2011-11-07

Երազների կախարդական աշխարհում...


Թակեց մութը պատուհանս,
Գիշերը հյուր եկավ ինձ
Ու սավառնել ուզեց հոգիս
Անտես երազի քողով,
Աստղերի մեղմ փայլով,
Անձայն հեռացա տանից
Դեպի անհաս հեռուներ,
Դեպի այլ աշխարհներ՝
Երազների արքայություն…



Մարդկանց թիվը 2011թ-ի հոկտեմբերի 31-ին հասավ յոթ միլիարդի: Յոթ միլիարդ մարդ օրվա ընթացքում առնվազն 1/3-ն անցկացնում է քնած և միջին հաշվով յուրաքանչյուրն անցում է քնի 4 փուլ, որոնք ուղեկցվում են երազատեսությամբ և որոնց մեծ մասը մարդն ուղղակի  չի հիշում արթնանալուց հետո: Պատկերացրեք յոթ միլիարդ մարդ՝ տարբեր ազգության, սեռի, մաշկի գույնի, տեսնում են նույնքան բազմազան ու աներևակայելի երազներ, որոնք այնքան յուրահատուկ են ու միայն յուրաքանչյուրինը…
Դարեր շարունակ մարդիկ փորձել են «գաղտնազերծել», բացահայտել երազների նշանակությունը, մի խոսքով հասկանալ թե ինչ են իրենցից ներկայացնում մեր ենթագիտակցանում կատարվող անիրական գործողությունները, որ մեզ այնքան իրական են թվում, երբ քնած ենք:
Հին ժամանակներում կարծում էին՝ երազները դրանք հոգու գործողություններն են, որ քնած ժամանակ հասցնում է դուրս գալ ֆիզիկական մարմնից, իսկ արթնանալուց՝ անմիջապես վերադառնում մարմին: Այս տեսակետը դեռ այսօր էլ շատ համոզիչ է հնչում, հատկապես եթե հաշվի առնենք մի շարք գիտնականների այն կարծիքը, թե քունը ժամանակավոր ու փոքրիկ «մահ» է:   
Գոյություն ունեն երազների բազմաթիվ տեսակներ, թե ըստ իրենց ժանրային առումով, թե ըստ կատեգորիաների: Երազատեսության ժամանակ մեզ թվում է՝ թե մենք ողջ գիշեր երազ ենք տեսել, սակայն երազների տևողությունը քնի տարբեր փուլերում և ստադիաներում տևում է մի քանի վայրկյանից ամենաշատը 3-ից 4 րոպե: Ժամային ու իրադարձային սյուժեն մշակվում ու իրագործվում է միմիայն մեր ենթագիտակցությունում:
Պարզվում է կան երազաներ, որ նույնն են: Հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա միմյանց անծանոթ մարդիկ կարող են տեսնել միևնույն տիպի երազներ, հաճախ այնքան նման, որ թվում է դրանք նույն են… Նման երազների ուսումնասիրությունները բավականին երակարատև են լինում, սակայն այսօր արդեն երազագետների կողմից կան առանձնացված երազների խումբ, որոնք մեզ  «այցելում» են ու շատ նման են անծանոթ ու օտար մարդկանց տեսած երազներին: Նման երազների ուսումնասիրությունները հսկայական ինֆորմացիա են տալիս մարդու ենթագիտակցականի և արխետիպերի մասին:
Ինչպես բնութագրվում է՝ երազատեսությունը ենթագիտակցության աշխատանքի արտացոլումն է և գիտակցականի ու ենթագիտակցականի կապող օղակը:
Երազները, որպես ապագայի կանխատեսման միջոց, մարդկությանը դեռ վաղուց է հայտնի: Արդյոք կա՞ն երազներ, որոնք իսկապես կարող են նախազգուշացնել ապագայում սպասվող իրադարձությունների մասին: Ամեն երրորդը  կարող է իր կյանքից բերել երազների իրականացման օրինակ: Մասնագետները այն համոզմանն են, որ մեր ենթագիտակցականը ավելի շատ  գիտի, քան գիտակցականը, իսկ երազները, լինելով ենթագիտակցանի մի մասը և հանդիսանալով ենթագիտակցանի վերլուծության ու արտաքին միջավայրից ստացված ինֆորմացիայի մշակման արդյունք, կարող են կանխատեսել ու նախազգուշացնել այն մասին, ինչը գիտակցական կյանքում հաճախ մենք չենք կարող տեսնել, զգալ ու ընկալել: Երազները նշաններ են, որոնք պիտի կարողանանք ճիշտ հասկանալ: Վերջապես երազների աշխարհը  մեր կյանքի բաղկացուցիչ մասն է ու անկախ նրանից թե հիշում ենք արդյոք այն երազները, որ տեսնում ենք ամեն օր, թե ոչ, նրանք մեզ ուղեկցում են մեր քնի ավելի քան երկու երրորդի ընթացքում: Հասկանալի է, որ անգամ եթե երազները նման լինեն, միևնույն է յուրահատուկ են յուրաքանչյուրի համար: Դրանք մեր ստեղծածն են և միայն մենք ցանկության դեպքում կարող ենք ճիշտ հասկանալ ու մեկնաբանել մեր իսկ երազները, ու այդ հարցում չեն կարող մեզ օգնել ոչ երազահանները, ոչ գուշակները: Երազները մեր իրականության մեջ անիրական աշխարհն է՝ լի հրաշքներով, լինելով ցանկությունների ու երազանքների անհավանական իրագործման ամենակարճ ճանապարհը այն աշխարհում, որը միայն մերն է:
Եթե երազները նույնությամբ կրկնվում են, կարելի է դիմել հոգեբանների օգնությանը: Անընդմեջ  միևնույն երազը տեսնել, նշանակում է, որ կան խնդիրներ, որոնք թաքնված են ենթագիտակցականի ամենախոր անկյուններում ու անհրաժեշտ է դրանք հասկանալ և լուծում տալ դրանց: Հոգեվերլուծաբանների կողմից կան մշակված մեթոդներ, որոնց միջոցով ավելի հեշտ է դառնում որոշ երազների մեկնությունը, անգամ հնարավոր է այս կամ այն հիվանդության ճիշտ ախտորոշումը:
Մեր զգայություններն ու զգացմունքները, արտաքին աշխարհից ստացված տվյալները անմիջական հետք են թողնում երազների վրա: Երազատեսության ժամանակ գլխուղեղը գտնվում է ավելի ակտիվ վիճակում, քան արթուն վիճակում և հատկապես մեր գլխուղեղի այն հատվածները, որ պատասխանատու են տեսողության, լսողության և մնացած զգայարանների համար, դրսևորում են մեծ ակտիվություն ու անմիջական մասնակցություն են ունենում երազատեսության ժամանակ՝ օրինակ տեսողական հատվածը: Այն մարդիկ ովքեր կույր են կամ կուրացել են վաղ հասակում հիմնականում տեսնում են երազներ, որոնք ուղեկցվում են  ձայների կամ շոշապելիքի տեսքով: Երազները առավել լավ են հիշվում առավոտյան, և անմիջապես արթանանալուց առաջ տեսած երազները միշտ ավելի վառ են ու գունավոր: Սակայն երազները ունեն մի շարք առանձնահատկույուններ: Պարզվում  մենք հազվադեպ ենք երազում տեսնում կանաչ գույն կամ զգում բուրմունք: Եթե երազում դուք կանաչ գույն կամ զգացել եք օրինակ օծանելիքի բուրմունք, ուրեմն ավելի մեծ նշանակություն տվեք դրանց: Որպեսզի երազներն ավելի վառ լինեն ու տպավորիչ, աշխատեք քնել մեջքի վրա, գլուխը մի փոքր բարձր մարմնից: Այս դիրքը ամենահարմարն է երազատեսության համար:
Յուրաքանչյուրիս կյանքում էլ պատահել է «դեժավյու» ասվածը: Սրանք կարևոր են այնքանով, որ տպավորություն է ստեղծվում թե տվյալ իրավիճակը արդեն մի անգամ եղել է: Շատերը համոզված են, որ կյանքի տարբեր հատվածներում մենք ենթագիտակցորեն արդեն պատրաստ ենք լինում նման իրավիճակի ու թվացյալ նույնությունը իրականում գալիս է հենց ենթագիտակցականից: Ի՞սկ փորձել եք այդ պահին փակել աչքերն ու հիշել թե ինչ կլինի մի ակնթարթ հետո: Անհավանական է թվում, սակայն շատերի կյանքում այդ երևույթը իսկապես շատ բան է փոխել: Տեսնել այն, ինչ կլինի մի ակնթարթ հետո ու փոխել այդ կերպ ապագան: Երազները ամենաֆենոմենալ և անբացատրելին են, որ տեղի է ունենում մեր գլխուղեղում ամեն օր:
Երազատեսության ուսումնասիրությունները պարզել են՝ ինքնաներշչման, արտաքին ազդակների միջոցով կարող ենք հիշել քնի ընթացքում տեսած երազների մեծ մասը, ավելին, տեսնել «պատվերով» երազներ, փոխել երազներում մեր գործողությունները, մի խոսքով կառավարել դրանք: Կան մշակված տեխնիկաներ, որոնք թույլ են տալիս նախապատրաստվել քնից առաջ այս կամ այն երազի տեսնելուն: Անհրաժեշտ է միայն քնից առաջ կենտրոնանալ ու հստակ ձևակերպել այն ինչ ուզում ենք տեսնել քնի ժամանակ: Նույնիսկ կան ուսմունքներ, որոնք հավաստիացնում են՝ եթե կառավարենք նախ երազները, մեր գիտակցականն ու ենթագիտակցանը, կկառավարենք մեր ներքին ողջ աշխարհը, իսկ արտաքին աշխարհը ներքինի արտացոլաքն է միայն…
Կախարդական երազների աշխարհում մենք լինում ենք ամեն օր, ամեն քուն մտնելուց հետո: Թող իրականանան բոլորի միայն ամենաբարի ու գեղեցիկ երազները, այդ կերպ կփոխենք մեր ներքինն ու արտաքինը:

Комментариев нет: