փոքրագույնը՝ մոռանալով, որ Չարիքն ընդհանրապես չեն ընտրում:

Չկա՛ պատիվ, չկա՛ արժանապատվություն, նույնսիկ խելք չկա… միայն անվերջ հոռի շախմատե խաղ…

Սակայն՝ ՃԱՆԱՉՎԱԾ Է, ՀԱՇՎԱԾ Է, ՈՐԱԿՎԱԾ Է…

շարունակելի…
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ Հ/Կ

Աշնան գույներն իմ հոգում




Աշունն է ոսկի
Գույներով պատել իմ հոգին.
Այնտեղ ինչ-որ թախիծ կա, և...
Անպատասխան առաջին սիրո
Հուշեր կան անգին...
Սրտումս Արևի վերջին
Ջերմ շողեր կան, ու...
Հույսի մի մասնիկ է
Ծվարել այնտեղ.
Գուցե Արևի վերջին շողերի հետ
Հույսն էլ հեռանա՝
Վերջին լույսն իմ...
Հիմա աշուն է` գույներով լեցուն,
Եվ խորհրդավոր հառաչ կա
Իմ հոգում այսօր,
Դեղնած տերևների խշշյուն, ու...
Ու ես ակամա լացել եմ ուզում,
Քո անձրևի հետ, Աշո՜ւն ի՛մ ոսկի,
Օ՜ այդ դո՞ւ ես լալիս...
Լա՛, աշուն իմ, ու գուցե...
Գուցե այդժամ թեպետ և գունեղ,
Բայց մեռած տերևդ
Նորից շունչ առնի...
Լա՛ իմ ընկեր, հոգիդ ազատիր,
Արցունքդ վանիր, որ...
Որ Արևը նորից շող հյուսի
Բնության գրկում:
Տե՜ս, ես էլ եմ լալիս,
Այդպես ազատում հոգիս
Թախիծից քո ոսկի,
Որ արևը նորից հոգուս հյուր գա,
Հույսը մնա, չհեռանա,
Եվ նոր շնչով գարունը հյուր գա՝
Քեզ պես գունեղ, բայց կյանքի շնչով:
Տես իմ ընկեր, Աշո՛ւն իմ բարի,
Այժմ իմ հոգում գույներ կան բազում,
Բայց ոչ միայն քո ոսկին,
Այլև գարնան ծաղկունքի՝ երփներանգ....


2013-03-12

Վերջ տվեք ցինցիզմին

Մինչ Հանրապետությունում հետընտրական լարվածությունը էլ ավելի է խորանում, իշխանության որոշ չինովնիկներ բաբուխանյանման անպատկառ դիմակներ հագնելով, շարունակում են ծաղրել իրենց իսկ ժողովրդին՝ փորձելով խեղդել քաղաքացիական ձայնը: Նման փորձ արեց ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը: ՍԻՄ նախագահը դատելով իր գործողություններից հաճախ է դավաճանում իր թիմակիցներին, բայց նման մասշտաբային դավաճանությունը կարծում եմ պետք է հատուկ տառերով գրել նրա կենսագրականում: Դեռ մեկ տարի առաջ այս գործչին պատկանող «Իրավունք» կայքը լցված էր վիրավորական ու ծաղրանքով լի նկարներով, որոնց թիրախը ՀՀԿ-ն էր: Անգամ ամենաթունդ ընդդիմադիրը նողկանք էր ապրում մտնելով այդ կայք: Բայց այսօր այս «քաղաքական գործիչը» ՀՀԿ խմբակցության անդամ է: Բնականաբար հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս… Պատասխանը մեկն է: «Իշխանությունը» իր շուրջն է հավաքել քծնվողներին և ցինիզմի երդվյալ կրողներին: Ամեն դեպքում այս պատգամավորը կարծում եմ պետք է պատասխան տա իր ասածների համար: Ի դեպ ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է Պահանջում ենք Բաբուխանյանին զրկել մանդատից Էջը: Ֆեյսբուքյան օգտատերերը Բաբուխանյանից պահանջում են անհամապաղ ներողություն խնդրել կես միլիոն հայերից և հրաժարվել մանդատից:
Օրեր անց այս անլուրջ քաղաքական գործչին միացավ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը: Մեկ այլ ՀՀԿ-ական օատգամավորուհի էլ կոչ արեց չգնալ հանրահավաքների ու մնալ տաք տներում: Այս ծեծված թեմային այլևս անդրադառնալ չեմ ուզում: Բայց չանդրադառնալ մեկ այլ ՀՀԿ-ականի ակնհայտ ցինցիզմին չեմ կարող: ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի գրառումը՝
«Րաֆֆի Հովհաննիսյան-ԲՀԿ զարգացումները դեռ առջևում են։
Բանն այն է, որ Րաֆֆին, հաղթահարելով կես միլիոնանոց նշաձողը, քաղաքական դաշտում առաջինը լինելու հայտ է ցանկանում ներկայացնել ԲՀԿ-ին։ Իրականում Րաֆֆիի ստացած 539 հազար ձայներից մոտ 455 հազարը պատկանում է ԲՀԿ-ին, որ վերջինս ստացել էր ԱԺ ընտրություններում։
Մի ասող լինի՝ ախր, այ Րաֆֆի, քաղաքական նկրտումներդ պետք է 85000-ին համարժեք լինեն։»
Կարեն Ավագյան

Կոչ եմ անում ՀՀ քաղաքացի Կարեն Ավագյանին զերծ մնալ նման սադրիչ գրառումներից: Մեկ այլ գրառում նրա ֆեյսբուքյան էջից.
«Բարևարշավի 2 նոր տարբերակ
1-ին Ու՞ր ես կորցրել իմ բարևը, տուր ինձ այն քանի չի սառել :ՃՃ
2-րդ Ձեզ մոտ հնարավո՞ր է էլի բարև մնացած լինի :ՃՃ
Հ.Գ. մնացած տարբերակները գտնել մուլտֆիլմում...»
Կարեն Ավագյան

Ակնհայտորեն ծաղրանքով ու ցինցիզմով լցված այս բառերը հարիր չեն պատգամավորի:
Նմանատիպ մեկ այլ գրառում՝
«Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում է նմանվել կամակոր մի երեխայի, ում կապրիզները չափ ու սահման չեն ճանաչում։ Երեկ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն հանրապետության նախագահից պահանջել է ամբողջական համամասնական ընտրակագի ընդունում, ԱԺ լուծարում և նոր խորհրդարական ընտրությունների անցկացում, պահանջներ, որոնք հակասահմանադրական են, և բնականաբար, դրանց ընդունումը դուրս է որևէ տրամաբանությունից։ Կարծում ենք, Րաֆֆին պետք է որ բավարար գիտելիքներ ունենա՝ հասկանալու համար իր առաջարկների հակասահմանադրականությունը և իզուր ամբոխահաճությամբ չզբաղվի։»
Կարեն Ավագյան

Իր գործընկերոջն ու թիմակցից փորձում է ետ չմնալ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ժամեր առաջ լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, թե որոշ ակտիվիստներ փորձում են լռեցնել Աշոտյանին՝ նրա ֆեյսբուքյան էջի դեմ բողոքելով: Այս լուրը հաստատեց անձամբ Արմեն Աշոտյանը:
Ուղղակի չկարողացա զսպել ծիծաղս: Այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում կարելի է հարյուրավոր կեղծ օգտատերերի էջեր հայտնաբերել, որոնք րոպե առ րոպե համացանցը լցնում են Րաֆֆի Հովհաննիսյանի ծաղրանկարներով և կեղծ ինֆորմացիայով, ու դեռ մի բան էլ Արմեն Աշոտյանն է նեղրստում:
Մեկ այլ գրառում Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.
«Ինձ թվում է, ևս մեկ-երկու նմանատիպ հանրահավաք, և ես որպես դեռևս գործող ԿԳ նախարար կարող եմ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՐԱՖՖՈՒՆ բացակա դնել :)
Տեսնես, այս կրեդիտային համակարգի պայմաններում ո ՞նց եք լրացնելու :)
Հ.Գ. Բժշկի թուղթը չի անցնելու, ասեմ նախապես... :)»
Արմեն Աշոտյան

Այս պաշտոնյաները չբավարարվելով իրենց թիմակից ընկերների ցինիզմով՝ շարունակում են հեգնել իրենց քաղաքացիներին: Ցավալի է, բայց փաստ:
Ցինիզմը ցանկացած քաղաքական գործչի բնորոշ հատկանիշը կարող է դառնալ մեկ ակնթարթում: Հարցս ուղղում եմ վերը նշված բոլոր պաշտոնյաներին. Դուք որևէ քայլ անու՞մ եք ցինցիզմի ճիրաններից դուրս պրծնելու համար…




Շուշան Պետրոսյան, գուցե որպես երգչուհի արժանի եք հարգանքի, բայց որպես ՀՀԿ-ական` ոչ...

  Ամբողջովին դիտեցի Պետրոս Ղազարյանի հաղորդումը ու մնացի ապշած: Մեր արվեստի ներկայացուցիչները կարծես չեն տեսնում այն, ինչ կա մեր երկրում: Հարգելի Շուշան և Դավիթ, դուք` որպես արվեստագետ, ինչպե՞ս կարող եք պաշտպանել այն իշխանությանը, առավել ևս մի կուսակցության, որի անդամ են հանդիսանում Սամվել Ալեքսանյաններն ու Սուրիկ Խաչատրյանները: Միայն նրա համար, որ այդ ու նման տարրեր այսօր մեր երկրի իշխանությունն են ներկայացնում, արդեն իսկ ստիպում են հեռու լինել «իշխանությունից»: Հատկապես Շուշան Պետրոսյանին եմ ուզում հղել. ստացվում է, որ դուք ավելի լավ եք համարում լինել այս օլիգարխիկ կուսակցության անդամ ու վստահել երկրի զարգացումը այն մարդկանց, որոնց անմիջական գործունեության պատճառով ՀՀ քաղաքացիների քառասուն տոկոսը աղքատ է: Դուք՝ որպես մայր, կարող եք մեկ վայրկյան անգամ մտածել, որ Ձեր երեխան կարող է թերսնվել կամ քաղցած քնել: Ոչ, չեք կարող պատկերացնել: Բացեք Ձեր աչքերը ու թող խոսի Ձեր փոխարեն ոչ թե ՀՀԿ-ականը, այլ քաղաքացին, այն քաղաքացին, որ հավասարություն է ուզում, արդարություն է պահանջում: Ամոթ է, որ չեք տեսնում Ձեր կուսակից-օլիգարխների կեղծիքները, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, համարում եմ նման տարրերին ժողովրդի թշնամի, իսկ եթե Դուք աչք եք փակում նման տարրերի արածների վրա, ապա Դուք հավասարաչափ թշնամի եք ինձ համար:

  Խոսում եք կարիերիստներից, գոնե Դուք մի խոսեք, որովհետև այսօր երիտկարիերիստնեը վխտում են ՀՀԿ-ում:

  Ընտրակաշառք են վերցնում, բայց չեն ընտրում նրան, ով բաժանել է այդ կաշառքը: Դուք նման քաղաքացիներին անազնիվ եք որակում: Փաստացի ստացվում է, որ ազնի՞վ է կաշառք բաժանել ու անազնիվ կաշառք բաժանողին չընտրելը: Ցավո՞ւմ եք ՀՀԿ-ի բաժանած գումարների համար, որ արդյունք չտվեցի՞ն Գյուրմրիում: Ես էլ ասում ես Ձեզ, շատ լավ վարվեցին, քանի որ նման կերպ մի լավ ապտակ հասցրին հենց թեկուզ նաև Ձեզ, քանզի Դուք հենց այն կուսակցության ներկայացուցիչն եք, որ կաշառք էր բաժանում: Ես խոնարհվում եմ գյումրեցու քաջության առջև և սա շատ լավ դաս համարում, որ հաջորդ անգամ միլիոններ չհատկացնեք ընտրակաշառքին, այլ այդ գումարները ուղղեք ավելի բարի գործերի կատարմանը: Եթե դուք լինեիք իսկական ՀՀ քաղաքացի, առաջինը պետք է պահանջեիք մաքրել ՀՀԿ բոլոր քրեաօլիգարխիկ տարրերից, կարիերիստներից ու քծնվողներից: Ես Ձեզ շատ հարգում էի ու գնահատում Ձեր արվեստը մինչ այն պահը, երբ ՀՀԿ հովանու տակ մտաք Խորհրդարան: Հետո նորից հույսեր ծնվեցին, գուցե վերջապես ՀՀԿ-ն կհասկանա, կդառնա այն ուժը, որ պետք է իրապես լինի, բայց նախորդ հինգ տարիները միայն հակառակն ապացուցեցին: Այնպես որ հիմա ձեզ հարգել չեմ կարող, գուցե որպես երգչուհի արժանի եք հարգանքի, բայց որպես ՀՀԿ-ական, իմ կողմից՝ ոչ...

