2016-02-01

Այլը

Խմբագրեց Կարեն Սարգսյանը

Չկա ավելի սարսափելի բան, քան կանգնած լինել կամրջի եզրին՝ պատրաստ նետվելու դեպի մթությունը, դեպի ամեն ինչ կլանելու պատրաստ սարսափելի խավարը: Ձորում առկայծող լույսերից կարելի էր ենթադրել՝ բարձրությունը մոտ հարյուր մետր կլիներ: Մահացու բարձրություն: Բայց այս պահին կամրջի եզրին կանգնած երիտասարդին դժվար թե մտահոգեր բարձրությունը: Նրա դեմքին սառն ու հեգնական ժպիտ էր քարացել: Անգամ ուշադրություն չէր դարձնում իրեն հարցեր տվող անցորդներին, որոնցից մի քանիսը փորձում էին երիտասարդին հետ պահել, համոզել, բայց ապարդյուն: Որևէ արձագանք չկար: Նրա համար ամեն ինչ կորել էր խավարի ու լռության մեջ, միայն ձեռքերն էին, որ ասես կապված էին: Մնում էր բացել այդ կապանքները՝ վերջին շղթան, ու ֆիզիկական մարմինը հանձնել ազատությանը. թռիչք՝ խավար անդունդը: Թռիչք, որ վերջինն էր լինելու, ու վերջ էր դնելու մի կյանքի, որն ինքը գնահատել չկարողացավ: Պետք էր ազատվել կապանքներից և վայելել ազատ թռիչքն ու կյանքի վերջին վայրկյաններն առանց կապանքների, առանց որևէ վախի նշույլի: Ամեն ինչ որոշված է, և իր համար չկա այլ ելք: Վերջապես ազատ թողեց ձեռքերն ու զգաց՝ ինչպես մարմինն առաջ գնաց: Վեր պարզեց ձեռքերն ու անուժ մարմինը հանձնեց խավարին: Ճախրանքի վայելքը միայն մեկ ակնթարթ տևեց, ապա  աչքերում արտացոլվեց արագահոս գետում առկայծող լույսի ցոլքերը, որին ինքն արագորեն մոտենում էր: Մեկ ակնթարթ անց ազատության ու ճախրանքի վայելքը վերածվեց սարսափի: Սրտի շրջանում ցավը ստիպեց գոռալ, բայց միայն օդի սառը հոսանք ներխուժեց ներս: Մեկ վայրկյան էլ՝ ու ինքը կբախվի կամ ջրին, կամ այն ամենին, ինչ կա այդ մթության մեջ: Հանկարծ կուրացուցիչ լույս տարածվեց շուրջը, ստիպված եղավ փակել աչքերն ու վերջնական տրվել մահվանը, բայց լույսն ասես իրեն կլանեց, այլևս խավար չկար, այլ միայն կուրացուցիչ լույս…

