2013-07-25

Քաղաքացիական ընդվզման առաջին հաղթական քայլը



Այո, հարգելիներս համախմբված քաղաքացիական ընդվզումը տվեց իր առաջին արդյունքը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքացիական աննախադեմ հզոր ճնշման արդյունքում, կասեցրեց իր որոշումը` այս պահին անորոշ ժամկետով: Այս իրադարձությունը վկայում է, որ Հայաստանը թևակոխեց ժողովրդավարության և ամուր քաղաքացիական հասարակության զարգացման նոր փուլ: Այս հաղթանակը որպես նախադեպ պետք է լինի, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության համար: Փոքրիկ վերլուծություն անելով փաստենք, որ նման քաղաքացիական համախմբվածություն հավանաբար երբեք չի եղել վերջին տասնամյակում: Պայքարը համընդհանուր էր և բազմակողմանի: Առավել կարևոր հանգամանք էր այն,  որ չկար քաղաքական գաղափարների պայքար, այլ միայն քաղաքացիական: Առաջին հաղթանակը գրանցված է, պետք է առաջ շարժվել նոր հաղթանակների ետևից:
Իրական ժողովրդավարության հիմքը դրվեց այսօր` հուլիսի 25-ին և ես առաջարկում եմ այս օրը նշել որպես ամուր քաղաքացիական հասարակության, համախմբման, միասնության և իհարկե հաղթնակի օր: Պատմության մեջ այս օրը կմնա որպես «100 դրամի հաղթանակի օր», բայց այս հաղթանակը առաջին հերթին մեկ մեծ կարծրատիպ կոտրեց, որը գուցե հետո շատերը չհասկանան: Այս հաղթանակը կոտրեց այն տարածված մտածելակերպը, որ ոչ մի բան էլ չի փոխվի, ամեն ինչ իզուրա: Վստահ եմ, նման արտահայտություն անող մարդկանց թիվը այսուհետ զգալի քիչ կլինի:
Քաղաքապետի որոշումը` թեպետ ուշացած էր, բայց ժողովրդի օգտին կայացրած որոշում  էր: Այս հարցը նաև իր հեղինակության խնդիրն էր, և ժողովրդի կողմից իր վստահության պահպանման հարցը: 
Շնորհավոր, բոլոր ակտիվիստներին, քաղաքացիական  խմբերին և այն քաղաքացիներին ովքեր մեզ հետ էին` երիտասարդության կողքին:
Մենք ունենք ամուր պետություն երիտասարդության շնորհիվ: Մենք ենք այս երկրի քաղաքացիները, և մենք ենք տերը մեր երկրի: Միասին դեպի նոր ամուր քաղաքացիական, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: 

Комментариев нет: