Վերջին տարիներին
քաղաքացիական մտքի պոռթկման դրսևորումները Հայաստանում բավականին լավ տեսանելի են,
հատկապես ողջ ամռան ամիսներին Երևանը քաղաքացիական պայքարի շնչով էր լցված: Ի՞նչ արդյունք
կունենա քաղաքացիական գիտակցության
զարգացումն ու պայքարը Հայաստանում: Փորձեցինք զրուցել հենց քաղաքացիական ակտիվ հասարակության
ներկայացուցիչների հետ:
Արթուր Հայրապետյանի
կարծիքով, քանի դեռ մեր մոտ գործում է Կռիլովի առակի խեցգետնի, կարապի ու գայլաձկան
օրենքը, քաղաքացիական պայքարը կավարտվի փակուղով:
- Մի քանի հոգի սրտացավ մարդկանցով հարց լուծելը դժվար գործընթաց է, - նշում է Արթուրն ու հավելում, որ յուրաքանչյուրս պետք է մեր մեջ փնտրենք մեղքի
մասնաբաժինը, քանի որ մեր հասարակության մեջ կան հինգ հազար դրամով հոգին վաճառողներ:
Անդրադառնալով նոյեմբերի հինգին
Շանթ Հարությունյանի կողմնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներին`
զրուցակցը եզրափակելով խոսքը նշեց, որ այնտեղ քաղաքացիական ակտիվություն գրեթե չկար:
Մեկ այլ քաղակտիվիստի
կարծիքով, ով չցանկացավ ներկայանալ, քաղաքացիական պայքարը եթե չի ունենում բարձրաձայնված
խնդրի դրական լուծում, ապա կարող է առավել սրել քաղաքացի-իշխանություն հարաբերությունը,
իսկ սրման դեպքում օրակարգային է դառնում իշխանությունների հեռացման հարցը: Այդ դեպքում
քաղաքացիական պայքարը կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ պետության համար:
Քաղակտիվիստը
չբացառեց, որ այդ դեպքում հնարավոր են ներքին խժդժություններ, որոնք արտաքին ազդակների
միջոցով կարող են դառնալ երկրում ճգնաժամի առաջացման պատճառ, նշելով, որ նման կերպ
կարող է վտանգվել անգամ երկրի անկախությունը:
Հատկապես վերջին
օրերի իրադարձությունները հաշվի առնելով, իշխանությունները պարտավոր են հաշվի նստել բարձրաձայնված խնդիրների լուծման անհրաժեշտության
հետ: Հակառակ դեպքում քաղաքացին կարող է իր անհնազանդությունը հայտնել քաղաքացիական
պայքարի միջոցով, իսկ անհնազանդության մեղքի բաժինը իշխանությունը պետք է փնտրի միայն
իր ներսում:
Աղբյուրը` Normitq.am Հեղ. Արմեն Մխեյան
Комментариев нет:
Отправить комментарий