Չգիտեմ՝ արթնացում անվանել կարելի՞ է, թե՞ ոչ, բայց երբ բացեցի աչքերս, ամեն ինչ կուրացուցիչ սպիտակով էր պատված: Այդ պահին անգամ ինքս ինձ չէի հիշում, ես չգիտեի անգամ ով եմ: Միայն վերջին վայրկյաններն էին դաջվել հիշողությանս մեջ, մթության մեջ ջրի մակերևույթից առկայծող ցոլքերն ու վերջին ակնթարթին ծագած այն լույսը, որ հայտնվեց ու կլանեց ինձ: Վերջին հիշողությունները ջրի կաթիլների պես կաթ-կաթ լցրեցին դատարկված հիշողությունս: Ես այդպես էլ գետնին չհասա: Չհասկացա ինչպես, բայց տարօրինակ ու անաղբյուր լույսը ամբողջությամբ կլանեց ինձ, և հիմա ես այդ լույսի մեջ էի՝ շրջապատված ապշեցնող լուսավորությամբ:
«Չէ՜, դժվար թե սա դրախտը լինի, բայց հաստատ դժոխքն էլ չէ»:
 Իսկ ես այս անբիծ ճերմակության փոխարեն ավելի շուտ դժոխքի կրակների ու սարսափելի ջերմությանն էի սպասում: Չէ՞ որ ես մեծ հանցագործ էի, մարդասպան, ավելի ճիշտ կլինի ասել՝ ինքնասպան: Այս անսպառ լուսավորության մեջ ես ինձ ստվեր էի զգում, թեպետ այստեղ ստվեր գտնել հնարավոր չէր, անգամ ինքս ինձ չէի տեսնում: Ամենը թաղված էր լռության ու ճերմակի մեջ:
Մինչ աչքերս ուսումնասիրում էին անհոգի սպիտակը, հիշողությանս մեջ արթնանում էին վերջին դրվագները, սարսափելի խավարն ու նրա դիմաց իմ կանգնած լինելը, ապա ինչպես տեսաերիզի ժապավենն են հետ տանում, այնպես էլ հիշողությունս սկսեց պատկերել այն ամենն, ինչ կար այնտեղ՝ այդ հիշողության մեջ: Որքան դժվար է, երբ փորձում ես մոռանալ անցյալդ, բայց որևէ կերպ հնարավոր չի լինում ջնջել այն, ու այդ անցյալը ստիպում է ցավ զգալ, տառապել: Այս ի՞նչ է՝ անգամ մահն ինձ չի ազատում այդ անցյալից, թե՞ դեռ կենդանի եմ…
Վերջին հարցը ես բարձրաձայնեցի գոռալով, բայց այն գրեթե անլսելի դարձավ, ու ձայնս պարզապես կլանվեց անբիծ ճերմակի կողմից, իսկ այդ ճերմակը, այդ լուսավորությունը, որ չգիտես որտեղից էր գալիս, արդեն սարսափեցնում էր ինձ:
-Այստեղ անգամ մտքերն են այնքան բարձր, որ խլանալ կարելի է, իսկ գոռալուց՝ առավել ևս:
Ականջներիս չէի հավատում, բայց ես մենակ չէի: Այստեղ ևս մեկը կար, իսկ ձայնն առավել վախեցնող էր, սառը, առանց որևէ ելևէջի, միատոն ու ոչ այն է՝ կանացի, ոչ էլ՝ տղամարդու:
Մի պահ քարացա, բայց համարձակությունս վերականգնելով, առավել կամաց հարցրի.
- Ո՞վ կա այստեղ:
Նույն ձայնը նորից հնչեց:
-Դու՛…
Պատասխանը զավեշտալի էր, իսկ ձայնի միատոնությունը՝ սարսափազդու:
-Իսկ բացի ինձնի՞ց…
-Դեռ միայն դու, - եղավ պատասխանը:
-Լավ, եթե ես ու ես, ապա ո՞վ է խոսողը:
-Հարցն էլ նրանում է, որ խոսողն այստեղ միայն դու ես, ես չեմ էլ խոսում, դու լսում ես այն, ինչ հնչում է քո մտքում:
«Սա ի՞նչ դիվային խաղ է,- մտքումս սկսեցի անիծել իմ բախտը, որ անգամ մեռնելուց հետո հանգստություն չունեմ»:
-Վերջապե՜ս: Լավ է, որ սկսեցիր մտքումդ խոսել, թե չէ խլացնելու չափ ուժեղ ձայնը կկլանի իմ ձայնը, իսկ բախտդ պետք է ասեմ, որ շատ էլ լավ բերել է,- ծիծաղեց ձայնը, բայց այդ ծիծաղն այնքան անշունչ թվաց, որ ավելի շուտ մեխանիկական զարթուցիչի ձայն հիշեցրեց:
-Այսինքն ես չխոսե՞մ, - զարամացա ես:
-Կարող ես չխոսել: Ոչ բոլոր մտքերն են բառեր դառնում: Բառերը շատ քիչ են, որ հնարավոր լինի դրանցով արտահայտել բոլոր մտքերը: Մտքերը գալիս են ու գնում, դրանցից ընտրվում են մի քանիսը ու բառերի տեսքով արտահայտվում, բայց այդ չի նշանակում, որ մտքերն հենց այնպես կորում են:
-Անկեղծ ասած ես չեմ հասկանում, ինչի  մասին եք ասում…
Նորից հնչեց զրնգուն մեխանիկական զանգ հիշեցնող ծիծաղը:
-Իսկ դու փորձիր, - եղավ պատասխանը: - Կենտրոնացի’ր մեկ մտքի վրա: Կփորձե՞ս:
-Լույսը… Կարելի՞ է այն անջատել:
-Իհարկե, բայց դու ինքդ էլ կարող ես, փորձի՛ր:
Դեռ չէի էլ հասցրել հարցնել՝ ինչպես, ու պատասխանը չուշացավ:
-Պարզապես պատկերացրու, որ այն չկա:
Ես փակեցի աչքերս: «Ա՜յ քեզ բան, անգամ մեռնելուց հետո հանգիստ չկա…»:
ահը, դեռ չի նշանակում ամեն ինչին ավարտ, - լսվեց միատոն ձայնը, - մի՛ մոռացիր, ես լսում եմ անգամ քո մտքերը: Կենտրոնացի՛ր:
Փորձեցի մի պահ կենտրոնանալ ու պատկերացնել, որ լույսն այլևս այնքան պայծառ չէ, ու բացեցի աչքերս:
Պատկերն հիմա լրիվ այլ էր ու ավելի սարսափելի, քան պայծառ լույսը: Ասես օդից կախված լինեի, իսկ շուրջս ամեն ինչ պատված էր արծաթագույնով: Անգամ նշմարվում էին պատերը, եթե դրանք կարելի էր այդպես անվանել: Պատերը, հատակն ու առաստաղն ավելի շուտ ասես հոսում էին՝ տեղ-տեղ ավելի պայծառ ու անհարթ  պղպջականման գոյացություններ առաջացնելով: Բայց ամենատարօրինակն այն էր, որ ոչ մեկին չէի տեսնում: Միայն ես էի, որ կախված էի այդ մեծ օդային պղպջակի մեջ:   
-Դեռ ի՞նձ ես փնտրում, - լսվեց նույն միատոն ձայնը, - զարմանալի եք, դուք՝ մարդիկդ, փնտրում ու հավատում եք այն ամենին, ինչը չեք տեսել ու գուցեև չկա՝ միաժամանակ չտեսնելով ձեր շուրջը գտնվողներին:
Հազիվ էին այս խոսքերն ընկալվել ընդարմացած ուղեղիս կողմից, երբ զգացի՝ ինչպես մեկը զգուշորեն բռնեց ձեռքս:
Սարսափից նորից ամուր փակեցի աչքերս:
-Մի՛ վախեցիր, կարծում եմ հիմա պատրաստ ես տեսնել ինձ:
Մի քանի վայրկյան չէի համարձակվում բացել աչքերս: Վերջապես որոշեցի բացել: Ինչո՞ւ վախենալ նրանից, ինչը դեռ չես տեսել:
Շուրջս ոչինչ չէր փոխվել. նույն պղպջականման գոյացություններով պատերն ու առաստաղը:
-Չեմ տեսնում,- շշնջացի ես:
-Հիմա…
Չգիտեմ՝ այդ «հիմա»-ն հարց էր, թե այն, որ հիմա կտեսնես, բայց հենց նույն վայրկյանին՝ անմիջապես իմ կողքին այդ ողջ արծաթագույն երանգից դանդաղորեն տարանջատվեց ու մարմնավորվեց մարդանման մարմին: Նա իր անսովոր երկար ու բարակ մատներով բռնել էր իմ ձեռքը: Թեև իմ տեսածը մարդկային մարմին էր, բայց այդ նույն մարմինը մարդու չէր: Երկար ու բարակ մատներ, որոնց ծայրերն ասես բարձիկներ լինեին, երկար պարանոց, եռանկյունաձև դեմք, որի վրա միայն մեծ ու կապտամոխրագույն աչքեր էին երևում:
Տեսածիցս սարսափած՝ արագ մի կողմ քաշեցի ձեռքս ու մարմինս սկսեց տարուբերվել այս ու այն կողմ:
-Այլմոլորակայի՞ն…
Հարցիս պատասխանն ու հատկապես իմ վախեցած տեսքը մի փոքր շփոթեցրեց բանական էակին:
-Հիմա մեզ այդպես են անվանում, բայց կային ժամանակներ, երբ մենք աստվածներ էինք, երկնային մարդիկ, հետո հրեշտակներ, դևեր և այդպես շարունակ:
-Ի՞նչ եք ուզում ինձնից, - սարսափս հաղթահարելով հարցրի ես:
-Փրկում ենք մարդկային ճակատագիր:
-Ու բոլորի՞ն եք այդպես փրկում:
-Ոչ, - եղավ պատասխանը:
Բանական արարածը, որին ես այլմոլորակային անվանեցի (բայց այդքան էլ նման չէր բոլորին լավ հայտնի այլմոլորակայիններին), սկսեց դանդաղորեն ինձ այս ու այն կողմ  պտտել: Վախենում էի անգամ նայել նրան, բայց հստակ զգում էի նրա երկար մատների հպումը, որոնք սկզբում սառն էին, հետո միանգամից ջերմանում էին: Ասես մարմնովս էլեկտրական հոսանք անցկացնեին:
