Խմբագրեց Արամ Հովակիմյանը
Արևի շողերը կորան հորիզոնում: Ամառվա տապին փոխարինեց երեկոյի զով քամին ու սկսեց խաղալ վարագույրի հետ: Փոքրիկ խոհանոցի դռան մոտ նստած դեռատի կինը կարծես չէր էլ նկատում ո՛չ քամուց փողփողող վարագույրը, որ փորձում էր ամեն կերպ դուրս պրծնել բաց պատուհանից, ո՛չ էլ իրեն պարուրած մթությունը: Ականջներում դեռ լսվում էր ամուսնու ահասարսուռ ձայնը` անառա՜կ, անառա՜կ…Լավ է, գոնե երեխան այս անգամ տանը չէր, ու հերթական անգամ չտեսավ ինչպես է հարբած հայրը բռունցքներով հարվածում մորը:Արդեն մեկ ժամ կլիներ, ինչ Մարինեն վախից կուչ էր եկել փոքրիկ աթոռակին: Ոտքերն այլևս չէր զգում: Հին կապտուկների կողքին նորերն էին առաջացել: Ամուսնու աքացիները առաջինը ոտքերին էին հասնում, հետո գործի էր դնում ձեռքերը` արդեն դեմքին հարվածելու համար: Իսկ այսօր՝ անգամ դանակը: Ուսին ստացած վերքից արյունը կարծես դադարել էր, բայց ցավը` ոչ:Մարինեի գլխում նորից նույն հարցն էր: «Որտե՞ղ եմ սխալվել, ո՞րն է իմ մեղքը»,- բայց պատասխան չէր գտնում արդեն մի քանի տարի շարունակ:Մարինեն ու Արտեմն ամուսնացել էին հինգ տարի առաջ: Պատահական հանդիպում, ծանոթություն և մտերիմ հարաբերություններ: Մարինեն Արտեմին սիրել էր ամբողջ սրտով, ու երբ Արտեմն օրերից մի օր ամուսնության առաջարկ էր արել, միանգամից համաձայնությունը տվել էր` անգամ կիսատ թողնելով ուսումը: Ամեն ինչ սկսվեց ամուսնությունից մեկ տարի անց: Նոր ու գայթակղիչ աշխատանքի առաջարկը ստիպեց Արտեմին թողնել մշտական գործն ու միանալ վաղեմի ընկերոջը: Հենց նույն օրն էլ Արտեմը տուն եկավ ալկոհոլի ազդեցության տակ ու այնուհետ նման իրավիճակները դարձան շարունակական: Մարինեն վստահ էր, այստեղ միայն ալկոհոլը չէր, վերջերս նկատել էր, որ Արտեմի մոտ անգամ թմրանյութեր կան: Ցանկացած դիմակայություն ավարտվում էր ծեծով: Մարինեն պարտավոր էր ծպտուն չհանել, հակառակ դեպքում ծեծն ավելի ուժգին կլիներ: «Իսկ սե՞րը,- հաճախ հարցնում էր ինքն իրեն Մարինեն,- ո՞ւր կորավ սերը»: Մարինեն հավատալ չէր կարողանում, որ Արտեմը այն նույն մարդն է, որին սիրել է տարիներ առաջ: Երբ սթափվում էր, լսել չէր ուզում արածների մասին, բայց տեսնելով Մարինեի մարմնի կապտուկները, ներողություն էր խնդրում, սակայն երկու օր հետո նորից նույնը: Արտեմի գրպանում միշտ գումար կար, այն էլ բավականին շատ, բայց Մարինեն ոչ մի լումա այդ գումարից չէր տեսնում: Գումարներն անհասկանալի գալիս էին ու գնում:«Ի՞նչ անել, այս իրավիճակից դուրս գալու համար»: Այս հարցը ամեն անգամ տալիս էր իրեն, բայց պատասխան չկար: Միակ հարազատը քույրն էր, որի օգնությանն էլ ամեն անգամ դիմում էր:Քաղաքային հեռախոսի ուժեղ զանգն ուշքի բերեց Մարինեին: Մթութան մեջ խարխափելով որքան հնարավոր է շուտ հասավ ու բարձրացրեց լսափողը: Վախվորած հայացք գցեց ննջարանի ուղղությամբ, վստահ լինելու համար, որ Արտեմը քնած է ու նոր միայն խոսեց.-Ալո:-Մարի՞ն, ո՞նց ես,- լսվեց Լուսինեի հուզված ձայնը,- ես էլ սպասում էի որ գաս Անուշիկի հետևից:-Կլինի՞ այսօր մոտդ մնա, վաղն առավոտյան կգամ, - ցածրաձայն խոսեց Մարինեն:Լուսինեն Մարինեի հարազատ քույրն էր ու անմիջապս հասկացավ, որ մի բան այն չէ: Նա լավ գիտեր, որ Մարինեն հաճախ չէր խոստովանում այն խնդիրների մասին, որոնք կային իր ու Արտեմի միջև: Ամեն անգամ համոզում էր քրոջը ամուսնալուծվել, վերցնել երեխային ու հեռանալ Արտեմից, բայց Մարինեն պնդում էր, որ նման քայլի չի կարող գնալ և երեխային չի կարող իր հետ փողոց հանել:-Ի՞նչ է պատահել, Մարին,- Լուսինեի ձայնն ավելի վախեցած երանգ ընդունեց:-Ոչ մի բան չի եղել, գործով էի ընկել, չնկատեցի մութն ինչպես ընկավ:-Արտեմը տա՞նն է:-Հա, քնած է:-Ես հիմա կգամ ու Անուշիկին հետս կբերեմ…-Չէ, չէ, -շտապեց ընդհատել քրոջը Մարինեն, - լավ կլինի մնա, ես վաղը կգամ ու կբերեմ տուն:-Նորից նա է մեղավոր, չէ՞, նորից կռի՞վ է արել:-Ասում եմ արդեն քնած է: Տուր հեռախոսն Անուշիկին` երկու բառ ասեմ:Վայրկյաններ անց Մարինեն լսեց դստեր ձայնը:-Մա՞մ, ե՞րբ ես գալու:-Վաղը կգամ, դու այսօր մնա մորքուրի մոտ, խելոք մնա, լսիր մորքուրին, լա՞վ…Մարինեն սկսկեց հեկեկալ ու ձեռքով փակեց խոսափողը, որպեսզի երեխան չլսի լացի ձայնը:-Գիտե՞ս, ինձ նոր տիկնիկ են նվիրել,- շարունակեց փոքրիկը,- գամ՝ միասին կընտրեք անունը:-Հա անպայման, բալես: Մորքուրին ասա, որ քեզ պառկեցնի: Աչքերդ փակես բացես առավոտ կլինի, բարի գիշեր…Մարինեն չկարողացավ զսպել լացն հեռախոսը կախեց:«Ների՜ր, փոքրիկ»:
***
Փողոցում ձեռքերը խաչած կինը մոտենում էր նստարանին, մի պահ նստում ու հետո դանդաղ քայլերով մոտենում հաջորդ նստարանին: Ամառային տապից հետո քաղաքի զովությունը շատերին էր ստիպել փողոց դուրս գալ ու շուրջը մարդաշատ էր:Ինքն էլ հավանաբար չգիտեր՝ ո՛ւր է քայլում: Գլխում հազարավոր հարցեր էին, որոնց ուզում էր րոպե առաջ պատասխան գտնել, սակայն պատասխաններ չկային: Կյանքում ամենակարևոր հարցերն անգամ կարող են պատասխաններ չունենալ: Մարինեի հոգում այնպիսի հուսալքվածություն էր, որ կարծես ոչ մի արժեք չէր մնացել: Անգամ սեփական կյանքն ու դստեր ապագան նրա համար ոչինչ էր թվում հիմա:Լուսինն իր ողջ նազանքով շղարշվում էր ամպի քողի տակ, ապա նորից հայտնվում ու արծաթավուն լույսը խառնում փողոցի լուսարձակների լույսի հետ:Դեռ շատ լույս կա, իսկ ինքը չի ուզում երևալ: Ուզում է անհետ կորչել գիշերվա մշուշում, չտեսնել ոչ մեկին և ոչ էլ, որ իրեն տեսնեն: Գիշեր` ողողված լուսնի կաթնագույն լույսով. դու կունենաս սկիզբ, բայց քանի հոգիներ կտանես քեզ հետ: Գիշերվա ավարտը լուսաբացն է, նոր օրվա սկիզբը. սա էլ ապացույցը նրա, որ ամեն ավարտ նորի սկիզբն է: Ամեն օր բնությունը մեզ ցույց է տալիս, որ ժամանակն անվախճան է, թեպետ այն հաճախ է սիրում կրկնվել, սակայն որքան էլ փորձի նույնությունը պահել, միևնույն է գտնվում է մի մանրուք, որ նման չի լինում նախորդ կրկնությանը, դրանով ամենը դառնում է յուրահատուկ և արտասովոր: Մարինեն վստահ էր` մահը միայն նորի սկիզբը կարող էր լինել:«Այսպես ապրել անհնար է: Նա վերջնական խորտակեց իմ ու դստերս կյանքը»:Հեռվում լսվեց շան կաղկանձը, որ տարածվեց շուրջն ու իրենից հետո թողեց էլ ավելի չարագուշակ լռություն: Մարինեն շոշափեց գրպանը խցկած թղթի կտորը: Այն վերջին խոսքն էր, որտեղ Անուշիկի դաստիարակությունը վստահում էր միայն քրոջը:«Իմ մահը կլուծի ամենամեծ խնդիրը: Դու չես լինի իմ ու դստերս կողքին»:Լուսինը թաքնվեց ամպի ետևում: Մարինեն հիշեց ինչպես էր տատիկը լուսնյակ գիշերվա երկնքին նայելով ասում, որ հենց Լուսինը կորում է ամպի ետևում, այդ պահին ուրվականներն իրենց պարն են սկսում, իսկ բարի հոգիներն աստղերի տեսքով փորձում են պատռել ամպի քողն ու նորից Լուսնի լույսը տարածել: «Դու շատ նման ես քո մայրիկին»,- անընդհատ կրկնում էր տատիկն ու համբուրում ճակատը: Ամեն անգամ, երբ լսում էր այդ խոսքերը, փորձում էր հիշել մայրիկին, սակայն դեռ փոքրուց հիշողության մեջ դաջվել էր նրա ժպտացող աչքերը միայն:«Միայն թե իմանայիր ինչերի միջով եմ ստիպված եղել անցնել, բայց մնաց անցնել մեկ փորձություն ևս՝ վերջինը… Գուցե ամեն ինչ այլ լիներ, եթե լինեիր իմ կողքին, բայց չկաս, անգամ իմ մանկության հուշերում քեզ փնտրել չեմ կարող»:Հիմա ինքը միայնակ կանգնած էր կամուրջի կենտրոնում: Վերևում անհամար աստղերն էին, իսկ ներքևում` ձորում թրթռացող լույսերը: Վարարած գետի խշշյունը ականջին էր հասնում, ու վախով լցնում հոգին:Կամուրջի ճաղաշարքն անցնելն այդքան էլ բարդ չէր, բայց սարսափելի էր դեմ հանդիման կանգնել անհուն մթությանը: Հիմա ձորում թրթռացող լույսերը սարսափելի էին թվում: Դեմքով դեպի անդունդը կանգնելով` երկու ձեռքով ամուր բռնեց ճաղաշարքից: Զգաց, որ կոշիկների միայն մի մասն է, որ կամուրջի վրա է ու վախից փակեց աչքերը: Մի պահ թվաց ամեն ինչ վերացավ: Չկար կամուրջը, ու նա կանգնած էր ոչ թե բազրիքից այն կողմ, այլ լեռան գագաթին: Շուրջը աստղեր կային, բայց միաժամանակ ցերեկ էր ու գետի խշշոցին միախառնվում էր թռչունների ճռվողյունը: Քամին հարվածեց դեմքին ու սթափեցրեց` ստիպելով բացել աչքերը: Առջևում նորից խավարն էր, խավարից եկող ու հիմա սարսափազդու խշշյունը, որ պատրաստ էր կլանել իրեն, բայց այն արդեն իրեն չէր վախեցնի: Կնոջ դեմքին հայտնվեց տարօրինակ ժպիտ: Մատները թուլացան ու գրեթե ազատվեցին ճաղաշարքից…-Սպասի՛ր, - լսվեց տղամարդու ձայն,- խնդրում եմ սպասի՛ր: