2017-08-15

Կոտրված խաղալիքը


Մի կերպ կարողացա հաղթահարել դռան դիմաց գոյացած ձյան ու սառույցի կույտը և մոտենալ դռանը: Բակում անտանելի ծխի հոտ էր տարածված, ու երբ հայտնվեցի դռան մոտ, միայն այդ պահին նկատեցի. դռանը կից նեղ պատուհանման անցքից դուրս էր ցցված վառարանի ծխատարը, և ծուխն ուղիղ դռան կողմն էր գալիս, իսկ մի մասն էլ կիսաջարդված ապակուց նորից ներս լցվում: Տանն ավելի հեղձուցիչ օդ էր: Հենց դռան մոտ՝ միջանցք հիշեցնող նեղ հատվածում վառվում էր տունը ջեռուցող միակ վառարանը: Վառվող աթարի ու խոնավության հոտին միացել էր վառարանի վրա դրված տապակայում գրեթե կիսավառված մակարոնի հոտը: Վառարանի կողքն էին հավաքվել տան չորս փոքրիկները ու անմիջապես թավայի միջից ձեռքով վերցնում էին մակարոնի կիսավառ ձողիկներն ու խրթխրթացնելով ծամում: Նման անսպասելի տեսարանից ապշած չգիտեի ինչ անել:
-Ձեթը պրծելա, - բացատրեց կորացած մեջքով բավական ծեր երևացող, բայց հազիվ վաթսունին մոտ կինը, - ասի մի բան սարքեմ ծամեն, մինչև մերը գա:
Ապա առաջարկեց մյուս սենյակ գնալ: Հյուրասենյակը, որ միաժամանակ նաև ննջարան էր, ոչնչով չէր տարբերվում միջանքից: Երեխաներից մեծը, որ հազիվ ինը- տաս տարեկան լիներ, չգիտես որտեղից հինգ-վեց կոնֆետ գտավ ու մեկնեց ինձ: Չգիտեի՝ արդյո՞ք ճիշտ կլիներ վերցնել, թե մերժել. այնուամենայնիվ վերցրի ու աննկատ դրեցի կիսաթեք փոքրիկ սեղանի անկյունում:
Մեծը, որ կոնֆետ էր հյուրասիրել, առաջարկեց դուրս գալ ու գնալ իր փոքրիկ տնակը: Անմիջապես համաձայնվեցի ու հապճեպ դուրս եկա հյուղակից՝ դռան մոտ սառույցի կույտի վրայով մի կերպ ցատկելով: Տանից ոչ հեռու՝ մեքենայի մետաղյա կմախք էր դրված, որ գրեթե բոլոր կողմերից ծածկված էր կարկատած կտորներով ու ցելոֆանով:
-Ամառը էստեղ եմ ճաշ սարքում, հիմա էլ գրքերս եմ պահում, - բացատրեց նա:
-Ինչու՞ տանը չես պահում գրքերդ, էստեղ կփչանան, համ էլ ցուրտ է:
-Փոքր ախպերս վառումա, որ տաքանա, - աձյալը մի կողմ տանելով բացատրեց նա:
Մի անկյունում խաղալիքներ էին թափված, իսկ մյուս կողմում շարքով դասավորված էին գրքերը, տետրերը, կիսամաշ ու պատռված պայուսակը:
Ամեն ինչ կոկիկ դասավորված էր, բացի խաղալիքներից, որոնց մեծ մասը կոտրված էին:
-Ինչո՞ւ սրանք էլ չես հավաքում, կամ նորոգում, տես կարող ենք սա կպցնել, - ցույց տվեցի ես:
-Ես շուտվանից խաղալիքներով չեմ խաղում...

2017-07-20

Չեմ հավատում



Չեմ հավատում այլևս քեզ,
Բայց ներում եմ ամեն անգամ,
Ու հիմա էլ՝ բաժանման պահին,
Ասում եմ՝ ներում եմ, թեպետ
Չի հնչում՝ ներողություն....
Չեմ հավատում այլևս քեզ,
Չի մնացել վստահության ոչ մի
Գեթ նշույլ անգամ հիմա,
Բայց բաժանման պահին այս.
Սիրելով ասում եմ՝ հաջողություն …
Արմ Մխեյան

2017-06-28

Լոռին լուսանկարներով


Հայոց աշխարհի չնաշխարհիկ անկյուններից մեկը՝ Լոռին:























2017-04-08

Հիմա դու չկաս



Անցյալում են օրերն այն
Ու մնացել հուշերում միայն,
Երբ միասին քայլում էինք
Ոլոր ճամփեքին այն...

Չենք գրկում միմյանց արդեն,
Այլ ժպտում ենք հեռվից,
Ինչպես ծանոթներ միայն.
Օտար ենք արդեն...

Հիմա դու չկաս, ու չեմ գրկում քեզ,
Եվ կարոտ է հոգիս քո համբույրին.
Հիշի՛ր, սիրելիս, ես սիրում եմ քեզ
Անգամ հիմա, երբ օտար եմ քեզ ես...


Անցորդներ ենք պարզապես
Ու չի եղել ոչինչ ասես,
Անցյալն է մեր կորսված
Մոռացված հուշերի պես...

Մոլոր է հոգիս առանց քեզ,
Դու չկաս, որ ինձ գրկես
Այլ հիշողություններ միայն՝
Սիրո, կարոտի ու ջերմության...

Հիմա դու չկաս, ու չեմ տեսնում քեզ,
Եվ կարոտ է հոգիս քո մեկ ժպիտին,
Ավա՜ղ, մոռացել ես, որ սիրում եմ քեզ.
Անգամ հիմա, երբ դու ինձ մոռացել ես...


Արմեն Մխեյան
2016թ, Երևան

2017-01-07

Ինչպես չհիասթափվել



Թվում է՝ մարդկային հարաբերություններում պետք է ամեն ինչ լինի շատ ավելի պարզ ու հասկանալի, քանզի մարդիկ բանական էակներ են և կարողանում են իրենց զգացմունքներն ու զգացողությունները, ցավն ու երջանկությունն արտահայտել բառերով, սակայն ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել: Հիասթափությունը, վիրավորանքն, անտարբերությունն ու չգնահատված լինելը, ինքնաիրականացման ուղում առկա այլ խոչընդոտները իսկական փորձություններ են, որ հաճախ հայտնվում են առօրյայում: 
Այստեղ առանձնացրել եմ հիմնական այն խորհուրդները, որոնք կհեշտացնեն յուրաքանչյուրի կյանքը և թույլ կտան խուսափել հիասթափություններից:


1. Դիմացինին ընդունեք այնպիսին, ինչպիսին նա կա:
Մարդիկ իդեալական չեն, շատ դեպքերում նրանք նույնպես կարող են սխալվել կամ թերանալ: Հիշե´ք, դուք նույնպես կարող եք սխալվել, անգամ այն դեպքում, երբ միանշանակ վստահ եք ձեր ճիշտ լինելու հարցում: Ճշմարտությունը մեկն է, սակայն նրան տանող արահետները տարբեր են, առավել ևս երբ այդ ճշմարտությանը յուրաքանչյուրը նայում է այլ տեսանկյունից և տարբեր հայացքներով:

2. Խուսափեք  ձևավորել և ունենալ սպասումներ ու ակնկալիքներ:
Սպասումը հիասթափության ամենահիմնական պատճառն է: Հաճախ դիմացինը չգիտի, թե ինչ ես ակնկալում նրանից,  իսկ եթե սպասելիքներն ամեն դեպքում առկա են (հաճախ նաև անխուսափելի), ապա անհրաժեշտ է բարձրաձայնել դրանց մասին, լինել անկեղծ:

3. Մի գերագնահատեք և վերագրեք արժանիքներ, որոնք գուցեև չկան:
Սպասումների առաջացման պատճառներից հիմնականը, դիմացինին այնպիսի արժանիքների վերագրումն է, որոնք չկան, և նա դրանում որևէ մեղավորություն չունի: Յուրաքանչյուրս անհատականություններ ենք, և եթե ձեզ մոտ առկա է այս կամ այն արժանիքը, ապա դա դեռ բավարար պայման չէ, որ ձեր շրջապատում առկա մարդկանցից պահանջեք նույնը: Նրանք էլ կարող են ունենալ այլ արժանիքներ, որոնք այս կամ այն կերպ չեն դրսևորվում ձեզ մոտ: 

4. Եղեք վստահ նրանում, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ չեն համաձայնվի ձեզ հետ:
Պատկերացրեք՝ որքան միօրինակ կլիներ աշխարհը, եթե այն լիներ սև ու սպիտակ, կամ եթե բոլորը անվերապահորեն համաձայնվեին ձեզ հետ: Յուրաքանչյուր այլ կարծիք ու տեսակետ յուրօրինակ օգնություն է սեփական կարծիքի ձևավորման կամ գուցե նաև դրա հերքման և ճիշտ կարծիք ձևավորելու հարցում: Միշտ պատրաստ եղեք լսել այլը, չէ՞ որ դուք կատարյալ չեք և կան մարդիկ, որոնք այս կամ այն հարցում առավել գիտակ են, քան դուք: Մի շտապեք ձեզ հակառակվողներին թշնամի կոչել, այլ պարզապես փորձեք լսել նաև նրանց կարծիքը:

5. Ոչ բոլորն են պարտավոր հասկանալ ձեզ:
Ինչպես վերը նշեցի, ամեն ոք յուրօինակ է ու առանձնահատուկ, այնպես որ մի սպասեք, որ դիմացինը կհասկանա ձեզ այնպես, ինչպես որ դուք ուզում եք, առավել ևս եթե այդ ամենն արտահայտվում է ոչ թե բառերով, այլ վերաբերմունքով: Բացատրեք ամեն ինչ հնավորինս պարզ ու հստակ, եթե ոչինչ չի ստացվում, ապա պետք չէ ժամանակ վատնել, հիասթափվել և նեղսրտել, ձեր դիմացինը գուցե դեռ շատ սովորելու կարիք ունի...

6. Նվիրվեք, բայց ոչ ամբողջ հոգով:
Նվիրվել կարող եք ամենահարազատ ու մտերիմ մարդկանց, բայց անգամ այս դեպքում շատերի մոտ առաջանում է պատնեշ, երբ գիտակցում են, որ իրենք նվիրվել են ամբողջ հոգով, իսկ իրենց՝ ոչ այդքան: Մի բարդացրեք կյանքը՝ փորձելով չափել դիմացինի «հոգին»: Յուրաքանչյուրիս մոտ հոգու արժեքն այլ է, առավել ևս  նվիրվելու չափանիշներն ու սանդղակները:

7. Ամեն  անգամ մի հասեք օգնության, եթե ձեզ չեն խնդրել:
Մարդկանց պետք է օգնել, սակայն կարևոր է իմանալ, թե երբ և ինչպես: Սովորաբար մեր օգնությունը մարդկանց զրկում է խոչընդոտը ինքնուրույն հաղթահարել սովորելուց: Պարզապես նրանց ցույց տվեք՝ ինչպես, և թողեք որպեսզի նրանք ինքնուրույն կատարեն: Այլ դեպքերում օգնեք, երբ նրանք դիմեն, հակառակ դեպքում ձեր քայլը կդիտվի պարտավորություն, որը պետք է միշտ անեիք և անեք, իսկ երբ մի օր ձեր օգնության հարցում «թերանաք», նրանք ոչ թե շնորհակալություն կհայտնեն մինչ այդ արած ամենի համար, այլ կվիրավորվեն, որ դուք չարեցիք ձեր աշխատանքը ինչպես հարկն է:

8. Ձեզ չի հիշում և կարճ ժամանակ անց մոռացել է :
Հույսեր մի փայփայեք, որ կհիշի: Ահա նորից սպասումը, սպասում եք, որ կգրի, կզանգահարի կամ կայցելի ձեզ: Մի նեղսրտեք, այլ պարզապես բաց թողեք նման մարդկանց: Իհարկե դժվար է նման կտրուկ բաժանումը, հատկապես երբ դուք նրան ձեզ մտերիմ եք համարել, սակայն որքանով եք վստահ, որ մտերմության այդ զգացողությունը երկկողմանի է եղել: Տալով նրան «ազատություն»՝ կպարզեք, արդյո՞ք այնքան կարևոր եք ու նշանակալի, թե պարզապես ծանոթի կարգավիճակում եք: Արդյունքում կանեք հետևություններ, որոնք միանշանակ պետք կգան հետագա հարաբերությունների զարգացման, ինչպես նաև այլոց ձեզ մտերիմ համարելու հարցում:

Թեպետ այս բոլորը կօգնեն, սակայն հուսահատությունից ու հիասթափությունից բացարձակապես զերծ մնալ հնարավոր չէ: Այնպես որ ամեն անգամ հիասթափությունից հետո մտածեք, որ դուք հոգով դեռ երիտասարդ եք և ունակ հաղթահարելու այդ ամենը, իսկ այս մեկը մի փորձություն էր, որը հաղթահարելով ավելի ուժեղ կդառնաք...



2017-01-04

Հոգու աշխարհներ





Որքա՜ն շատ են նրանք, որ պատրաստ են լքել հենց այն պահին, երբ նրանց կարիքն ամենաշատն ունես: 
Նրանք հեռանում են լուռ ու գլխիկոր, հաճախ առանց ցտեսություն ասելու, թողնում քեզ մեն-մենակ ու մոռանում, որ դու նրանց չէիր թողնում, երբ օգնության կարիք ունեին... Շատերը նման մարդկանց համարում են ոչ ճակատագրական՝ իրենց փարատելով, որ նրանք արժանի չեն իրենց, ոմանք հիասթափվում են, ոմանք փորձում մոռանալ, բայց յուրաքանչյուրի հոգում կործանվում է մի աշխարհ, որ կոչվում է ընկերություն, սեր, բարություն: Շատերն էլ սիրում են կրկնել՝ ժամանակը մոռացնել կտա կամ կփարատի վերքերը, սակայն ժամանակը կործանված ընկերության, սիրո ու բարության աշխարհի ավերակները վերականգնել չի կարող, այլ միայն փոշով կպատի դրանք: 
Առավել բարդ է անկեղծ ու շիտակ մարդկանց դեպքում, նրանք նվիրվում են ողջ հոգով և միամտաբար կարծում, թե բոլորն էլ իրենց պես պետք է վարվեն: Միամտությունից բխող մեծագույն սխալը. մարդկանց մեծամասնությունը առաջնորդվում է անձնական շահով և ոչ ավելին: Նրանք կլինեն կողքիդ, քանի դեռ նրանց պետք է, իսկ վաղը հեշտությամբ կմոռանան ամենն ու կգտնեն մի նոր օգնության աղբյուր՝ թողնելով դիմացինի հոգում ավերակներ, որոնք երկար ժամանակ չեն վերակառուցվի, իսկ ոմանց մոտ այլևս երբեք չի վերակառուցվի ու ժամանակի ընթացքում ավերակները կպատվեն փոշու հաստ շերտով: Այդժամ նրանք ևս մոռանում են՝ ինչ է ընկերությունն ու անկեղծությունը, նրանք դառնում են մյուսների պես...
Միայն քչերին է հաջողվում այդ ամենը դիտարկել կյանքի փորձություն ու կործանված աշխարհների վրա կառուցել նորերը, ավելի ամուր հիմքով, առավել մեծ ու շքեղ: Նրանք անհատականություններ են, որ չեն կորցնում իրենց յուրահատկությունը՝ պատրաստակամ լինելով կրկին հասնել օգնության՝ չսպասելով փոխադարձ նման վերաբերմունքի, չունենալով սպասելիքներ և ակնկալելով չհիասթափվել նորից... Եվ ահա այդժամ հայտնվում են իրենց նմանները, մարդիկ, որոնք նույն կերպ են մտածում և իրենց հոգում կերտած աշխարհները կարողացել են նորից վերականգնել արդեն առավել ամուր: Նման բարեկամ հոգիները երբեք չեն մնում միայնակ, նրանք գտնում են իրենց նմանին, նրանք այն ընկերներն են, որ չեն առաջնորդվում շահով, նրանք հարազատ են հոգով, և նման՝ յուրաքանչյուրի հոգում կերտած ընկերության, սիրո ու բարության պատերացումների կերտած աշխարհներով...

2016-12-31

Հույզեր, որ հոգի ունեն

 Հույզեր, որ հոգի ունեն:



Գալիս է մի պահ, երբ հայացք ես ձգում հետ, արժեվորում, գնահատում ու հաճախ նաև վերապրում ես այն ամենը, ինչն արդեն երբեք ետ չես բերի, բայց հիշողության մի անկյունում կշարունակես փայփայել այն ակնթարթները, որոնք միշտ կմնան հիշողության մեջ և ամեն անգամ դրանք վերհիշելիս կզգաս նույն սրտի թրթիռը: Թվում է` անցյալը չի եղել և մեծ իմաստով այդպես է: Այս ակնթարթը եթե դառնա անցյալ, ուրեմն այն արդեն չկա, կա միայն նրա «հոգին»` ակնթարթից մնացած հիշողությունը: Անցյալը սկսվում է կառուցվել այդ ակնթարթներից և որքան ակնթարթը վառ է ու գունեղ, այնքան հիշողությունը վերապրելիս զգացողությունն ավելի ուժեղ է լինում:
Թանկ հիշողությունները բնականաբար կապված են առավել հարազատ մարդկանց հետ ու էլ ավելի թանկ են դառնում, երբ նրանք այլևս մեզ հետ չեն լինում: Սակայն ամեն մի ակնթարթը գուցե չդառանա հիշողություն, առավել ևս թանկ, եթե մենք այդ չենք ցանկանում: Հաճախ ոչ թե չենք հասկանում, այլ չենք գիտակցում, որ ակնթարթը կավարտվի, պահն անվերադարձ հեռու կգնա ու անցյալ դառնալով, իր հետ գուցե տանի նաև ակնթարթի «հոգին»` ոչ մի հուշ չթողնելով: Այդպես լինում է, երբ մենք կորցնում են ժամանակի արժեքն ու մոռանում, որ պետք է ապրել այս մեկ ակնթարթով, քանի որ անսահման ժամանակի մեջ միայն այս ակնթարթն է որ կա քո ձեռքում, այն ակնթարթը, որ կդառանա անցյալ, բայց կծնի ապագա:
Գնահատել անցյալի հուշերը չի նշանակում ապրել անցյալով: Մարդու ամենամեծ կարողությունը անցյալից փորձ կուտակելն է, անցյալի զգացողություններն ու հույզերը հիշողության վերածելն ու այս ակնթարթի միջոցով ապագան կերտելն է:
Տարին մոտենում է ավարտին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր կամա թե ակամա դարձել են իմ լավ հիշողությունների մի մասը: Ես շնորհակալ եմ ձեզ, որ դուք կաք ու իմ կողքին եք: Առանց ձեզ որքա՜ն հույզեր «անհոգի» կմնային...



Արմեն Մխեյան