2016-04-17

Սահմանագծին

Խմբագրեց Կարեն Սարգսյանը

Ի հիշատակ սահմանին հերոսաբար զոհված 
հայ մարտիկների...


Շան ոտնահետքերով

Գարնանային տաք ու վարար անձրևն անմիջապես ցեխի վերածեց փոքրիկ գյուղի գրեթե բոլոր փողոցները: Դպրոցից տուն շտապող աշակերտներից շատերը մի լավ թրջվեցին, բայց տաք անձրևը նաև հաճելի էր: Նրանց մեջ էր նաև Հայկը: Հազիվ տաս-տասնմեկ տարեկան լիներ, բայց իր տարիքից ավելի մեծ էր երևում, ավելի ամրակազմ էր, քան մյուս դասընկերները: Դասարանի ավագն էր ու դպրոցի լավագույն աշակերտներից մեկը:
Դպրոցը գյուղի ծայրամասում էր` ձորին առավել մոտ: Հայկը խմբից հաճախ էր առանձնանում ու զգուշացնում, որ այդքան շատ ձորին չմոտենան: Չէ՞ որ գյուղի ամեն բնակիչ գիտեր` ձորին մոտենալ չի կարելի, ոչ միայն նրա համար, որ կարող էին ընկնել անդունդը, այլև ձորից այն կողմ մեկ այլ պետության սահման էր՝ հակառակորդ պետության:
Որքա՜ն պատմություններ էր լսել Հայկը դեռ չավարտված պատերազմի, թշնամու ու իրենց գյուղի մարտիկների մասին, որ արյան գնով պահել էին գյուղը: Բնական պատնեշից այն կողմ հստակ ուրվագծվում էին երկար ու տարօրինակ փոսեր, որ ասես գութանով քաշված ակոսներ լինեին, պարզապես ավելի խորն ու երկար: Ինչպես մի անգամ ասել էր հայրիկը, դրանք խրամատներ էին, սահմանապահ զինվորների դիրքերը, որ պահպանում էին ու հսկում ոչ միայն գյուղը, այլև ամբողջ պետությունը:
Հայկը, որ միշտ ուշադիր էր դասընկերների հանդեպ, նորից զգուշացրեց, որ չմոտենան անդունդի մոտ գտնվող թփուտներին: Դասարանի ավագն էր ու որոշակի պատասխանատվություն էր կրում դասընկերների և դասընկերուհիների ապահովության համար, բայց երբ թաց հողի վրա նկատեցեց շան ոտնահետքեր, ինքը խախտեց պայմանը և սկսեց գնալ շան հետքերով: Հետքերից պարզ երևում էր, որ փոքրիկ շնիկը մոլորվել է. հանկարծ անդունդը չընկնի:
-Հայկո՞, դու մեզ ես ասում ու ի՞նքդ գնում ձորի մոտ, - թիկունքից լսեց Գևորգի ձայնը: -Ի՞նչ է եղել:
-Ոչ մի բան, ուղղակի նայում եմ, - շրջվեց Հայկը` լավ իմանալով, որ լավագույն դասընկերն իրեն հաստատ մենակ չէր թողնի: Հայկը ոչինչ չասաց իր տեսածի մասին մասին, և երբ դասընկերների խումբն արդեն բավական հեռացել էր, նորից հետ եկավ: Թաց հողի վրա հետքերն արագ անհետանում էին անձրևից, բայց Հայկի համար դժվար չէր հստակ նկատել հետքերը, որ թփուտների միջով տանում էին դեպի անդունդը: Հայկը զգուշությամբ մի կողմ տարավ խիտ ճյուղերն ու սկսեց կամաց-կամաց իջնել վար: Նա լավ գիտեր, որ ծնողները մի լավ կբարկանան, երբ իմանան, որ ինքը միայնակ իջել է ձոր, բայց փոքրիկ քոթոթին գտնելու և փրկելու հույսը ուժ էր տալիս: «Համ էլ երկու օրից ծնունդս է, սա էլ լավ առիթ կլինի տատիկին համոզելու համար, որ շունիկին պահեմ»:
Ինչպես իր տարիքի շատ երեխաներն, այնպես էլ Հայկը արդեն քանի տարի շարունակ խնդրում էր, որ տանը շուն պահեն, բայց տատիկն ամեն անգամ դեմ էր: «Էդ չորքոտանի գայլի բարեկամից ոչ մի օգուտ չկա», - ամեն անգամ ասում էր տատը:
Տարված հետքերով` Հայկը չնկատեց, որ բավական հեռացավ, ու գրեթե անցել էր ձորի կեսը: Ներքևից արդեն լսվում էր գետակի ձայնը, ու միայն այդ պահին Հայկը նկատեց, որ իր սպասվածից ավելին է անցել, իսկ շան ոտնաթաթերի թողած հետքերը դեռ շարունակում էին իրեն տանել ներքև: «Եթե այսքան անցել եմ, ուրեմն պետք է մի փոքր էլ գնալ», ինքն իրեն մխիթարեց Հայկն ու շարունակեց վար իջնել թաց զառիթափով: Պայուսակն ավելի էր դժվարացնում.  ծանր էր, ու մեջքն արդեն ցավում էր ծանր գրքերից:
Շան հետքերը կորան մոտակա թփուտների մեջ: «Վերջ այստեղ էլ նայեմ ու հետ գնամ»: Հազիվ էր մոտեցել թփուտներին, երբ ականջին հասավ կաղկանձի նմանվող ձայն: Երեխայի դեմքին փայլեց ժպիտը: Ճակատից սրբելով անձրևի կաթիլները` զգուշությամբ մի կողմ տարավ ճյուղերը: Մեկ վայրկյան անց ինքն իր աչքերին չէր հավատում: Թփուտների մեջ մոլորված ձագուկը ոչ թե շան քոթոթ էր, այլ գայլի ձագ:



Հետապնդում

Գայլուկը հազիվ մեկ ամսեկան լիներ: Զարմանալի էր, որ շրջապատում համագյուղացիները գայլ վերջին շրջանում չէին նկատել, այդ դեպքում այս գայլի ձագն ինչպե՞ս է հայտնվել այստեղ: «Իսկ գուցե գայլ չի» մտածեց Հայկն ու նորից ուշադիր զննեց ձագուկին: Ո՜չ, անկասկած գայլ է: Ողջ մարմինը պատված էր մոխրագույն մազածածկույթով, իսկ դնչի մոտ ավելի մուգ էր ու սևին էր տալիս: Ականջներն էլ դեռ ամբողջովին չէին ամրացել: Մինչ Հայկը փորձում էր ուսումնասիրել իր գտածոն, գայլուկը մոտեցավ ու սկսկեց վնգստալ, ապա ատամներով քաշել տաբաթից:
-Այ թե գայլ ես, հա՜,- ծիծաղեց Հայկը, տեսնելով, որ իր նոր բարեկամը ավելի շուտ խաղ է անում, քան փորձում հարձակվել, բայց այն հարցը, թե ինչպե՞ս է գայլուկը հայտնվել այստեղ, շարունակում էր տանջել նրան: «Երևի մոլորվել է, կամ էլ վախենալով երեխաներից՝ փախել»,- եզրակացրեց Հայկն ու փոքրիկ գիշատչին գրկեց` թփուտից այն կողմ տանելու համար: Ամենաշատը մեկ մետր այն կողմ հսկա խորխորատ էր բացվում: Ձագուկը կարող էր ընկնել: Հայկը մի պահ սկսեց մտածել, թե ի՞նչ է անելու ձագուկի հետ, երբ վերադառնա: Եթե շունիկ լիներ, գործը հեշտ կլիներ, բայց այս դեպքում ձագուկը գայլ է:  Երկար մտածելու ժամանակ չկար, պետք էր նորից վեր մագլցել ու ձագուկին հանել անդունդից, հետո էլ տանել անտառ ու բաց թողնել: Այդպես գոնե օգնած կլիներ փոքրիկին: Հիմա մնում էր նորից վեր մագլցել: Մինչ այդ ուսից կախված էր ծանր պայուսակը, հիմա էլ ավելացել էր գայլի ձագը, իսկ զառիթափը բարձրանալն էլ ավելի դժվար էր, քան թվում էր: Հայկը որոշեց գայլուկին տեղավորել պայուսակի մեջ ու նոր բարձրանալ: Բարեբախտաբար բավական տեղ կար, ու հնարավորինս հարմար տեղավորելով փոքրիկին պայուսակի մեջ, փորձեց շարունակել վերելքը: Գայլուկը գլուխը դուրս էր հանել պայուսակից, ու գուցե վախից, կամ չոր տեղում հայտնվելուց, ավելի հանգիստ էր, քան մինչ այդ:
Արդեն տաս րոպե կլիներ Հայկը տանջվում էր վեր բարձրանալու համար, բայց տեղացող անձրևը, ու թեք զառիթափն ամեն գնով խոչընդոտում էին վերելքին: Դեռ մի քանի մետր էր բարձրացել, երբ դիմացը հայտնվեց հերթական ապառաժը: Հայկը հասկացավ, որ ինքը շեղվել է իր եկած ճանապարհից և հիմա ստիպված է նոր ու ավելի հարմար ուղի գտնել վեր բարձրանալու համար, բայց մինչ թաց խոտերի վրա նոր ուղի բացելը, փորձեց համոզվել, որ գայլուկը պայուսակում լավ է տեղավորված ու չի ընկնի: Գայլուկն իրեն այդքան էլ վատ չէր զգում, անգամ փորձում էր գլուխն էլ տեղավորել պայուսակի մեջ, բայց էլ տեղ չկար: Հայկը պայուսակը դրեց դիմացը ստուգելու համար՝ արդյո՞ք գայլուկի հետ ամեն ինչ նորմալ է: Հանկարծ ականջին հասած ձայնը ստիպեց, որ գլուխը վեր բարձրացնի: Հենց անմիջապես իր դիմացը վեր խոյացող ապառաժի վրա կանգնած էր հսկա մի գայլ: Հայկը վախից քիչ մնաց ճչար, բայց այստեղ, այս անձրևին, այն էլ ձորի մեջ նրան հաստատ ոչ ոք չէր լսի: Միակ ելքը փախուստն էր և որքան հնարավոր էր արագ: Գայլը, որ հավանաբար ձագուկի մայրն էր, մեկ ցատկով կարող էր հասնել իրեն: Պայուսակն արագ վերցնելով` սկսկեց վազել զառիթափով ներքև, որքան հնարավոր է արագ և ուր աչքը կտրի
Հետևից լսեց գայլի ցատկի ձայնը:
Թռավ` անցավ Հայկի մտքով, բայց անգամ հետ չնայեց: Ամուր գրկելով պայուսակը` հիմա նա հնարավորինս արագ վազում էր դեպի գետը: «Եթե հասցնեմ գետն անցնել, գուցե կարողանամ փախնել»,- մտածում էր Հայկն ու հիմա միակ նշանակետը դարձել էր գետը, բայց դեռ երկար ու բավական թեք ուղի կար անցնելու: «Հանկարծ չընկնեմ»,- անընդմեջ կրկնում էր Հայկը ու շարունակում վազել` անգամ չտեսնելով, թե ինչ կա դիմացը: Հանկարծ ոտքը խրվեց անձրևից ավելի փափկած հողի մեջ: Հայկը, կորցնելով հավասարակշռությունը, սկսեց գլորվել վար: Չգիտես ինչու, պայուսակն ավելի ամուր սեղմեց իրեն ու գոռաց. նախ ոտքի սուր ցավից, ապա արդեն ընկնելու վախից: Երեխան մի քանի վայրկյան գլորվելով՝ ավելի մեծ ճանապարհ անցավ, քան ոտքով վազելիս: Միայն մեկ ու մեջ, երբ գլորվելիս գլուխը թեքվում էր դեպի վեր, տեսնում էր իրեն հետապնդող գայլին, որ առնվազն մի քանի մետր էր իրենից հեռու: Պայուսակը ամուր գրկած ավելի քան երեք մետրից վայր ընկավ: Բարեբախտաբար թեքությունը փոքր էր ու գլորվելն ավարտվեց, թեպետ վայրէջքը բավական ցավոտ էր: Հազիվ էր աչքը բացել, երբ ապառաժի կատարին երևաց մայր գայլը: Ցատկել դեռ չէր համարձակավում, բայց սարսափելի  էր տեսնել հայացքը, որը Հայկի մոտ կասկած չառաջացրեց` հիմա կթռնի: Հայկն արագ ոտքի կանգնեց: Պայուսակում ձագուկը անհանգիստ շարժվում էր` հավանաբար փորձելով դուրս գալ: Հայկը հայացք գցեց շուրջը՝ ելք գտնելու հույսով, բայց փոքրիկ, հարթ տարածքը, որն ընդամենը երկու ոտնաչափ լայնություն ուներ, իսկական թակարդ էր: Մի կողմից բարձր ապառաժն էր, մյուս երեք կողմերում՝ անդունդը: Մայր գայլը անշեղ հայացքով հետևում էր այլևս փախչելու հնարավորություն չունեցող զոհին:
Հայկը փորձեց դանդաղ շարժումներով պայուսակից դուրս հանել գայլուկին` հույս ունենալով այդ կերպ մեղմել գայլի զայրույթը, բայց մայր գայլն անգամ չշարժվեց` պատրաստ լինելով ամեն վայրկյան ցատկի: Հայկի համար սարսափն ավելի էր մեծանում ամեն ակնթարթի հետ: Եթե գայլը ցատկի ու հայտնվի այստեղ, ապա նրանցից միայն մեկը ողջ կմնա, ու դժվար թե ինքը: Հնարավորինս դանդաղ փորձեց հետ քայլել, ընդամենը մեկ քայլ այն կողմ արդեն խորխորատն էր: Ցատկելն առնվազն հիմարություն կլիներ: Հայկը լավ գիտեր. գայլերը մենակ չեն լինում, շուտով կգան մյուսներն ու ամեն ինչ էլ ավելի վատ կլինի: Երեխան հերթական քայլն արեց դեպի անդունդը: Հանկարծ ոտքերի տակ ինչ-որ ձայն լսվեց ու անմիջապես ոտքը հետ տարավ: Գայլը երեխայի  կտրուկ շարժմանը պատասխանեց ավելի հարձակողական դիրք ընդունելով:
Հայկի ոտքերի տակ մի բան շարժվեց, ու մեկ վայրկյան անց Հայկը զգաց՝ ինչպես ոտքի տակից քարը, որ ամուր էր թվում, մի կողմ գնաց: Հայկի ճիչը միախառնվեց տարօրինակ աղմուկի հետ: Հայկը հասցրեց միայն նկատել, որ ընկնում է, գահավիժում իր ոտքերի տակ բացված անդունդի մեջ…



Անլույս խավարում

Խոնավության հոտն ու դեմքին տաք լեզվի դիպչելը ստիպեցին, որ Հայկն աչքերը բացի:
Մթության մեջ զգաց, որ գայլի ձագուկը լիզում է դեմքը: Հայկը հայացք գցեց շուրջը, բայց խավար մթության մեջ շատ բան տեսնել հնարավոր չէր:
-Էս ի՞նչ տեղ է, - չկարողացավ զարմանքը զսպել Հայկը` գայլի ձագուկին մի կողմ տանելով:
Մի քանի վայրկյան անց պատկերն ամբողջացավ: Ինքն ընկել էր ինչ-որ տարօրինակ փոսի մեջ, իսկ վերևից փլված քարերը ծածկել էին արդեն առաստաղի վրա բացված անցքը: Վերևում տեղ-տեղ երևում էին լույսի մասնիկներ, որ ներս էին թափանացում բաց մնացած անցքերից, ու դատելով  այդ լույսի փոքրիկ աղբյուրներից, անձավի առաստաղը մի քանի անգամ ավելի բարձր էր Հայկի հասակից: Երեխան մի քանի րոպե դեռ պառկած էր, մարմնի վրա զգալով ոչ միայն պայուսակի, այլև հողի ու քարերի կույտի ծանրությունը:  Հանկարծ հիշեց այն ամենն, ինչ կատարվել էր մինչ այստեղ հայտնվելը: Հայկը վախվորած հայացք գցեց հնարավորության դեպքում տեսնելու` արդյո՞ք գայլը, որի պատճառով ինքն այս վիճակում է հայտնվել, իր հետ միասին չի ընկել այս անձավի մեջ: Թեպետ առաջին հայացքից անձավ, բայց մյուս կողմից  անձավը կամարակապ կառույցի տեսք ուներ էր, մետրոյի կայարանի պես, այն կայարանների առաստաղների նման, որ կան Երևանում: Հայկը վերջապես ոտքի կանգնեց, թափ տվեց հագուստը: Կարծես վնասվածք չուներ, միայն մի քանի քերծվածքներ ձեռքերին, իսկ վերնաշապիկի սպիտակից ոչինչ չէր մնացել, այն լրիվ սևին էր տալիս ու հասցրել էր մի մեծ պատռվածք ստանալ:
«Տատիկի ձեռքից չեմ պրծնի» - անցավ մտքով, երբ հիշեց` ինչպես առավոտյան տատիկն արդուկեց վերնաշապիկը` հորդորելով մաքուր պահել:
Գայլուկը մոտ վազեց, ու կախ ընկած ականջները հնարավորինս ձգելով, տարօրինակ ձայն հանեց, ասես իր մասին հիշեցնելու համար, ապա երկու թաթերը վեր բարձրացրեց` խփելով Հայկի ծնկներին:
Հայկը գրկեց իր չորքոտանի ընկերոջը:
­Ի՜նչ էլ մի ուրախանալ ես ուրախացել, գոնե մտածո՞ւմ ես՝ ոնց ենք դուրս գալու էստեղից, - գայլուկի գլուխը շոյելով, կամաց խոսեց Հայկն ու զարմացավ այն արձագանքից, որ մի քանի վայրկյան անց լսեց. իր ձայնի արձագանքն էր, որ գալիս էր թիկունքից: Երեխան արագ շրջվեց ու դեմ հանդիման կանգնեց խավարին, որտեղ ոչինչ տեսանելի չէր:
-Չէ՜, էստեղ մնալ չի կարելի, պետք է դուրս գալ:
Հայկն սկսեց քանդել պայուսակը, լավ է, որ բջջայինն այս անգամ իր հետ է վերցրել: Դպրոցում ցածր դասարանի աշակերտներից պահանջում էին բջջային դպրոց չբերել, չգիտես ինչու այսօր որոշել էր անպայման վերցնել ու պահել պայուսակի մեջ: Արագ միացրեց հեռախոսը, բայց մի պահ վարանեց սեղմել զանգի կոճակը: Ինչպե՞ս բացատրել իր գտվելու վայրը, չէ՞ որ սահմանն իր քթի տակ է, մոտակայքում՝ զինվորներ: Ինչ արդարացում էլ լիներ, չէր կարող բացատրել այն, թե ինչու է ինքն այստեղ հայտնվել:
-Ամեն ինչ պետք է պատմել այնպես ինչպես կա, - արագ կողմնորոշվեց ու սեղմեց զանգի կոճակը, բայց ոչ մի ազդանշան, ոչ մի ձայն լսելի չէր:
Երեխան տարակուսանքով նայեց հեռախոսի էկրանին: Ոչ մի ազդանշան չկար: Այստեղ որևէ կապ չէր լինում որսալ: Հայկը զգաց՝ ինչպես սիրտը սկսկեց թփրտալ, անգամ ավելի ուժգին, քան այն պահին, երբ գայլը հետապնդում էր:
-Այ հիմա մենք իսկական փորձանքի մեջ ենք