2017-08-26

Գուցե

Գուցե կարողանամ աչքերս փակել,
Քեզ չտեսնել, հայացքդ չտեսնել,
Որ չմատնեմ հանկարծ սերս մեծ:
Գուցե կարողանամ լռեցնել լեզուս,
Որ անունդ հանկարծ չտա բարձրաձայն,
Որ չլսեմ ու չկրկնեմ անունդ նորից:
Գուցե կարողանամ սրտիս տրոփյունը
Խլացնել ամբոխի աղմուկի մեջ մնալով,
Որ ինքս էլ չզգամ՝ ինչպես է բախախում
Ամեն անգամ, երբ քեզ եմ տեսնում նորեն…
Բայց ինչպե՞ս, ասա՛ ինչպե՞ս վարվեմ,
Ինչպե՞ս հոգիս փակեմ վանդակում,
Որ ամեն րոպե չսավառնի դեպի քեզ,
Որ միտքս իր հետ քեզ մոտ չբերի,
Ինչպե՞ս հոգիս քեզնից հեռու պահեմ,
Երբ` ասես հոգիս ես 
դու 

                                                                  Արմ Մխեյան



2017-08-17

Իմ սեր



Քեզ եմ վստահել իմ սրտի գաղտնիքը միայն,
Քո սիրով ապրել եմ ու թաքուն պահել ամենից,
Քանզի սիրել եմ՝ չսպասելով պատասխանի,
Բայց հիմա մեծ կարոտ կա իմ հոգում՝
Գեթ մեկ վայրկյան քեզ տեսնելու կարոտ…

Քեզ սիրում եմ ու տալիս եմ սերն անսահման,
Քո սերն է կյանք տալիս ու լուսավորում
ուղիս,
Քեզ սիրելով է հոգիս ջերմությամբ լցվում,
Բայց մի մեծ կարոտ կա իմ սրտում՝
Քեզ սիրելու թույլտվության…
 
Միայն թույլ տուր, սիրելիս, քեզ սիրել նորից,
Թեպետ անպատասխան. մի՛ վանիր ինձ,
Միայն մի թող ինձ միայնակ ու քեզնից հեռու,
Դո՛ւ ես կյանքն իմ այս աշխարհում,
Քեզ սիրելով է բաբախում սիրտն իմ... 


2017-08-15

Կոտրված խաղալիքը


Մի կերպ կարողացա հաղթահարել դռան դիմաց գոյացած ձյան ու սառույցի կույտը և մոտենալ դռանը: Բակում անտանելի ծխի հոտ էր տարածված, ու երբ հայտնվեցի դռան մոտ, միայն այդ պահին նկատեցի. դռանը կից նեղ պատուհանման անցքից դուրս էր ցցված վառարանի ծխատարը, և ծուխն ուղիղ դռան կողմն էր գալիս, իսկ մի մասն էլ կիսաջարդված ապակուց նորից ներս լցվում: Տանն ավելի հեղձուցիչ օդ էր: Հենց դռան մոտ՝ միջանցք հիշեցնող նեղ հատվածում վառվում էր տունը ջեռուցող միակ վառարանը: Վառվող աթարի ու խոնավության հոտին միացել էր վառարանի վրա դրված տապակայում գրեթե կիսավառված մակարոնի հոտը: Վառարանի կողքն էին հավաքվել տան չորս փոքրիկները ու անմիջապես թավայի միջից ձեռքով վերցնում էին մակարոնի կիսավառ ձողիկներն ու խրթխրթացնելով ծամում: Նման անսպասելի տեսարանից ապշած չգիտեի ինչ անել:
-Ձեթը պրծելա, - բացատրեց կորացած մեջքով բավական ծեր երևացող, բայց հազիվ վաթսունին մոտ կինը, - ասի մի բան սարքեմ ծամեն, մինչև մերը գա:
Ապա առաջարկեց մյուս սենյակ գնալ: Հյուրասենյակը, որ միաժամանակ նաև ննջարան էր, ոչնչով չէր տարբերվում միջանքից: Երեխաներից մեծը, որ հազիվ ինը- տաս տարեկան լիներ, չգիտես որտեղից հինգ-վեց կոնֆետ գտավ ու մեկնեց ինձ: Չգիտեի՝ արդյո՞ք ճիշտ կլիներ վերցնել, թե մերժել. այնուամենայնիվ վերցրի ու աննկատ դրեցի կիսաթեք փոքրիկ սեղանի անկյունում:
Մեծը, որ կոնֆետ էր հյուրասիրել, առաջարկեց դուրս գալ ու գնալ իր փոքրիկ տնակը: Անմիջապես համաձայնվեցի ու հապճեպ դուրս եկա հյուղակից՝ դռան մոտ սառույցի կույտի վրայով մի կերպ ցատկելով: Տանից ոչ հեռու՝ մեքենայի մետաղյա կմախք էր դրված, որ գրեթե բոլոր կողմերից ծածկված էր կարկատած կտորներով ու ցելոֆանով:
-Ամառը էստեղ եմ ճաշ սարքում, հիմա էլ գրքերս եմ պահում, - բացատրեց նա:
-Ինչու՞ տանը չես պահում գրքերդ, էստեղ կփչանան, համ էլ ցուրտ է:
-Փոքր ախպերս վառումա, որ տաքանա, - աձյալը մի կողմ տանելով բացատրեց նա:
Մի անկյունում խաղալիքներ էին թափված, իսկ մյուս կողմում շարքով դասավորված էին գրքերը, տետրերը, կիսամաշ ու պատռված պայուսակը:
Ամեն ինչ կոկիկ դասավորված էր, բացի խաղալիքներից, որոնց մեծ մասը կոտրված էին:
-Ինչո՞ւ սրանք էլ չես հավաքում, կամ նորոգում, տես կարող ենք սա կպցնել, - ցույց տվեցի ես:
-Ես շուտվանից խաղալիքներով չեմ խաղում...