-Իսկ ինչո՞ւ ինձ, գուցե ես չեմ ուզում:
Որքան էլ տարօրինակ էր, բայց ես պատասխան չէի լսում, այսինքն գլխումս միատոն ձայն չկար: Բանական այդ արարածը լռում էր: Մի քանի րոպե նա լուռ և զգուշորեն այս ու այն կողմ էր պտտում ինձ: Վերջապես գլխումս զրնգաց նույն միատոն ձայնը:
-Կարող ես տալ այլ հարցեր, ու կփորձեմ հնարավորինս բացատրել, բայց անգամ մեզ համար կան դեպքեր, որոնք դժվար է մարդկային լեզվով ու նրանց համար ընկալելի ներկայացնել: Ավելի պարզ ասած, դու հայտնվեցիր այնտեղ, որտեղ և մենք, իսկ այդ դեպքում մեզնից հասնում էր փրկել մեկ կյանք:
Նա նորից բռնեց ձեռքս ու ես նկատեցի՝ ինչպես նրա ձեռքի ափը լուսավորվեց:
-Եվ նրան նորից դրդել, օգնել և մոտեցնել իր առաքելությանը այս կյանքում, - ձեռքը մի կողմ տանելով միտքն ավարտեց նա:
Դժգոհ դեմքս մի կողմ տարա: Տարօրինակ զգացողություն էր մոտս առաջացել: Հիմա ուզում էի հասկանալ ինքս ինձ՝ արդյո՞ք պետք էր մեռնել:
-Հիասթափությունն ու զայրույթը, անելանելի վիճակը անցողիկ են, հատկապես քո դեպքում: Այսուհետ քո կյանքն այլ է լինելու: Հիմա դու էլ չես պատկերացնում, - ասես հույս էր տալիս մեխանիկական ձայնով այս բանական-ռոբոտ մարդկային կերպարանքը:
-Պատմի՛ր ձեր քաղաքակրթության մասին, - մի փոքր լռությունից հետո առաջարկեցի ես:
-Երևի ճիշտ կլինի ասել՝ մեզ բոլորիս:
Ես չհասկացա ինչ նկատի ուներ այլ քաղաքակրթության ներկայացուցիչը, բայց մի փոքր լռությունից հետո նրա կապտամոխրագույն աչքերը նայում էին ուղիղ իմ աչքերի մեջ:
-Մի վախեցիր, հիմա ինքդ կտեսնես, - զգուշացրեց նա՝ ամուր բռնելով ձեռքս:
Մեկ ակնթարթ էլ չէր անցել՝ ողջ արծաթագույնը կորավ: Իմ առջև բացվեց չքնաղ մի բնապատկեր: Հեռվում երևում էին վեր խոյացող լեռների կատարներ, իսկ վարար գետը բարձունքից թափվում էր վար՝ հսկա ու աննկարագրելի ջրվեժ առաջացնելով: Ջրվեժի հենց կատարին կանգնած էր մեկը, մեկը նրանցից, ով հիմա կանգնած էր իմ կողքին: Բանական էակը առանց վարանելու ցատկեց բարձունքից ու սուզվեց գետի ջրերում: Տեսարանը փոխվեց: Հիմա ամեն ինչ երևում էր ջրի միջից: Այդ արարածը սկսեց, բառիս բուն իմաստով, տարրալուծվել ջրում՝ անհաշվելի մասնիկների վերածվելով…
-Սա սկիզբն էր, - մեկնաբանեց նա, - այսպես ծնվեց կյանքը հեռավոր փոքրիկ տիեզերքի կապույտ մի մոլորակի վրա: Հետագայում միլիոնավոր տարիներ էին պետք մարդկության ժամանակաշրջանի սկզբի համար:
Այդ պահին պատկերներն այնքան արագ էին փոխվում, որ միայն որոշ ակնթարթներ էի կարողանում ըմբռնել, բայց հասկանալի էր մի բան. այս բանական էակը ինձ ցույց էր տալիս Երկրի ողջ պատմությունը: Պատկերները սկսեցին ցույց տալ պատմական խոշոր իրադարձությունները, ապա՝ մեր օրերն ու անգամ առաջ անցան: Մի պահ ամեն ինչ նորից մթնեց, ապա կրկին լուսավորվեց վառ կրակով: Արևն էր: Այն շատ մեծ էր. մոտ տասն անգամ ավելի մեծ, քան կարելի է տեսնել ամեն երկնային օր: Հանկարծ այն փոքրացավ՝ հեռավոր աստղի մեծության հասնելով…
-Ի՞նչ է սա, այսինքն ձեր արեգակնային համակարգը ոչնչացա՞վ:
Նրա հսկա աչքերն ասես մի փոքր նեղացան: Եթե հնարավոր լինել նկարագրել նրա դեմքի այդ արտահայտությունը մարդկային բառերով, ես կասեի՝ նա ժպտաց:
-Սա ձեր, այսինքն՝ դեռ այս պահին մարդկանց համար հեռավոր ապագան է, իսկ մեզ համար՝ ժամանակի մի փոքրիկ մասունք անցյալից:
Ես դասը չհասկացած աշակերտի հայացքով նայեցի նրա աչքերին:
-Մինչ այս պահը մարդիկ ունակ կլինեն անցնել ժամանակի միջով, ինչպես մենք: Ձեզ համար ժամանակը չի լինի միայն սկիզբ ունեցող գծային ուղիղ:
-Մեկ րոպե, մեկ րոպե: Այդ ինչպե՞ս, - չհամբերեցի ես:
Նրա դեմքին նորից հայտնվեց ժպիտ հիշեցնող արտահայտությունը:
-Ասեմ միանգամից: Իմ նախնիները ևս մարդիկ էին, այսինքն դու և քո պես միլիարդավոր մարդիկ, ովքեր հիմա բնակվում են երկրի վրա, իմ ու իմ նմանների նախնիներն են: Դուք մեր անցյալն եք, իսկ մենք՝ ձեր ապագան: Դուք ևս այսպիսին եք դառնալու, ինչպիսին ես…
 -Բայց, այն մեկը, որ լուծվեց ջրում…
-Ժամանակին նա մեզ համար Աստված էր, հետո, բացահայտելով մեր տիեզերքը, մենք հասկացանք, նա մեր նախնին էր՝ այլ տիեզերքից միայն:
-Իսկ Աստվա՞ծ…
-Հիմա, երբ մենք գիտենք մեր տիեզերքի ողջ պատմությունը, մենք Աստծո մասին պարզապես լռում ենք:
Առաջին միտքը, որ եկավ իմ գլխում այն էր, որ նրանք ևս դեռ չեն կարող բացատրել Աստծո գոյությունը, կամ գուցե հանգել են այն եզրակացության, որ Աստված չկա:
-Սխալվում ես, - հանկարծ միտքս կտրեց նա, - մենք պարզապես լռում ենք, հասկանալով, որ աստվածային մի մասնիկ կրում ենք յուրաքանչյուրս և բոլոր նրանք, ովքեր ապրում են թե այս, թե այլ տիեզերական տարածություններում:
Ինձ այդ «տիեզերական տարածություն» կամ «այլ տիեզերք» ձևակերպումներն ուրիշ համաստեղություն էին ընկալվում, բայց զրուցակիցս նորից հասկացավ ինձ:
-Տարածությունները բազմաթիվ են, անգամ այս մեկ տիեզերքը, որ թվում է անսկիզբ ու անվերջ, ընդամենը մեկն է բազում այլ տիեզերքներից, որոնք բաժանվում են ժամանակի գծած տարածություններով: Պատկերացրու մարդկային մարմինը, որ կազմված է բջիջներից, իսկ հիմա փորձիր պատկերացնել, որ յուրաքանչյուր բջիջ մեկ տիեզերք է, իսկ այդ մեկ տիեզերքն անգամ ունի իր բազում ժամանակային ուղիղները՝ իրենց անհուն հնարավորություններով և զարգացման ուղիներով: Նորից առավել պատկերավոր եթե ասենք, ամեն ինչ կանխավ մտածված է, տրված են անթիվ հնարավորություններ՝ իրենց հետևանքներով
-Իսկ ժամանա՞կը:
-Այն կապում է անցյալն ու ապագան, սակայն ժամանակը հնարավոր է կառավարել: Այն ամենը ինչ հնարավոր է տեսնել, նույնիսկ բոլոր տիեզերական բջիջները, որոնցից մեկում գտնվում եք դուք… - նա մի պահ լռեց, ապա ինքն իրեն ուղղեց, - նաև մենք որոշ ժամանակ առաջ, ժամանակի պատրանք է, պատկերի մեկ կետ, որը ողջ ամբողջության մի մասն է՝ միաժամանակ ողջ ամբողջությունը լինելով: Այդ ամենն այնքան անիրական է, որ պատրանք է թվում: Թերևս կյանքում ամեն ինչ պատրանք է, և միայն մենք ենքդե այսպես կոչված բանական էակներիս գիտակցությունն է, որ կարողանում է այդ պատրանքից իրականություն կերտել:
Բանական էակն անակնկալ լռեց, թեպետ եթե շարունակեր, միևնույն է, ես ոչինիչ չէի կարողանա հասկանալ նրա ասածից, ու նա լսեց իմ ուղեղի ճրճրթոցը իր՝ հենց իմ ուղեղում հնչեցրածի վերաբերյալ:
-Առավել կարճ, - հանկարծ շարունակեց նա, - մեզ հաջողվել է շրջել անցյալում և լինել առավել հեռու ապագայում, սակայն այդ ապագան կախված է ներկայի այս մեկ ակնթարթից ու մարդկության այս օրվա ընտրությունից, հաճախ նաև որոշ անհատներից: Շատ հաճախ մեկ որոշումը կարող է փոխել զարգացման ուղին: Արդյունքում նման դեպքերը կարող են այլ հնարավոր բազում ուղիներից մեկով տանել մարդկությանը: Մենք հետևում ենք, որպեսզի հնարավոր շեղումը առավել քիչ լինի՝ կայուն ապագայի կերտման համար:
Եթե նա անգամ ունակ չլիներ լսել իմ միտքը, այնուամենայնիվ դեմքիս արտահայտությունից կկռահեր. ինձ համար նա խոսում էր իմ մայրենի լեզվով, սակայն, այ թե ինչ էր ասում՝ բացարձակ անհասկանալի էր, անընկալելի, իսկ ես կարծում էի, թե գոնե հասկանալու առումով, այդքան էլ հիմար չեմ: Երկու կարմիր դիպլոմը վկա:
 -Այդ դեպքում, ինչո՞ւ փրկել մեկին, ով ինքնակամ ուզում է մեռնել, - փոքր լռությունից հետո հարցրեցի ես:
-Կյանքը մեկ անգամ է տրվում այս ժամանակում ու այս աշխարհում: Ինքդ քեզ զրկել կյանքից ինչ-որ խնդիրների պատճառով անիմաստ քայլ է:
 Միայն հիմա ես նկատեցի, որ նրա՝ այդ մեխանիկական ձայնով հեռավոր ապագայի մարդու դեմքին նկատվեց հարցական հայացք: Ասես նա ինձ ստիպում էր անվերապահորեն հաստատել նրա ասածը՝ անիմաստ քայլ:
- Ամեն բանական արարած իր կարևորագույն նշանակությունն ունի, իսկ չփորձել հասկանալ ու գտնել այդ առաքելությունը, մեծագույն մեղքերից մեկն է՝ անպատասխանատվությունը, այսինքն խուսափել գտնել առաքելությունը, որի համար էլ այս աշխարհ է գալիս մարդը: Խուսափելով առաքելության իրագործումից փոխվում է ապագայի ընթացքը, միաժամանակ ներկան զրկվում է բազում այն հնարավորություններից, որոնց կյանքը մեզ շնորհում է ամեն ակնթարթի հետ: Գտի՛ր քո առաքելությունը, փնտրիր այն կյանքի յուրաքանչյուր ակնթարթում: Առանց այն փնտրելու հնարավոր չէ բացահայտել ինքնությունդ, կյանքի իմաստը. մի կյանքի, որ հրաշք կարելի է կոչել:
Ես մեղավորի պես կախեցի գլուխս: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե որքան դժվար էր նրա համար հասկանալ իմ բոլոր մտքերը: Դրանք պարզապես քաոս էին ստեղծել իմ ուղեղում:
-Դու նորից կվերադառնաս այնտեղ, որտեղ պետք է լինեիր, եթե չլինեինք մենք:
-Սպասե՛ք, մեկ րոպե, - գրեթե գոռացի ես, - դուք անընդհատ հոգնակի թվով եք խոսում, բայց ովքե՞ր են մյուսները, և մյուս հարցը՝ ես որտե՞ղ պետք է հայտնվեմ:
Բանական էակը մոտեցավ ինձ:
-Ուշադիր նայիր շուրջդ և կտեսնես բոլոր նրանց, ովքեր այստեղ են:
Նա մեկ ձեռքի շարժումով պղպջականման պատերը վարագույրի պես մի կողմ տարավ: Տեսարանը, որ բացվեց իմ աչքի առաջ պարզապես աննկարագրելի էր: Հարյուրավոր, գուցե հազարավոր բանական էակներ այս ու այն կողմ էին շարժվում, ոմանք պարզապես սավառնում էին, իսկ ես ընդամենը փոքրիկ ապակե գնդի մեջ էի, որ չգիտես ինչից և ինչպես էր կախված:
-Նրանք բոլորը հեռավոր ապագայի մարդիկ են, - հիշեցրեց զրուցակիցս, - իսկ հիմա երկրորդ հարցի պատասխանը: Դու կհայտնվես այնտեղ, որտեղ որ ուզում էիր. գետի շողացող, բայց սառը ջրի մեջ: Իհարկե քեզ ոչինչ չի պատահի, մի փոքր կթրջվես: Սառը ջուրն օգտակար է, կօգնի գիտակցությունդ արագ վերականգնելու հարցում:
-Այսինքն ես հիմա անգիտակի՞ց եմ:
Մեխանիկական զրնգուն ծիծաղը նորից պայթեցրեց ուղեղս:
-Իհարկե: Սիրտդ մի փոքր չդիմացավ անկմանը, բայց հիմա ամեն ինչ նորմալ է:
Միայն հիմա հասկացա, թե ինչու էր այս բանական արարածը իր երկար մատներով ինձ այս ու այն կողմ պտտեցնում:
-Այսինքն, եթե հիմա ես անգիտակից եմ, այս ամենը իրակա՞ն չէ ու միայն իմ գլխո՞ւմ է կատարվում:
-Դու մոռացար քիչ առաջ իմ ասածը՝ ամենը պատրանք է, այդ թվում և կյանքը: Միաժամանակ ամեն ինչ իրական է, անգամ այնքան իրական, որ կարելի է երևակայությունը ևս իրական կոչել: Երևակայությունն հաճախ է անիրական պատկերներ կերտում և այդ ամենը միայն գլխում, սակայն ինչո՞ւ երևակայությունը անիրական համարել: Չէ՞ որ գլուխը լրիվ իրական է:
«Նորից բառախաղ, իսկ հետո ի՞նչ է լինելու, երբ նորից վերադառնամ իրականություն»:
-Ահա՜, իսկ թե ինչ կլինի հետո, կիմանաս հետո:
Ես հիշում եմ՝ ինչպես նա մատը մոտեցրեց ճակատիս, ապա հոսանքի հարվածն անցավ ողջ մարմնովս: Որքան ուժ ունեի գոռացի, բայց ոչ ցավից, այլ անզորությունից, որ չէի կարող շարժվել: Ասես կաթվածահար եղած լինեի, մարմինս հրաժարվում էր ենթարկվել ինձ: Լուսավորությունը նորից դարձավ կուրացուցիչ:
-Մենք ցույց տվեցինք և օգնեցինք մեկ քայլով մոտենալ կյանքիդ առաքելությանը: Փնտրի՛ր այն, փնտրի՛ր…
Սրանք վերջին բառերն էին, որ լսվեցին իմ գլխում, իսկ հետո ամեն ինչ մթնեց: Ամբողջ մարմնով զգացի ջրի սառնությունը, ապա ձայներ, ձայներ, որոնք այս անգամ ոչ թե իմ գլխում էին, այլ շուրջս:
՜ղջ է, դեռ ողջ է, - հենց ականջիս տակ այնպես էր գոռում մեկը, որ խլանալ կարելի էր:
Ինձ փորձում էին ջրից դուրս հանել: Մի քանի ձեռքեր ամուր բռնեցին ու քաշեցին դեպի ափ:  Աչքերս բացեցի այն հույսով, որ կտեսնեմ ինձ նման մարդկանց:
-Այ թե բախտ եմ ասել, հա՜, մի քիչ էլ այն կողմ ընկներ, բետոնապատ պատնեշի հետ կողջագուրվեր, - անկեղծորեն զարմացած էր ինձ ափ հանող փրկարարը:
Մի քանի հարվածները դեմքիս ամբողջովին արթնացրին ինձ: Շուրջս բազմություն էր հավաքվել: Նրանք իրական մարդիկ էին և ոչ թե այլ քաղաքակրթության ներկայացուցիչներ, կամ հեռավոր ապագայի մարդիկ: Հայտնվեցին բժիշկներն ու պատգարակը: Փորձեցի կանգնել, բայց թույլ չտվեցին: Բժիշկը բռնեց ձեռքս հավանաբար զարկերակը ստուգելու համար, և այդ պահին կատարվեց անսպասելին: Հպումից անմիջապես հետո անհասկանալի կերպով զգացի նրա հույզերը, մտքերը, զարմանքը… Գուցե հնարավոր էր կանխատեսել, որովհետև նման բարձրությունից ընկնողները կենդանի չեն մնում, և տեսնել նման բախտավորի, հնարավոր չէ չզարմանալ: Սակայն սա այդ դեպքը չէր: Միտքս ասես սպունգի պես ներքաշում էր ինֆորմացիան ու գլխումս ստեղծում պատկերներ: Ես ոչ միայն զգում ու հասկանում էի մարդկանց, այլև կարողանում մեկ հպումով տեսնել ամենը մարդու մասին: Այ թե ինչ նկատի ուներ հեռավոր ապագայի մարդը, երբ ասում էր՝ դրդել, օգնել և մոտեցնել այս կյանքում առաքելությանը:
Այս անգամ ես գոռացի, և կարողացա գոռալ որքան ուժ ունեի: Ես ճչում էի որքան հնարավոր էր բարձր և որքան որ հնարավոր էր մեկ շնչով, մինչև ինձ տեղափոխում էին պատգարակի վրա:
-Հետտրավմատիկ շոկ, - լսվեց նույն բժշկի ձայնը:
Ես գոռում էի ու լալիս երեխայի պես՝ չհասկանալով, արդյոք պատրանքը վերածվեց իրականությա՞ն, թե՞ իրականությունից կրկին ընկա պատրանքի գիրկը, սակայն կարևորն այլ էր: Իրականություն էր այս, թե այն աշխարհը, ես էական չէր, էական էր այն, որ ես ողջ էի մնացել, ինձ տրվել էր ևս մեկ հնարավորություն փոխելու ներկան, ինչու՞ ոչ՝ նաև ապագան: Այս անգամ այդ հնարավորությունից ես ինձ այլևս երբեք չէի զրկի:

2015-12-29

Հետհայացք




   Անցավ ևս մեկ տարի: Թեպետ գեղեցիկ թվերով գրվող տարի էր, սակայն այդքան էլ հեշտ չէր: Հակասական զցաղողություններով, վերելքներով ու նաև անկումներով հագեցած տարի: Իմ կյանքի ամենաանբացատրելի տարին կարելի է համարել 2015-ը: Եվ հիմա՝ արդեն տարեմուտին, ամփոփելով անցյալ ժամանակով գրում եմ՝ հույս ունենալով ամենը թողնել անցյալում ու ամեն ինչ սկսել նորից...

  Շատ հարցերում եմ թերացել և չեմ խուսափի բարձրաձայնելուց, նաև սխալվել եմ, հաճախ եղել առավել քան սառը, ինչպես սառույցը, հաճախ հոգումս բորբոքել մի ողջ արև, իսկ այդպիսի ջերմաստիճանային տարբերությունը միանշանակ իրենց հետևանքներն են ունեցել: Անցել եմ շատ դժվարությունների միջով, հաճախ գերագնահատել ու շատ հարցերում թերագնահատել ինքս ինձ, եղել անհանդուրժող, կարեկցանքի փոխարեն՝ անտեսել, իրականն ու արժեքավորը՝ արժեզրկել, վանել լավը, շուրջս վատը կուտակել, եղել անհանդուրժող, ու այս ամենը գիտակցելով, ինքս ինձ հարցրել ու փնտրել պատճառներ: Եվ ի՞նչ եք կարծում, մեղավորներ գտնվե՞լ են: Այո՛, բայց միայն մեկը՝ ես... Վստահ եմ՝ շատերը չեն էլ նկատել, շատերին պարզապես ցույց չեմ տվել այն ամենն, ինչ կատարվել է իմ հոգում՝ այդ ամենը խորը թաքցնելով ժպիտի ներքո ու սա, թերևս, դրական կողմերից մեկն է հավանաբար: Իմ խնդիրները փորձելով ինքս լուծել՝ ավելի ամուր եմ կանգնել, ավելի վճռական ու պայքարի ոգով տոգորվել: Անցնելով ամենի միջով՝ հասել եմ այն գիտակցության, որ կյանքում ցավի ու տառապանքի դեմ կա մեկ միջոց՝ պայքար, պայքարել հանուն...
Պայքարել եմ հանուն լուսավորի, բարու, արդարության, թեպետ ավելի կարծրացած սրտով եմ նայել անարդարություններին, սակայն երբեք թույլ չեմ տվել դրանց տեղ գտնել իմ հոգում: Պայքարն այդ երբեք էլ չի ավարտվի, բայց ցավալի է, որ այդ պայքարի ընթացքում կորցրել եմ շատերին, անտեսել ու անկարող եղել կարևորն ու անկարևորը տարբերակելուց. պարզապես խնդիրներն այնքա՜ն շատ են եղել... Բայց հավատացնում եմ. գիտակցել եմ սխալներս ու հիմա պատրաստ եմ ընդունել դրանք՝ միաժամանակ ներողություն խնդրել: Ներողություն եմ խնդրում, եթե ցավ եմ պատճառել, եթե չեմ հասկացել, եղել եմ անտարբեր, սակայն ոչ մի դեպքում չեմ դրել վերջակետեր, այլ շարունակելի համարելով, դրել բազմակետեր... Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել, աջակցել, թիկունք կանգնել...
  Թողնելով ամենն անցյալում մաղթում եմ ինձ և ձեզ խաղաղության, ներդաշնակության, առողջության, բարեկեցության, նորանոր ձեռքբերումների, հաջողություններ և ամենակարևորը երջանկության, ցանկությունների, երազանքների իրականացման տարի... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...



2015-12-24

Հույսի նշույլներ




Գիշերն այս այնքան երկար է,
Գիշերն այս այնքան խավար,
Որ կորցնում եմ ինքս ինձ,
Երբ այս մութ գիշերում
Նորից մնում եմ ես մենակ...
Եվ այդ խավար լռության մեջ,
Ինչպես փարոս է առկայծում
Հույսի նշույլը, որ դեռ կգաս...
Ու թե գաս՝ կապացուցեմ.
Սերն անմար է ու անհուն:
Պարզապես պետք է նայել
Սիրո աչքերին թախծոտ
Ու կգտնվեն բառերը բոլոր՝
Ամփոփված սիրո լռությամբ,
Պարզապես հավատալ է պետք
Սիրուն՝ սրտում պարփակված,
Սիրո հրաշքին՝ հոգում թաքնված:
Բայց նորից խավար գիշեր,
Ու նորից անխոս մենություն,
Իսկ աստղերը հեռավոր
Վերադարձիդ հույսի նշույլներ
Վառ ու բյուրավոր...


Иногда




Иногда бывает так,
Что мечты не сбываются,
Может даже не иногда,
А гораздо чаще...
Иногда бывает так,
Что забыть не просто,
Но тебя забывают.
И это им гораздо легче...
И так устроен этот мир:
Жить на нем не так уж просто,
Нужно только быть скромнее,
Но кто сказал, что это легче?
Кажется Жизнь полна грусти,
А счастье за горизонтом...
Просто так бывает тогда,
Когда в сердце нету счастья...
Армен Мхеян

2015-11-15

Նորից աշուն, և նորից դու



Ահա և ես, ու նորից դու...
Նորից աշնան պայծառ արև,
Աշնան քամի, դեղնա՜ծ տերև,
Նորից աշուն, ու ես և դու...
Նորից այսպես մի աշունի
Աշնան ոսկու ու արևի հետ,
Ինչպես քամին ու մի տերև
Պատահական հանդիպեցինք...
Նորից եկար դու շողի պես,
Դիպար հոգուն իմ նվաղած,
Հետո նորից հովի նման
Հայացք ձգիր ու հեռացար...
Բայց անգամ մեկ հայացքդ
Այնքա՜ն ջերմ էր ու հարազատ,
Որ բավ էր կյանքս ու աշունը
Գարունի փոխելու համար...
Դու հեռացար հեռո՜ւ-հեռու,
Ու արթնացրիր քեզնից հետո,
Ցավոք, արդեն անցյալ, բայց
Ջերմ ու բարի հիշողություն...
Արմեն Մխեյան 15.11.2013թ

2015-11-10

ԿԼԻՄԱՅԻ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ի՞նչ է կլիմայական փոփոխությունը 


            Արկտիկայի սառցապատ հատվածի միջին ջերմաստիճանը 1980-ականներից մինչ օրս բարձրացել է 3°C-ով…

 Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած, գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված «գլոբալ տաքացման» վտանգի, դրանում մարդկային գործունեության լուրջ դերի և հնարավոր ծանր հետևանքների մասին հիպոթեզը: Սկզբում,  հատկապես ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո,  այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք մարդկային գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը, հատկապես մեծ քանակությամբ աէրոզոլային   տարբեր նյութերի արտանետումը մթնոլորտ և այլն,  նպաստել Երկրի մթնոլորտի ստորին շերտերում այսպես կոչված «ջերմոցային էֆեկտի» և «գլոբալ տաքացման» պրոցեսներին և ինչ չափով, գիտնականների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան էին տալիս, ավելին, առաջարկում էին տարբեր մոդելներ բացատրելու համար իրենց այդ պնդումները:  Սակայն, հետագա  գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործունեության գործոնը թեպետ շոշափելի, բայց այդքան էլ հիմնավորված չէ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին նաև, որ Երկրի վրա գլոբալ կլիմայական փոփոխությունները պարբերական բնույթ ունեն, դրանք մոլորակի գեոմագնիսական դաշտի հետ տեղի ունեցող ցիկլիկ, բարդ  պրոցեսների և այդ ընթացքում Երկրի մթնոլորտ ներթափանցող տիեզերական ճառագայթման հոսքի պարբերական, գլոբալ փոփոխությունների արդյունք են: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել Երկիր մոլորակի գոյության վերջին 100 մլն և ավելի տարիների ընթացքում  նրա մագնիսական (գեոմագնիսական) դաշտի վարքի ուսումնասիրության արդյունքքւմ:  Հիմք դրվեց գիտության նոր`«գեոմագնիսական դաշտի վարիացիաների և բարձր էներգիայի տիեզերական ճառագայթման ազդեցությունը Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության ու կյանքի էվոլյուցիայի վրա» և «գեոհնեաբանություն»  ոլորտներին: Այդ իսկ պատճառով առաջ քաշվեց մեկ այլ անվանում` «Կլիմայի համամոլորակային փոփոխություն»:
Այսօր որքան էլ գիտականորեն հիմնավորվում է Երկրի գեոմագնիսկան դաշտի ազդեցությունը և դրա հետևանքով Երկիր մոլորակի վրա  ցիկլիկ կլիմայական փոփոխության անխուսափելությունը, այնուամենայնիվ այս ամենին միանում է նաև մարդկային գործոնը, որը ևս էական վնաս է հասցնում, և մեծ թվով գիտնականների կարծիքով էլ ավելի է արագացնում համամոլորակային կլիմայական փոփոխության ցիկլը: Այս պնդումը վերջին ժամանակներս ևս ենթարկվում է քննադատության: Մի շարք մասնագետներ վստահ են, որ մարդկային գործունեությունը էական վնաս չի կարող հասցնել կամ ազդել Երկրի կլիմայական փոփոխության վրա, սակայն կան փաստեր, որոնք հիմնավորում են մարդկային գործունեության բացասական ազդեցությունը:

Մարդու գործունեությունը որպես կլիմայական համամոլորակային փոփոխության կարևոր տարր


Մարդու գործունեության հետևանքով առաջացող ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդն (CO2) առաջանում է հանածո վառելիքից էներգիա ստանալու ընթացքում և անտառների հատման ու այրման հետևանքով: Մեթանը և ազոտի ենթօքսիդն արտանետվում են գյուղատնտեսական գործունեության, հողօգտագործման մեջ փոփոխությունների հետևանքով և այլ աղբյուրներից: Հալոիդածխաջրածիններ (CFC, HFC, PFC) կոչվող արհեստական միացությունները և այլ երկարակյաց գազեր, ինչպիսին, օրինակ  ծծմբի հեքսաֆտորիդն է (SF6), ստացվում են արդյունաբերական եղանակով: Ջերմոցային գազերի արտանետումների աճող մակարդակն արդեն հանգեցնում է կլիմայի փոփոխության: Կլանելով ինֆրակարմիր ճառագայթները` ջերմոցային գազերը կլիմայական համակարգում ազդում են էներգետիկ հոսքերի բնական շրջանառության վրա: Դիտարկումները ցույց են տալիս, որ 20-րդ դարի ընթացքում գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0,74°C: Առկա են նոր և առավել համոզիչ փաստեր, որոնք վկայում են, որ վերջին 50 տարվա ընթացքում դիտարկվող տաքացումը մարդու գործունեության արդյունք է: Ըստ կանխատեսումների նման արագությամբ փոփոխության հետևանքով մինչև 2100թ. Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1,4-5,8OC: Այս փոփոխությունը մեր մոլորակի վրա կլինի, գոնե վերջին 10 հազար տարվա ընթացքում, դիտարկված կլիմայի փոփոխություններից ամենաընդգրկունը: Այս կանխատեսումը հիմնվում է արտանետումների հետագա աճի հիմնական շարժիչ ուժերի (բնակչության աճ և տեխնոլոգիական փոփոխություններ) մասին եղած մի շարք ենթադրությունների վրա, սակայն այն հաշվի չի առնում արտանետումների կրճատմանն ուղղված ջանքերը, որոնք ձեռնարկվում են որպես արձագանք կլիմայի փոփոխության հիմնահարցի: Սակայն անգամ այդ դեպքում կլիմայի փոփոխության մասշտաբները և ազդեցության չափերը, մասնավորապես տարածաշրջանային մակարդակով, խիստ անորոշ են: Օվկիանոսային ջրերի առավել ուշ սառչելու (կասեցման) հատկության շնորհիվ ջերմոցային գազերի արտանետումներից օվկիանոսների վերին շերտի ջերմաստիճանն անմիջապես չի փոփոխվի, այդ պատճառով մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունը կայունանալուց հետո  դեռևս մի քանի տասնամյակ  կլիման կշարունակի փոփոխվել:

1970-2004թթ. մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի ծավալը աճել է շուրջ 70%-ով:


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի հիման վրա կառուցվում են գլոբալ կլիմայական փոփոխության դեմ մղվող պայքարի աշխատանքները: Բաց լինելով ստորագրման համար 1992 թվականից` Ռիոյի համաշխարհային վեհաժողովում, նրա վերջնական նպատակն է` ջերմոցային գազերի խտությունը մթնոլորտում կայունացնել և հասցնել այն մակարդակի, որը կբացառի կլիմայական համակարգի վրա մարդու ներգործությունը: Այս մակարդակին պետք է հասնել այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի հնարավոր լինի, որ էկոհամակարգերը բնական ճանապարհով հարմարվեն կլիմայի փոփոխությանը, հուսալով, որ պարենի արտադրությունը չի վտանգվի, և տնտեսական զարգացումը կշարունակվի կայուն ձևով:
Ամենախոցելին Էկոլոգիական և սոցիալ-տնտեսական այն համակարգերն են, որոնք կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն են և քիչ հարմարվող: Զգայունությունն` այն աստիճանն է, որով համակարգը կարող է արձագանքել կլիմայի տվյալ փոփոխությանը. այն չափվում է, օրինակ, թե էկոհամակարգի բաղադրիչները, կառուցվածքը և գործունեությունը ինչպես կարձագանքեն ջերմաստիճանի տվյալ չափի բարձրացմանը: Հարմարվողականությունն այն աստիճանն է, որով համակարգերը կարող են փոփոխվել` ի պատասխան արդեն փոփոխված կամ սպասվող պայմանների: 

Մարդկության գործունեության  «արդյունքը»  և սպառնացող վտանգներ


2015թ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի: Նման ցուցանիշ մլորակում եղել 4-5 մլն տարի առաջ, նախքան սառցե դարաշրջանը…
Թեպետ այսօր կան որոշ գիտնականներ, ովքեր պնդում են, որ էկոլոգիական նպատակներով և գլոբալ տաքացման դեմ կանխարգելիչ աշխատանքների համար ծախսվող միլիարդավոր դոլարները անտեղի են և միայն որոշ անհատների են ձեռնտու, այնուամենայնիվ, հստակ կարելի է նկատել` արդյունաբերական դարաշրջան թևակոխումից հետո, մարդկությունն արդեն կարողացել է իր` կյանքի անհրաժեշտ բաղադրիչներ պարգևած մոլորակին հասցնել անդառնալի վնաս: Սկսած օրական արտահանվող միլիոնավոր տոննաների հասնող ընդերքի բնական պաշարները, դրանց ոչ ռացիոնալ օգտագործումը, բնական մեկ նյութի վերափոխումը մեկով, որի արդյունքում քայքայվում, վնասվում կամ անպիտան են դառնում շրջապատող ամեն ինչ: Երկիր մոլորակի արդեն բազմաթիվ հատվածներում կարելի է տեսնել մարկային գործունեության հետևանքով մեր մոլորակին հասցված վերքերը, որոնք ոչ միայն չեն լավանում, այլև տարեցտարի ավելի մեծ մակերես են սկսկում զբաղեցնել: Հազարավոր հեկտարներով անտառահատված տարածքներ, բաց ու փաք հանքավայրեր, թունավոր նյութերով հագեցած պոչամբարներ, մթնոլորտ արտանետվող բազում վնասակար նյութեր և այլն: Այս ամենը էապես փոխում են մեր մոլորակի դեմքը և բնականաբար բացասական ազդում նաև հենց մարդկանց վրա: Մոլորակը, որպես կենդանի օրգանիզմ, այլևս չի կարողանում բնականորեն վերականգնվել, արդյունքում նման տեմպերով շարունակելը ադեն իսկ գուժում է մարդկության բնօրրանի ոչնչացման մասին, ոչնչացում, որն իրականացվում  է մարդու ձեռքով:

Փորձենք նշել հնարավոր այն վտանգները, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել մեր մոլորակի համար: Աշխարհի բնակչության հսկայական մասը կենտրոնացած է համաշխարհարյաին օվկանոսի ջերից առնվազն 60մ հեռավորության վրա: Գլոբալ կլիմայական փոփոխությունների արդյունքում կանխատեսվում է համաշխարհային օվկանոսի ջրերի բարձրացում: Արդյունքում բնակչության համար առավել նպաստավոր և հարմարավետ տարածքներն անմիջականորեն վտանգի են ենթարկվում: Արդեն այսօր կան տարածաշրջաններ, որոնք ջրածածկույթից պաշտպանելու համար կառուցվում են պատնեշներ:

Վերջին տասնյամակում ջերմաստիճանի տարեցտարի բարձրացում է նկատվել: Նախորդ 2014 թվականը եղել է ռեկորդային տաք տարի կլիմայական ուսումնասիրությունների ողջ ժամանակահատվածում:
Համաշխարհային օվկանիոսի ջրերի տաքացման հետևանքով վտանգված է ողջ էկոհամակարգը: Գիտնակաների հաշվարկներով մի քանի տասնյակ կենդանատեսակներ իսպառ կարող են ոչնչանալ, եթե մոլորակի միջին ջերմաստիճանը նույն արագությամբ փոխվի անգամ 1° C-ով: Վերջին մեկ դարում  երկրագնդի միջին ջերմաստիճանն հասցրել է ջերմանալ 0.74° C-ով, իդեպ 0.18° C-ով միայն վերջին քսանամյակում:  Ջերմային էֆեկտի մեծացումը երկրագնդի որոշ հատվածներում հատկապես խիտ բնակեցված բնակավայերի համար ունենում է աղետալի հետևանքներ` տարերային աղետներ, ջերմաստիճանի տատանումների մեծացում, եղանակային անոմալիաներ և այլն:
Հյուսիսային սառուցյալ օվկանոսի և Գրենլանդիայի սառցաշերտը վերջին հարյուրամյակում կտրուկ տեմպով կրճատվում է: Մոտավոր հաշվարկներով աշխարհի ամենամեծ կղզին մինչև 2100 թվականը կարող է ամբողջովին ձերբազատվել սարցաշերտից, որն իր հերթին ևս օվկիանոսի մակարդակի բարձրացմանը կհանգեցնի, ինչպես նաև այդ դեպքում կմեծանա արևային էներգիայից ջերմացող ցամաքային մակերեսը:
Ջերմաստիճանը որոշ տարածաշրջաններում կարող է անբերանպաստ դառնալ բակչության համար: Ի դեպ, եթե խոսվում է միայն ջերմաստիճանի բարձրացման մասին, ապա պետք նշել նաև, որ մոլորակի մի շարք հատվածներում այն կարող խիստ նվազել: Հատկապես բարձրալեռնային գոտիներում սառցաշերտերի մեծացում կարող  է նկատվել: Որոշ հատվածներ կարող են ավելի խիստ չորային դառնալ: Հյուսիսային բևեռի սառցաշերտի փոքրացումը սիբիրում և սառցապատ հատվածներում կարող է էլ ավելի հսկայական վնաս հասցնել ողջ մարդկությանը: Այստեղ սարցաշերտի տակ կուտակված մեթանը և այլ պայթունավտանգ գազեր կարող են ընդհուպ մոտենալ երկրի մակերևույթին, անգամ մղվել մթնոլորտ, որի արդյունքում առանց այդ էլ թունավոր արտանետումներից հագեցած մթնոլորտը էլ ավելի կարող է աղտոտվել:

Առոջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած ուսումանսիրությունների գնահատակներն ավելի մտահոգիչ են բնակչության կյանքի և գործունեության առումով և նշում են ժողովրդագրական մի շարք խնդիրների առաջացումը: 
Գծապատկերում ներկայացված է ժողովրդագրական խնդիրների կապը արտադրության և ռեսուրսների միջև:
Ըստ հաշվարկված տվյալների երկրագնդի անապատային գոտու մեծացումն անխուսափելի է: Խմելու ջրի պաշարաների նվազումը նույնպես: Վերջինս կարող է հանգնեցնել բազմաթիվ համաճարակների տարածմանը: Ջերմաստիճանային կտրուկ տատանումները բացասական կազդեն միլիոնավոր մարդկանց առողջության վրա: Հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների սրում է դիտվում, իսկ մահացության թիվը կարող է կրկնապատվել, անգամ եռապատկվել: Արտադրության հետևանքով ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտումը կհանգեցնեն հողի, ջրի աղտոտմանն ու անպիտան դառնալուն:
Օզոնային շերտի խիստ վնասումը ևս իր բացասական հետևանքները կարող է ունենալ: Այսօր մոլորակի որոշ տարածաշրջաններում օզոնային շերտը խիստ վնասված է և Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն ընդհուպ հասնում են Երկրի մակերևույթ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` դրա հետևանքով կարող է կտրուկ աճել մաշկային հիվանդություններով մարդկանց թիվը:

Ամփոփում կամ անհրաժեշտ քայլեր


Երկիր մոլորակը, որպես կենդանի օրգանիզմ և փոխկապակցված համակարգ, մեկ ամբողջություն է: Ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել և առաջ բերել բազմաթիվ այլ խնդիրներ: Խոսելով համամոլորակային կլիմայական փոփոխությունների մասին պետք է նշել, նաև, որ Հայաստանը ևս չի կարող զերծ մնալ այս խնդիրներից: Մոտակա մեկ տասնյամյակում որոշ մասնագետների կանխատեսումենրի համաձայն միայն Հայաստանի Հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: 10-15 տոկոսով կնվազեն մթնոլորտային տեղումները, որն էլ իր հերթին կբերի կիսաանապատային և անապատային գոտու ավելի քան 30 տոկոս մեծացման: Առանց այդ էլ այսօր ադեն նկատելի է Արարատյան հարթվայրում արտեզյան ջրային պաշարների խիստ նվազում: Սա միայն գնահատականներ են Հայաստանի համար, սակայն պատկերը համամոլորակային է: Մարդկությունը պետք է հստակ հետևի ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից հաստատված ծրագրերի պահանջներին, հնարավորինս կրճատի ռեսուրների ոչ ռացիոնալ օգտագործումը կամ անցնի էկոլոգիապես առավել մաքուր ռեսուրսների օգտագործմանը` այդ կերպ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի թիվը: Հասկանալի է, որ Երկիր մոլորակի գլոբալ կլիմայական փոփոխությունները որքան էլ կապված լինեն ցիկլիկ պարբերաշրջանի հետ, այնուամեմայնիվ մարդկային գործոնի հետևանքով այդ ցիկլի արագացում է նկատվում: Շատ գիտնականներ արդեն անշրջելի են համարում  այն գործընթացները, որ սկսվել են 20-րդ դարի կեսից, բայց այնումենայնիվ դեռ կա հնարավորություն առավել նվազեցնել բոլոր այն վտանգները, որոնք կախված են ներկայիս մարդկության գլխին, առավել ևս հետագա սերունդների:

2015-09-16

«Երբ խոսքեր չկան ասելու» բլոգն արդեն 4 տարեկան է




  Այսօր իմ բլոգը դարձավ ուղիղ 4 տարեկան: Դեռ հեռավոր 2011 թվականին հենց այս օրը «Ժպտա» բանաստեղծության հրապարակմամբ ու իմ անձնական բլոգով ներկայացա հանրությանը: Այս գրառմամբ կփորձեմ ամփոփել անցած 4 տարիների ընթացքում իմ բոլոգում տեղ գտած գրական և ամենաշատ էջադիտումներ ունեցող ստեղծագործությունների տասնյակը...

Աֆորիզմների էջն ամենաշատ դիտումներ ունեցող էջն է՝ 15173,
«Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ» պատմվածքը երկրորդն է՝ 11966,
«Անցյալի մեկ գարուն» պատմվածքը երրորդ տեղում է՝ 3821 էջադիտում,
«Աշուն է ոսկի» չափածոն չորրորդ հորիզոնականում է՝ 2381,
«Սեր» ստեղծագործությունը հինգերորդն է՝ 2171,
«Աշնան գույներն իմ հոգում» գրառումը վեցերորդն է՝ 2144,
«Վերջին բաբախյունը» պատմվածքը յոթերորդն է՝ 2019 էջադիտում,
Արքայադուստր Դիանայի մասին էսսեն ութերորդն է՝ 2008,
«Արթնացրու, երբ բացվի լույսը» պատմվածքը, որն այս պահին իմ վերջին ստեղծագործությունն է, հայտնվել է ամենաշատ էջադիտումների տասնյակի իններորդ հորիզոնականում՝ 1537 էջադիտում,
«Ժամանակից մեկ ակնթարթ առաջ» միստիկ պատմվածքն էլ եզրափակում է տասնյակը 1043 էջադիտումով:
  Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր ընկերներիս, նրանց, ովքեր անշահախնդրորեն աջակցել են ստեղծագործությունների խմբագրման, սրբագրման աշխատաքներին, հատկապես Արամ Հովակիմյանին և Կարեն Սարգսյանին: Շնորհակալություն բլոգիս բոլոր ընթերցողներին ովքեր անհամբերությամբ սպասում են նոր գրառումներին և ստեղծագործությունների հրապարակվելուն: Շնորհակալ եմ: