2016-09-09

Գիտեմ




Գիտեմ՝ երբ նորեն տեսնեմ քեզ,
Սիրտս սիրուց ուժգին կզարկի,
Ու այնտեղ եղած մենության ցավը,
Իսպառ կվերանա կրկին....

Գիտեմ՝ երբ նորեն տեսնեմ քեզ,
Սիրո երազը կպարուրի ինձ,
Ու այրող կարոտից նորից,
Աչքերս արցունքով կլցվի...

Գիտեմ՝ կորցրած հուշերիս համար
Սրտումս զղջում կլինի.
Հուշեր, որ իրական էին այնժամ,
Երբ կողքիս էիր դու...

Գիտեմ՝ քեզ նորեն կգրկեմ
Ու քո ջերմության կարոտից,
Սրտումս ներում կլինի այդժամ
Ու մի նոր կրակ կվառվի...

Գիտեմ՝ մեր հանդիպումից հետո
Կրկին կգնաս հեռու՜-հեռու՝
Իմ սիրող սրտում թողնելով
Քեզնից անմոռաց նոր հուշ...

#ԱրմՄխեյան


2016-09-02

Կիսահույս սպասում



Կիսաբառ շշնջյուն` Սիրում եմ քեզ...
Փոքր-ինչ ջերմություն կիսամութում, 
Ու սիրո անավարտ խոստովանություն 
Կիսալույս հանդիպման ժամանակ...

Ու բաժանում՝ կիսահույս սպասումով, 
Քեզ նորից տեսնելու մեծ կարոտով, 
Անավարտ խոսքս քեզ հասցնելու, 
Կիսասեր սերն ամբողջացնելու հույսով...

Ասելու՝ փոքր-ինչ ջերմությունը քիչ է, 
Կես-սերը դեռ ամբողջական չէ, 
Փոքր-ինչ փաղաքշանքը դեռ ամենը չէ` 
Մեր սերն ամբողջացնելու համար...

Ու քեզ տեսնելու կիսահույս սպասում, 
Դեռ կա կիսալույս հավատ, որ կարող ես 
Ամբողջացնել կիսասեր կյանքը մեր. 
Միայն կես քայլ, ու ես կանեմ ամբողջը... 

Կիսամութ ճամփին կիսահույս հավատով, 
Կիսացավ հոգով կանգնած եմ դեռ՝
Համբերատար սպասումով քո կիսաքայլին. 
Կիսահույս սպասում՝ անավարտ ուղու վրա...

ԱրմՄխեյան