2013-11-07

Apple-ը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ

Apple տեխնոլոգիական գիգանտը նոյեմբերի 5-ին առաջին անգամ հրապարակել է մի շարք երկրների հատուկ ծառայությունների կողմից օգտատերերի մասին տեղեկատվություն ստանալու հարցման ստատիստիկ տվյալները: Այդպիսվ Apple-ը համալրեց այն ընկերությունների ցանկը, որոնք արդեն պաշտոնապես հրապարակել էին այդպիսի տվյալներ: Մինչ այս պահը հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը վկայող փաստաթղթեր էին հրապարակել Facebook, Twitter սոցիալական ցանցերը, Google և  Yahoo ընկերությունները:
Apple-ի հրապարակած ստատիստիկ տվյալները վերաբերվում են օգտատերերի անձնական  և iTunes, iCloud ու Game Center համակարգերում գտնվող հաշիվներին: Ինչպես նշվում է կորպորացիայի պաշտոնական կայքում իրենք փորձել են հրապարակել այն ինֆորմացիան, որով կարող էին օրինական հիմքերով կիսվել:
Հատուկ ծառայությունների հայցերի բավարարումը չի ենթադրում օգտատերերի հաշիվներում ողջ անձնական ինֆորմացիայի տրամադրում, այլ հաճախ տրամադրվում է այն ինֆորմացիան, որը օգտատերերը նշում են գրանցման պահին: Սակայն վստահ լինել, որ այլ անձնական տվյալներ չեն հայտնվի հատուկ ծառայությունների ձեռքի տակ, մի շարք մասնագետներ միամտություն են համարում:
Ըստ բերված ցուցակի` օգտատերերի հաշիվների վերաբերյալ տեղեկատվության համար ամենամեծ թվով հայցերը ստացվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից. մինչև 2000 հայց: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է` 127, ապա Իսպանիան, Գերմանիան համապատասխանաբար 102 և 93 հայցերով:
ԱՊՀ երկրներից միայն Ռուսաստանն ու Բելառունն են ներկայացրել մեկական հայց:
Համաշխարհային տեղեկատվական և տեխնոլոգիական հսկա կորպորացիաները սկսեցին հրապարակել նման տեղեկություններ, երբ մամուլում մի շարք երկրների հատուկ ծառայությունների կողմից օգտատերերի անձնական տեղեկատվության հսկման և այդ ընկերությունների միջև կապը հաստատող գաղտնի փաստաթղթեր հրապարակվեցին:

Աղբյուրը` Normitq.am                                                                           Հեղ. Արմեն Մխեյան

Комментариев нет: