2013-10-29

Անցյալի աշուն


Այսօր կհիշեմ անցյալս վաղեմի,
Ու շիշը ձեռքիս` փողոց դուրս կգամ.
Իբրև թե մայրամուտը դիտելու,
Բայց մայր մտնող Արևի հետ
Քեզ նորեն հիշելու:
Կներկվի փողոցը բազում գույներով…
Աշնան տերևի ու ցոլքից Արևի
Շուրջ բոլորս կպատվի դեղնով,
Եվ աշունը ինձ պես կհարբի այսօր:
Գինու արբեցնող շնչով պատված`
Կլռի փողոցը ու կդառնա դատարկ,
Կվառվեն լույսերն ու ճամփին ամայի
Աշնան հետ նորից կմնամ մենակ:
Աշունն ու գինին` քեզ միշտ հիշեցնող
Երկու կարևոր գործոն
Ու արդեն քանի՜, քանի՜ տարի…
Կրկին այս օրը, կրկին աշնանը
Քեզ մոռանալու համար հոգիս կլացի,
Քեզ տեսնելու համար` կճախրի,
Բայց երբ գա առավոտը,
Ու Արևը իր բարևն ավետի,
Դու նորից չես լինի ու արդեն քանի՜ տարի.
Աշնան մեկ օրով կապրես դո՛ւ միշտ,
Մեկ օրով միայն անցյալի,
Իսկ սրտիս մեջ՝ հավետ… 

2013-10-28

Հայաստանի ընդերքը տարեցտարի աղքատանում է

 Հանքարդյունաբերության ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում բավականին մեծացել է օգտակար հանածոների արդյունահանման ծավալը և հարկերի հաշվին ոլորտը ապահովում է մեծ ֆինանսական հոսք պետբյուջե, սակայն նույնիսկ այդ դեպքում Հայաստանը շարունակում է դիտարկվել որպես հումք արտահանող երկիր:
Հայաստանը, լինելով փոքր երկիր, պետք է հիմնվի այնպիսի տնտեսության վրա, որը ենթադրում է ներմուծում-վերամշակում-արտահանում, այլ ոչ թե միայն օգտակար հանածոների արտահանման:
Ըստ ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների, 2012թ.-ին  նախորդ տարվա համեմատ Հայաստանը մեծացրել է ծավալները մի շարք օգտակար հանածոների կորզման և արդյունահանման գործում:
 Պինդ օգտակար հանածոների արդյունահանման ծավալով առաջատարը կրաքարն է, որի ծավալը 2012թ-ին կազմել է 373 հազ. մ նախորդ տարվա համեմատ աճելով 12 հազար մ3- ով: Ըստ արդյունահանման ծավալի երկրորդ տեղում ավազակոպճային խառնուրդն է` 199 769.9 մ3, ապա բազալտը` 178 805.3 մ3 : Երկուսի դեպքում էլ  արդյունահանման ծավալի աճ է գրանցվել համապատասխանաբար   69430մ3  և 2116 մ3 : Մեծ աճ է նկատվել ջրային լուծույթից ստացված աղի արդյունահանման ծավալում` 86 379 տոննայից հասնելով 150 304 տ, ինչպես նաև աճ է գրանցվել  պղնձամոլիբդենային հանքարարի, պղնձի, մոլիբդենի, ցինկի, կապարի, սելենի դեպքում:
Թանկ մետաղներից ոսկու բազմամետաղային հանքաքարի արդյունահանման ծավալը աճել է` հասնելով 1945 տոննայի, իսկ մաքուր ոսկու դեպքում  2735 կգ-ից  դառնալով 2896 կգ: Արծաթի դեպքում 2011թ-ի համեմատ արդյունահանման ծավալը նվազել է 2773 կգ-ով, հասնելով 22 243 կգ-ի: Նվազել են նաև ավազի, տուֆի, կավի արդյունահանման ծավալները, սակայն այդ ամենին զուգահեռ 2012թ.-ին Հայաստանը սկսել է արտահանել տասը նոր պինդ օգտակար հանածոներ այդ թվում երեք ավազատեսակ, կադմիում և անդեզիտաբազալտ:
Արդեն անցնող 2013թ.-ին հանքարդյունաբերության  ոլորտում լուրջ փոփոխություններ եթե անգամ լինեն` կհրապարակվեն միայն հաջորդ տարի, սակայն տեսնելով նման տեմպերը պետք է նշել, որ տարեցտարի առանց այդ էլ փոքրիկ Հայաստանը էլ ավելի է «փոքրանում»:

Աղբյուրը` normitq.am                                                                                 Արմեն Մխեյան

Գրողների Միության նոր նախագահ և հին խնդիրներ

Աղբյուրը` normitq.am

Արդի գրականության մեջ էլեկտրոնային գրականությունն առավել մեծ նշանակություն է ձեռք բերում գրքի գովազդի, տարածման  և նոր ընթերցողներ ներգրավելու գործում, սակայն Հայաստանում պատկերն այդ առումով բավական խամրոտ գույներով է ներկայանում:
Օրերս Գրողների Միության նոր նախագահ ընտրվեց գրող, հրապարակախոս Էդվարդ Միլիտոնյանը: Թեպետ նախագահը նոր է, բայց գրողների միության խնդիրները հին են, իսկ դրանց լուծման տարբերակներն առավել ևս:
Ուսումնասիրելով բոլոր հնարավոր գրական կայքերը` այդպես էլ հնարավոր չեղավ գտնել գոնե մեկը, որտեղ գրողը անկախ նրանից որ միության անդամ է, թե ոչ, կարող է տեղադրել իր ստեղծագործությունը,  ստանալ ընթերցողների կարծիքն ու գնահատականը: Կայք, որը հնարավորություն կտա շփվել այլ ստեղծագործողների հետ, կմիավորի հայ ժամանակակից գրողներին և կունենա պետական այնպիսի մարմնի աջակցություն ինչպիսին Գրողների Միությունն է, չկա: Գրողների Միությունը պետք է վերանայի իր մոտեցումը և հնարավորություն տա բոլոր ժամանակակից գրողներին  պաշտոնական գրական կայքի միջոցով իրենց ստեղծագործությունները էլեկտրոնային տարբերակով (թեկուզ մասամբ տեղադրելով) ներկայացնել հանրությանը: Այդպես ԳՄ-ը հնարավորություն կունենան հետևել ընթերցողների գնահատականին և հաշվի առնել նաև նրանց կարծիքը: 21-րդ դարը տալիս է բոլոր այդ հնարավորությունները, և գրականությունը, որքան էլ պահպանի իր դասական գրքի ձևը, պետք է նաև տարածվի էլեկտրոնային տարբերակով:
Նոր մոտեցումները պարտադիր են գրականության առջև ծառացած խնդիրների լուծման համար, սակայն ինչ նոր մոտեցման մասին կարելի է խոսել, երբ Գրողների Միության պաշտոնական կայքը 2008թ.-ից չի թարմացվում:
Արմեն Մխեյան          

2013-10-21

Տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է սպասվածից ցածր մնալ


Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած հատվածում կազմել է 3,2%, իսկ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել է աճի բավականին ցածր` 0,2 տոկոս ցուցանիշ` Կառավարության կանխատեսված 6,2% տնտեսական աճն անիրական դարձնելով:

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության 2013թ.-ի հոկտեմբերի 21-ին հրապարակած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն  այս տարվա ցուցանիշն ամենացածրն է 2010 թ.-ից հետո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսության ակտիվության ցուցանիշի միջոցով հաշվարկվում է տնտեսական և համախառն ներքին արդյունքի աճը, կարելի է եզրակացնել, որ Կառավարության սպասելիքները տնտեսական աճի հարցում չեն կարող իրականանալ: Դեռևս այս տարվա երկրորդ եռամսյակի սկզբից տնտեսական աճի դանդաղումը տարեվերջին սպասվելիք տնտեսական աճի տոկոսը 6,2-ից նվազեցրեց մինչև 4,1%: Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակի սպասվածից ավելի փոքր լինել,  ապա տնտեսական աճը տարեվերջին անգամ 4,1% չի կազմի:
Բերված ցուցանիշների համաձայն այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հանրապետությունում 11,9%-ով նվազել են շինարարության ծավալները, 0,9%-ով առևտրի շրջանառությունը և 0,5%-ով էլեկտրաէներգիայի արտադրությունը: Սպառողական գների ինդեքսը աճ է գրանցել 8,2%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 6,2%: Աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները` համապատասխանաբար 23,3 և 16,7 տոկոսով: Գների ինդեքսի 8,2% աճի համեմատ միջին ամսական աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 5,8 %:
Արմեն Մխեյան

2013-10-19

Համացանցից օգտվող մարդկանց թիվը կհատի 2,7 միլիարդը


 Վերջին քսան տարիների ընթացքում նորագույն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում տեղակատվական ոլորտն ամբողջությամբ փոխեց իր «դեմքը»` դառնալով միլարդավոր մարդկանց առօրյայի անբաժանելի մասը: Այսօր աշխարհը պատկերացնել առանց համացանցի անհնար է: 
  25 տարի առաջ ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ տեմպերով կզարգանա տեղեկատվական ոլորտը, սակայն մեծ հեռանկարի մասին խոսում էին դեռևս նախորդ դարի հիսունականներից, թեև այն ժամանակ գեղարվեստական գրականության գիտաֆանտաստիկ ժանրից այն կողմ չէր կարող անցնել մարդկանց երևակությունը: Տեղին է նշել հետևյալ միտքը. մարդկանց ֆանտազիան սահմանափակվում է այնքանով, որքանով հնարավություն ունի կյանքի կոչել այսօր անհավանական թվացող երևակայականը: 
20-րդ դարավերջը հեղափոխական եղավ համացանցի հայտնագործման առումով:      Մարդկության բաղձալի երազանքը` հնարավորինս արագ ստանալ և տարածել տեղեկատվություն, կարծես թե իրականցավ: Համացանցի տված հսկայական հնարավորություններն անհամեմատելի էին տեղեկատվության տարածման գործում: 1990 ականների կեսերին ստեղծվեցին առաջին սոցիալական հարթակներն ու տեղեկատվական կայքերը, և շատ կարճ ժամանակահատվածում լրագրությունը որպես տեղեկատվության միջոց թևակոխեց զարգացման նոր փուլ: Էլեկտրոնային մամուլն սոցիալական ցանցերի և մուլտիմեդիոն մեծ հնարավորությունների հաշվին սրընթաց զարգացում ապրեց: Համացանցը, սոցիալական ցանցերն ու վիրտուալ աշխարհը շատ կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ «կլանեցին» մարդկությանը: Ըստ ՄԱԿ-ն հրապարակած տվյալի սպասվում է, որ մինչև տարեվերջ համացանցից օգտվող մարդկանց թիվը աշխարհում կհատի 2,7 միլիարդը, և այդ ցուցանիշը կշարունակի աճել: 
 Սոցիալական տարբեր հարթակների և դրանց հանդեպ մարդկության հետաքրքությունը ցույց տալու համար փորձենք համեմատել մի քանի սոցիալական ցանցերում օգատատերերի թվի աճի տեմպը:
  Այսօր տեղեկատվական ոլորտն հասել է իր զարգացման գագաթնակետին, սակայն այդպես թվում է միայն առաջին հայացքից: Երբ հայտնագործվեց հեռախոսը, մարդիկ հավատացած էին, որ այլ հեռահաղորդակցման տարբերակ չի կարող լինել, սակայն ապագան հակառակն ապացուցեց: Այնպես որ վստահ կարելի է պնդել` մարդկությանը մոտ ապագայում նորանոր ձեռքբերումներ են սպասվում: Մենք ապրում ենք հենց այդ ապագայի կերտման ժամանակահատվածում… 

Արմեն Մխեյան

2013-10-17

Թայվան. հզոր տնտեսություն` առանց դիվանագիտության

 
Նյութը պատրաստված է ostarmenia.com կայքի համար

Արևելյան Ասիայի ամենազարգացած պետություններից մեկը համարվող Թայվանը շարունակում է մնալ դիվանագիտական շրջափակման մեջ, որը ստեղծել է իր քաղաքական-տնտեսական մրցակից եղբայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Թեև այդ կղզի-պետության անկախությունը ճանաչում են ընդամենը 23 երկիր, այն շարունակում է իրենից ներկայացնել մեկ այլ` կապիտալիստական Չինաստանը:

Թայվանի անկախությունը ոչ բոլոր երկրներն են ճանաչում և այդ գործում մեծ դերակատարություն ունի պաշտոնական Պեկինը` Թայվան կղզին համարելով ՉԺՀ -ն անքակտելի մաս, չնայած այն հանգամանքին, որ արդեն կես դարից ավել է, ինչ Թայվանը զարգանում է կապիտալիստական ուղղությամբ:
Թայվանը հարավ-արևելյան Ասիայի կղզիներից մեկն է, և մինչ երկրորդ աշխարհամարտը Ճապոնիայի մասն է կազմել, այնուհետ անցել Չինաստանի իշխանության ներքո: 1946 թվականին Չինաստանում  սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով  կառավարող Գոմինդան կուսակցությունը պարտություն կրելով Մաո Ցզե-Դունի կողմից, շտապում է հաստատվել Թայվանում: Կղզի է փոխադրվում երկրի խորհրդարանն ու բոլոր կառավարման օղակները: Մինչ 1970թ-ը ՄԱԿ-ում ընդունված էր համարել,  որ Չինաստանը ներկայացնում է հենց Թայվանի իշխանությունը, որը ոչ մի կապ չուներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ և միայն 1971 թվականին ՄԱԿ-ում Չիանաստանի ներկայացուցչությունը հանձնվեց  ՉԺՀ-ը:
Չինաստանի Հանրապետությունը, որը կազմված է Թայվան կղզուց և հարակից մի քանի փոքր կղզիներից, զբաղեցնում է 36 հազար քկմ տարածք և ունի 23 մլն բնակչություն, որի 98% -ը  չինացիներ են:
Պաշտոնապես շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թայվանն աչքի է ընկնում կիսանախագահական կառավարման համակարգով  և դեմոկրատական սկզբունքների պահպանման հետևողականությամբ: Այստեղ գործում են ավելի քան ութսուն կուսակցություններ:
Թայվանի խոշոր քաղաքներն են` մայրաքաղաք Թայբեյը, Գաուսյոն, Թայնանը,  Թայժուն և այլն: Բնակչության մեծ մասը` 94%-ը, բուդհիզմի, դաոսիզմի և կոնֆուցիականություն հետևորդ է: Պաշտոնական լեզուն չինարենն է:
Կղզի-պետությունը տարածաշրջանում առանձնանում է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով` հատկապես էլեկտրոնային սարքարավորումների և մասերի արտադրանքով: Այստեղ են կենտորնացած համաշխարհային համակարգչային և էլեկտրոնային սարքավորումներ արտադրող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են  HTC, Asus, AU Optronics, TSMC, UMC ընկերությունները, սակայն արդյունաբերության մեջ առաջատար դիրք է զբաղեցնում կիսահաղորդիչների և հեղուկ բյուրեղապակյա էկրանների արտադրությունը
Չունենալով նավթի պաշարաներ` Թայվանը հանդիսանում աշխարհում ամենախոշոր նավթավերամշակող երկրներից մեկը` արտահանելով թերմոպլաստիկ նյութեր, իսկ քիմիական նյութերի արտադրության ոլորտում զբաղեցնում է աշխարհում 9-րդ հորիզոնականը:
 Թայվանն այն բացառիկ պետությունն է, որ ՄԱԿ-ում չունենալով անկախ պետության ներկայացուցչություն, կարողանում է զարգացնել տնտեսությունը` համարվելով աշխարհի ամենազարգացած և կայուն տնտեսություն ունեցող երկրներից մեկը: Պետության համար առաջնային նշանակություն ունի կայուն և զարգացած տնտեսություն ունենալը, քան այլ պետությունների կողմից  իր սուվերենության հաստատումը: Նույնիսկ այն դեպքում, երբ ՉԺՀ-ը ոչ մի կերպ չի ճանաչում Թայվանի անկախությունը, համարվում է այդ երկրի տնտեսական առումով հիմնական գործընկերներից մեկը:
2012թ-ի Արժույթի համաշխարհային հիմնադրամի տվյալներով Թայվանն ավելի քան 904 մլրդ դոլարով եզրափակում է աշխարհում ամենաբարձր համախառն ներքին արդյունք ունեցող 20 պետությունների շարքը և այս ամենն այն դեպքում, երբ «Փոքր Չինաստան» պետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ և ոչ մի զարգացած պետության հետ: ՀՆԱ-ի գերակշիռ մասը` 73%-ը  բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին, 23%-ը  արդյունաբերությանը և միայն 3%-ը գյուղատնտեսությանը
Տնտեսության մեջ, ի տարբերություն հարևան երկրների, գերակշռում է փոքր և միջին բիզնեսը, որն էլ   տնտեսության կայունության և դինամիկ զարգացման երաշխավորն է: Ինֆլյացիան և գործազրկության մակարդակը բավականին ցածր են, իսկ տնտեսական աճն արդեն երեսուն տարի շարունակ պահպանում է տարեկան  միջինը 4% աճ:
Չինաստանի Հանրապետության  բնակչության կյանքի որակը բավականին բարձր է գնահատվում, իսկ մեկ բնակչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը տասնմեկ անգամ բարձր է, քան  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեպքում:
Հաշվի առնելով տնտեսական պոտենցիալն ու համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարությունը` կարելի է պնդել, որ այս պետությունը մոտ ապագայում կկարողանա պահպանել նույն դիրքերն ու մնալ ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային տնտեսության մեջ լուրջ դերակատարում ունեցող երկրներից մեկը` պաշտոնապես դիվանագիտական  հարաբերություններ չունենալով անգամ տնտեսապես դաշնակից երկրների հետ:
Արմեն Մխեյան