Մեր դիվանագիտական «հաղթանակը»...

  Վերջին շրջանում սկանդալները դարձել են իշխանության որոշ ներկայացուցիչների անբաժանելի ընկերները: Դեռ չէր մարել Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատերերի զայրույթը, երբ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը մի նոր կերպ բորբոքեցին կրակը: Այդ ամենին զուգահեռաբար ավելանում են Շուշան Պետրոսյանի հարցազրույցները այս կամ այն լրատվամիջոցին, որից անմիջապես հետո քննադատությունների տարափը էլ ավելի մեծ ուժ է ստանում: Չեմ ուզում խոսել այս ամենի մասին: Ուղղակի կասեմ: Հարգելի Շուշան Պետրոսյան, ավելի լավ է լռեք, ձեր դեմ մի հանեք ազգաբնակչությանը:
Անցնեք մեկ այլ ու շատ «հետաքրքիր» օպերացիայի իրականացմանը:
  Օրերս կառավարությունը հաստատեց Վատիկանում առանձին ներկայացուցչություն ունենալու նախագահի առաջարկած փաստաթուղթը: Առաջին հայացքից այս ոչ այնքան տարօրինակ գործողությունը չէր վրդովեցնի հանրությանը, եթե չշոշափվեր նախագահի փեսայի անունը:
Այստեղ առաջանում են մի շարք հարցեր: Ինչո՞ւ հենց Մ. Ստեփանյանը, կամ ինչու հենց Վատիկան, Հռոմ, Իտալիայի մայրաքաղաք, որտեղ ունենք մեր առանձին դիվանագիտական ներակայացուցչությունը: Վատիկանը, թեպետ ունի կրոնական առումով մեծ ազդեցություն (այն էլ պետք նկատենք կաթոլիկ երկրների շրջանում) ընդամենը մեկ հազարի չափ մարդկանց թվով պետություն է Հռոմում: Արդյո՞ք այդքան նպատակահարմար է առանձին դեսպանություն ունենալ և պետբյուջեից հոգալ դեսպանատան ծախսերը: Ինչ անենք որ նախագահի փեսան կրթություն է է ստացել Իտալիայում, ուրեմն պետք էր առանձին պաշտո՞ն ստեղծել նրա համար: Թեպետ ոչ պաշտոնական աղբյուրներից ինձ ասել են, որ Վատիկանի դեսպանատունը ամենայն հավանականությամբ կգտնվի Իտալիայում ՀՀ դեսպանատան շենքում և տարածքի խնդիր չի լինի, սակայն դեսպանությունը մնում է դեսպանություն: Դեսպանատան աշխատակիցները, դեսպանը և այլ դիվանագետներ, պետք ստանան աշխատավարձ, պետբյուջեն պետք է հոգա բոլոր նրանց ծախսերը և այլն: Այստեղ ես կտրականապես դեմ եմ լինում հասկանալ ու ըմբռնել որևէ այլ մոտեցում: ՀՀ-ը ունի դեսպանություններ, որոնք համատեղելիության կարգով աշխատում են մի քանի պետություններում միաժամանակ: Արդյո՞ք նույնը չի կարելի այստեղ անել, կամ ինչպես որ եղել է, թողնել այդպես: Որքան էլ որ պնդեն, թե այն արվում է հայերին ու Հայաստանը կրոնի առումով աշխարոհում էլ ավելի լավ ներկայացնելու, մեր դիրքերը ամրապնդելու, Առաքելական Եկեղեցու դերը բարձրացնելու համար, ընդունելի չեն: Այդ հարցերով պետք է զբաղվի Իտալիայում գտնվող ՀՀ դեսպանը, կոնկերտ այս դեպքում Իտալիայի և Վատիկանի համար, իսկ մնացած այլ պետություններում համապատախան դիվանագիտական ներկայացուցչությունները: Հետաքրքրական է, քանի՞ պետություն ունի առանձին դիվանագիտական ներկայացուցչություն Վատիկանում: Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, եթե դուք գիտեք ասեք:
   Պահանջում եմ հանրային քննարկումներ կազմակերպել այս հարցի շուրջ և կառավարությունից հիմնավոր պատճառներ ներկայացնել հասարակությանը, նման դիվանագիտական հաստատության կարևորության մասին: