Գուցե վերջին շրջանում մի շարք պաշտոնյաների հրաժարականը ինձ ստիպեց սկսել գրել այս հոդվածը, գուցե և պահը հասունացել էր ասելու, այն ինչ արդեն չորս տարի գիտակցել եմ:
Վերջերս հրաժարական տվեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, այդ պաշտոնում մնալով 10 ամիս 2 օր: Արդեն նախկին քաղաքապետի ֆեյսուբուքյան էջը առավել քան երբեք ողողված էին թե բազմաթիվ «շնորհակալություններով», թե սուր ու հաճախ նաև անհիմն քնադատություններով: Չանդրադառնալով նրա գործունեությանը պիտի միայն նշեմ՝ հաճելի է, որ տեսնում ենք այն, ինչում մարդիկ թերացել են, սակայն պետք է նաև չփակենք մեր աչքերը ու տեսնենք թե ինչ փոփոխությունն են կատարվել մայրաքաղաքում այդ կարճ ժամանակահատվածում: Երեկ հրաժարական կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից ՀՀ ոստիկանապետը: Ինչպես քաղաքապետը այնպես էլ նա, այլ աշխատանքի անցնելու հույսով կամ մտադրվածությամբ: Իշխանական դաշտում ես սպասում եմ դեռ մի քանի այլ փոփոխությունների: Սակայն դա չէ հիմնական խնդիրը:
Հայ հասարակությունը ունի մի շարք կարևոր ու իմ կարծիքով բացասական բնավորության գծեր, որոնց անմիջական ու կարելի է ասել պատասխանն են այն, որ ունենք նման իշխանություն, նման ընդդիմություն, օլիգարխ պատգամավորներ՝ (ժողովրդի խոսքը, պատգամը լսողներ) ի դեպ խիստ չակերտավոր ասված, մեծահարուստ իշխանավորներ, նեղացված ու հալածված մարդկանցից կազմված ընդդիմություն ու այդպես շարունակ…
Մեր հասարակության ամենավտանգավոր բնավորության գծերից մեկն է քծնելու սովորությունը ու հաճախ, երբ փորձում ես գնահատել ամեն ինչ ավելի ռեալ, արժանանում ես քծնվողի պիտակին, հենց նրանց կողմից, ովքեր ամենաշատն են քծնվում: Մենք չենք կարողանում գնահատել կենտրոնից, այն ինչ ասում ենք, կամ ասում ենք ընդդիմադիր կերպարով, կամ էլ խիստ իշխանական… Եկեք փորձենք մի պահ դուրս գալ թե իշխանական գառան մորթով գայլի կերպարից և ըննդիմադիր՝ միայն մեղադրող ըննդիմության շարքերից ու միայն նոր գնահատենք իրավիճակը ու առաջարկենք լուծումներ: Լինենք ոչ թե ըննդիմադիր կամ իշխանական, այլ լինենք ՔԱՂԱՔԱՑԻ ու քաղաքացիական կերպարից փորձենք լուծումներ տալ իրավիճակին: Այդ կերպ մենք ավելի շատ լուծումներ կգտնենք այն բոլոր խնդիրներին, որոնց առջև կանգնած ենք հենց մենք:
Մենք չենք զգում մեզ որպես քաղաքացի մի երկրում, որտեղ պիտի լինի իշխանություն և ըննդիմություն, այլ անմիջապես զգում են կամ իշխանության թևում կամ էլ ընդդիմության, ու սկսում ենք դատել, մտածել և շարժվել այնպես ինչպես նրանք: Արդյունքում նույն հարցերն են, առանց լուծումների: Որոշ քաղաքական գործիչներ գիտակցեցին ու ողջունելի է , որ գտան համենայնդեպս ինչ որ լուծում, հասարակության հարցերին ու խնդիրներին ծանոթանալու համար՝ այլ մեթոդներ որոնելով, ինչպես սոցցանցերում սեփական էջը կամ բլոգը բացելը, սա արդեն առաջընթաց է, թեպետ շատ փոքր:
Գուցե կգա այդ օրը ու կհասկանաք, որ մենք ենք միայն մեր երկրի տերն ու տիրականը, մենք՝ հասարակ քաղաքացին ու գյուղացին, որ ցանկացած պահին պիտի պայքարենք հանուն մեր իրավունքների, հանուն մեր իսկ բարօրության և այդ ժամանակ գուցե Հայաստանում էլ ընդդիմությունը իշխանությանը իր ծրագիրը չպարտադրի, կամ, երբ իշխանությունը հասկանա որ արդեն սպառել է իրեն, այնուամենայնիվ չկառչի աթոռից:
Բացառիկ օրինակներից մեկն է բնապահպանական խնդիրներով մտահոգ մի շարք երիտասարդների կողմից ձեռնարկված Թռչկանի ջրվեժի շուրջ բարձրացրած աղմուկը, նրանց անշահախնդիր մոտեցումը այս հարցին ու նրանց հաղթանակը: Հավատացած եմ, նման հաղթանակները ավելին կարող են լինել, եթե պայքարենք ու ժամանակին բարձրաձայնենք այն ամենի մասին, ինչ հուզում է հասարակությանը և մեզ:
Հաղթանակը պայքարով է ծնվում, այլ ոչ թե գոչյուններով:
Комментариев нет:
Отправить комментарий