2014-03-30

Ծաղկած ծառերին ձյուն է իջել



Ծաղկած ծառերին ձյուն է իջել,
Ծաղկաթեթերի ճերմակը խառնել
Թաց ձյան սպիտակի հետ:
Գուցե երբ ծառերը մերկ լինեին,
Այսպես չմրսեր հոգին նրանց,
Քանզի սառույցը պատել է
Բարակ ճյուղերը ծաղկած,
Գարունքից արթնացող հոգու
Բողբոջը` դեռ չկանաչած:
Ասես ձմեռը չի ուզում հեռանալ
Ո՛չ իմ այգուց, ո՛չ էլ իմ հոգուց:
Նայում եմ այգու ծառերին.
Որքա՜ն նման ենք մենք...
Ես էլ մրսում եմ ձեզ պես,
Երբ սիրուց արթնացող հոգիս
Դատարկվեց մեկ վայրկյանում:
Ինչպես ձեզ համար Արևի շողը,
Այնպես էլ նա անհետ կորավ`
Տանելով իր հետ հոգիս,
Թողնելով միայն դատարկություն,
Անջերմ մի մարմին:
Այսպես է լինում միշտ,
Երբ մեկին տալիս ենք հոգին մեր,
Ու նա հեռանում է հանկարծ`
Դառնալով անցյալ...
Ի՞նչ իմանային ծաղկած ծառերը,
Որ իրենց մատղաշ շիվերին
Բացված ծաղիկը կսառչի,
Որ գարունից խաբված բողբոջը
Այս տարի չի կանաչի...


2014-03-20

Բոյինգ 777-ի անհետացման պատճառը կարող էր լինել հատուկ փորձարկումը



 Մարտի 8-ի գիշերը Մալազիայից Պեկին թռչող Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի անհետացման վերաբերյալ բավական ուշագրավ փաստեր ու վարկածներ են առաջ քաշվում և այդ ամենի պատճառը միայն այն է, որ ինքնաթիռի որևէ հետք հնարավոր չի լինում հայտնաբերել, թեպետ որոնողական աշխատանքներում ներգրավված են մի քանի տասնյակ երկրներ:
 Օրերս ամերիկյան մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ ամերիկյան կիսահաղորիչների և էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ զբաղվող Freescale Semiconductor ընկերության 20 աշխատակիցներ հանդիսացել են անհետացած ինքնաթիռի ուղևորները: Freescale Semiconductor ընկերությունը հաստատել է իր 12 չինացի և 8 մալազիացի աշխատակիցների ինքնաթիռում գտնվելու փաստը: Այս ամենը այդքան էլ տարօրինակ չէր լինի, եթե միայն հայտնի չլիներ, որ Freescale Semiconductor -ը կատարում է նաև հատուկ ռազմական նշանակության պատվերներ ևս: Նշվում է, որ ինքաթիռի անհետացումից օրեր առաջ Freescale Semiconductor -ի ամերիկյան շտաբ-բնակարանում քննարկվել է նախագիծ, որի հաջող գործարկումը ինքնաթիռներին հնարավորություն է տալիս անտեսանելի մնալ ռադարների էրկրաններից, ընդ որում նախագծի 4 անդամներ եղել են հենց անհետացած ինքնաթիռում: Այս ամենը նոր վարկածի առաջ քաշման հիմք է տալիս: Ինքնաթիռը դարձել է գիտական փորձարկման զոհ: Սակայն առավել հետաքրքրական է այն, որ կարող է առաջ գալ տվյալ նախագծի և գյուտի հեղինակային իրավունքների պաշտպանության հարց: Հեղինակի զոհվելու դեպքում բոլոր իրավունքները կարող են անցնել Freescale Semiconductor ընկերությանը: 
  Մեկ կարևոր փաստ ևս: Freescale Semiconductor ընկերությունը պատկանում է Blackstone Group ներդրումային ֆոնդին:  Վերջինս Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնը ևս ձեռք էր բերել, նախքան այն կփայթեցվեր ահաբեկիչների կողմից: Մի շարք մասնագետներ վստահեցնում են , որ զույգ աշտարակների փլուզումը պատահական չէր. ապահովագրական ընկերությունները մի քանի անգամ ավել գումար էին ստիպված լինելու վերադարձնել Blackstone Group-ին, այն գնի համեմատ, որով կազմակերպությունը լիզինգային տարբերակով ձեռք էր բերել Առևտրի համաշխարհային կենտրոնի մասնաշենքերը:


2014-03-14

Մտքեր քեզ համար



Ես քեզ ներեցի,
Բայց դու ինձ ներել չկամեցար,
Մոռացար ինձ,
Իսկ ես այդպես էլ չկարողացա
Մոռանալ վայրկյանները
Միասին անցկացրած...

Թե կարող ես,
Օգնիր ինձ, որ ես էլ քեզ պես
Անցյալը մոռանամ
Այդպես հեշտությամբ,
Ու հիշողություններս`
Քամուն հանձնեմ անդարձ...

Դե՛, ասա, մի՛ լռիր,
Բավ է արդեն որքան ցավեց
Սիրտս վիրավոր
Քո անտարբեր վերաբերմունքից,
Որ արժանացնում ես
Արդեն քա՜նի օր:

Մի՞թե կեղծ էր
Ժպիտդ այն ու հայացքդ ջերմ.
Ա՜խ, կարծես թե...
Որքա՜ն եմ խաբվել` հավատալով
Սիրո խոստովանանքի
Կեղծ խոսքերին քո:

Օ՜, ոչ բարկություն,
Հեռու վանիր մտքերն այդ ստոր.
Ես սիրում եմ դեռ
Ու պայքարել սիրո դեմ չեմ կարող,
Եթե պայքար, ապա
Նրան հասնելու համար միայն...