2011-10-13

Հրաշագործ Հարրի Փոթթերը


  Արդեն տասներկու տարի Հարրի Փոթթերի երկրպագուներին կապույտ էկրաններին գամված է պահում բրիտանացի հայտնի գրող Ջոուան Ռոուլինգի համանուն վեպի հիման վրա նկարահանված Հարրի Փոթթերի մասին պատմող ֆիլմաշարքը: Սակայն ավարտվեցին գրքերը, վերջերս էլ հանրության դատին ներկայացվեց «Հարրի Փոթթերը և Մահվան ընծաները» ֆիլմի երկրորդ մասը, որը, ինչպես և նախորդ ֆիլմերը, մի քանի անգամ ավելի եկամուտ ապահովեց, քան ֆիլմի բյուջեն էր: Նախ անդրադառնանք ստեղծագործութանը: Որպես այդպիսին ֆենթզի ժանրում և հատկապես երեխաների համար գրված ստեղծագործություն, այն յուրահատուկ է, և հատկապես, որ այն այն հայտնի է ամբողջ աշխարհում: Խնդիրն այն չէ, որ շատերը այն շատ-շատ են սիրում կամ ընդհանրապես չեն սիրում, այլ այն է, որ այդ ստեղծագործության մասին գիտեն գրեթե բոլորը:
 Ի սկզբանե այն իսկապես միայն երեխաների համար էր, սակայն ֆենթզի ժանրը յուրահատուկ է նրանով, որ չի հանդուրժում տարիքային որևէ սահմանափակում և յուրաքանչյուրը կարող է յուրովի ընկալել ստեղծագործությունը կարդալիս: Հարց է առաջանում, կարելի՞ է պնդել, որ Ռոուլինգին հաջողվեց կրկնել Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկիենին, ով իր «Մատանիների տիրակալը» եռապատման և մի շարք այլ ստեղծագործությունների համար ստեղծեց մի ողջ նոր աշխարհ, իրենց բնակիչներով, հերոսներով, անգամ ստեղծեց լեզու հաղորդակցության համար՝ իր ողջ քերականությամբ հանդերձ: Իհարկե Ռոուլինգի մոտ նկատվում է նման փորձ (օրինակ հրաշագործ բառերի օգտագործումը), սակայն նոր լեզու ստեղծելու կարիք կարծես թե չզգացվեց:
Ռոուլինգը հիմնականում օգտագործել է այն, ինչ Տոլկիենը: Ստեղծագործության մեջ մենք հանդիպում ենք էլֆերի, դիցաբանական մի շարք էակների՝ միաեղջյուր, ցլեմարդ և այլն, սակայն հեղինակը հարստացրել է ստեղծագործությունը նոր էակներով, որոնց մենք չենք հանդիպի և ոչ մի այլ դիցաբանական գրվածքներում:
  Ջոուան Ռոուլինգը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ մտադրություն չի ունեցել գրել գիրք Փոթթերի մասին: Փոթթերը եղել միայն այն հեքիաթների հերոսը, որոնք նա պատմել է երեխային քնելուց առաջ, սակայն Փոթթերին վիճակված չէր լինել հերոս՝ միայն փոքրիկ հեքիաթներում: Տարիներ անց այն կդառնա աշխարհում ամենատարածված և ամենահայտնի գրքի հերոսը և համաշխարհային ճանաչում կբերի ոչ միայն գրքի հեղինակին, այլև ֆիլմի գլխավոր դերակատարներին:
  Հարրի Փոթթերի մասին պատմող առաջին գիրքը՝ «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» գրվել է ավելի քան հինգ տարիներ ընթացքում, հրապարակվել 1997 թ-ին: Հեղինակը խոստովանում է, որ նման արդյունք սպասել գրեթե անհնարին էր, հատկապես, երբ երկու տարբեր հրատարակչություններից մեկը անմիջապես մերժել էր տպագրել գիրքը՝ համարելով այն անհիմն ստեղծագործություն, սակայն գիրքը հրատարակվեց մեկ այլ հրատարակչության կողմից ընդամենը 1000 տպաքանակով, որի մեծ մասը ուղարկվեցին մանկական գրադարաններ: Այնուհետև Ռոուլինգը Շոտլանդական The Scottish Art Council ընկերության կողմից ստացավ գրանտ, հաջորդ գրքի ստեղծման համար և արդեն 1998թ-ին պատրաստ էր հրապարակման երկրորդ՝ «Հարրի Փոթթերը և գաղտնի սենյակը» գիրքը:
1999թ և 2000թ լույս են տեսնում հաջորդ երկու՝ «Հարրի Փոթթերը և Ազկաբանում բանտարկվածը», «Հարրի Փոթթերը և Հրե գավաթ» գրքերը: Այնուհետև երեք տարի շարունակ լռություն էր: Ռոուլինգը երկար ժամանակ չէր աշխատում նոր գրքի վրա: Հիմնական պատճառը ամուսնությունն էր, այնուհետև երկու երեխաների լույս աշխարհ գալը: Միայն 2003թ-ին լույս է տեսնում « Հարրի Փոթթերը և Փյունիկ միաբանությունը», իսկ հաջորդ՝ «Հարրի Փոթթերը և խառնարյուն արքայազնը» գիրքը 2005թ-ին: Վերջին՝ յոթերորդ գիրքը լույս տեսավ 2007թ.-ին հուլիսին, որով էլ Ռոուլինգը եզրափակեց ստեղծագործությունը: Սակայն մինչ գիրքը կհայտնվեր գրախանութներում, ոմանց հաջողվել էր առաջ ընկնել և տպագրել ստեղծագործությունը: Պարզվեց, որ մի քանի հաքերների հաջողվել է ձեռք բերել գրքի թվային տարբերակը և հրատարակել այն նախքան պաշտոնապես կհայտարարվեր գրքի վաճառքի մասին: Գրքի հանդեպ հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մի քանի ժամում վաճառվել էր տասնյակ հազարավոր թվաքանակով գիրք, որոնք փաստորեն անօրինական էին:
 Այսպիսով տասը տարի անց ավարտվեցին բոլոր աշխատանքները և Ռոուլինգը հայտարարաեց, որ այլևս չի լինելու մեկ այլ գիրք Հարրի Փոթթերի մասին, սակայն վերջերս լուրեր տարածվեցին այն մասին, որ պատրաստվում է հրապարակվել գիրք, որում մանրամասն կներկայացվեն ստեղծագործությունում տեղ գտած բոլոր կերպարներն ու էակները: Սա, թերևս կլինի վերջինը…
  Ստեղծագործության հիմքում ընկած է չար և բարի ուժերի հավերժ պայքարը: Այդ ուժերը մեր աշխարհից են, սակայն մարդիկ են, ովքեր օժշտված են գերբնական ուժերով, նրանք ընտրյալներ են, կախարդանքի ու հրաշագործության վարպետներ, ովքեր ունեն իրենց կախարդական աշխարհը և նույնիսկ նախարարություն: Նրանք հաճախ մեր մեջ են, սակայն փորձում են չխառնել իրական աշխարհը կախարդական աշխարհի հետ: Կախարդանքն ու հրաշագործությունը հասարակ մարդկանց համար անհասանելի են և ոչ ընկալելի: Ահա այս է ողջ ստեղծագործության հիմնական գաղափարը:
1998թ-ին ամերիկյան հայտնի Worner Brosers կինոընկերությունը գնեց հեղինակային իրավունք նկարահանելու ֆիլմ առաջին երկու գրքերի հիման վրա:
Կարելի է ասել այստեղից սկսվեց ամեն ինչ: Ֆիլմի էկրանավորումը էլ ավելի մեծ ճանաչման բերեց գրքի հեղինակին, իսկ ֆիլմը դարձավ ամենահաջողակ ֆիլմերից մեկը: Ֆիլմի ողջ բյուջեն կազմեց 125 մլն ամերիկյան դոլար, իսկ եկամուտը ավելի քան 970 մլն: Առաջին ֆիլմը էկրան բարձրացավ 2001թ-ի նոյեմբերին, սակայն աշխատանքները սկսվել էին դրանից մեկուկես տարի առաջ: Ֆիլմի ռեժիսորն էր Քրիս Կոլուբոսը, ով բավականին եկար ժամանակ փնտրում էր ֆիլմի գլխավոր հերոսին և ավելի քան 16 հազար թեկնածուներից, նա ընտրեց Դենիել Ռեդկլիֆին, ում ծնողները այդքան էլ կողմ չէին որ իրենց միակ զավակը սկսի դերասանական կարիերա: Սակայն պատահական հանդիպման ժամանակ Քրիս Կոլուբոսը անձամբ է առաջարկում Դենիելի ծնողներին երեխային կաստինգին ներկայացնել, ու նա անմիջապես ընտրվում է գլխավոր հերոսի դերում: Ուրախալի լուրը Դենիելին հայտնում են նրա տարեդարձի օրը, որը փոխում է նրա ողջ կյանքը: Ֆիլմի նկարահանումները բավականին դանդաղ էին ընթանում, քանի որ երեխաները նկարահանման հարթակում լինում էին ընդամենը չորս ժամ և հիմնական ժամանակը ծախսվում էր փորձերի վրա: Հաճախ ստիպված էին լինում օրեր շարունակ աշխատել ընդամենը մեկ դրվագի նկարահանման համար: Այսօր արդեն երիտասարդ դերասանները նշում են, որ ամենաբարդը եղել է հենց առաջին ֆիլմը: Նրանց համար այդ աշխարհը բացարձակ նոր էր և դժվար էր մտնել դերի մեջ:
  Շատերը նկատել են՝ ֆիլմում չեն երևում ոչ համակարգիչ, ոչ բջջային հեռախոս և նման այլ սարքավորումներ: Բանն է, որ իրադարձությունները տեղի են ունենում 1990-1998 թվականներին և հրաշագործների աշխարհում կան այն ամենը, ինչ կարող է փոխարինել այդ նորագույն տեխնոլոգիաներին: Չնայած ֆիլմը դիտելիս թվում է թե իրադարձությունները մեր օրերում են կատարվում, հատկապես երբ «գովազդվում» է Nimbus 2000 ցախավելը:
Անդրադառնանք գրքի ամենակարևորագուն սիմվոլներից մեկին՝ կախարդական փայտիկին: Բոլոր հրաշագործները ունեն իրենց սեփական փայտիկը և հետաքրքիր է այն, որ հենց այդ կախարդական փայտիկն է ընտրում իր տիրոջը: Կախարդական փայտիկների գաղափարը նորամուծություն չէր հեղինակի կողմից: Մի շարք կախարդական հեքիաթներում մենք հաճախ ենք հանդիպում նման առարկաների (փայտիկ, գավազան և այլն), որոնց միջոցով հրաշագործները կարողանում են կիրառել այս կամ այն կախարդանքը:
  Առաջին ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, Warner Brosers կինոընկերությունը անմիջապես ձեռնամուխ եղավ երկրոդ ֆիլմի նկարահանումների սկսվելուն, որից հետո գնեց մնացած բոլոր գրքերի էկրանավորման իրավունքը: Ֆիլմաշարի վրա աշխատել են չորս հայտնի ռեժիսորներ՝ Քրիս Կոլուբոսը, Ալֆոնսո Կուարոնը, Մայքլ Նյուելը, և Դեյվիդ Յեյթսը: Չնայած ռեժիսորների փոփոխությանը, հիմնական դերասանական կազմում փոփոխություններ չէին կատարվում:
  Ահա սա էր այն հիմնական պատճառներից մեկը, որ միլիոնավոր հանդիսատեսը ֆիլմի շարունակությանը մեծ անհամբերությամբ էր սպասում, քանի որ նորից տեսնելու էր այն դերասաններին, ովքեր դարձել էին ֆիլմի կոլորիտային կերպարները:
Հաջորդ՝ «Հարրի Փոթթերը և գաղտնի սենյակը» ֆիլմը էկրան բարձրացավ 2002թ-ին, իսկ 2004թ-ին` «Հարրի Փոթթերը և Ազկաբանում բանտարկվածը», որի ռեժիսորն էր Ալֆոնսո Կուարոնը: Այս ֆիլմը կարելի է ասել ամենահետքրքիրն է: Գիրքը բավականին շատ էր ընթերցվել, սակայն մնացած այլ ֆիլմերի համեմատ այն ամենաքիչ հասույթ ունեցած ֆիլմն է՝ 795 մլն ( ֆիլմի բյուջեն կազմեց 130 մլն): Այս ստեղծագործությունը բեկումնային էր, քանի որ այստեղ մենք հանդիպում ենք նոր կերպարների, նոր հերոսների: Ռոուլինգը համարձակորեն նոր այնպիսի կերպաներ էր ստեղծել, ինչպիսին են դեմենտորները, Կտցաթևը և այլն: Գրքի սյուժեն իսկապես հետաքրքիր է: Հերոսները ստիպված են լինում նորանոր փորձությունների միջով անցնել, անգամ ժամանակը ետ տալ: Ավելին, Հարրին գտնում է իր կնքահորը (նրան մարմնավորում է հայտնի դերասան Գերի Օլդմանը), հայտնի է դառնում ծնողների սպանության իսկական մեղավորը և այլ մանրամասներ: Դերասանական անձնակազմը աշխատում է գրեթե ամբողջ օրը: Հատկապես Դենիելը նույնիսկ ազատ ժամանակ փորձում էր հատուկ բարդ տեսարանների շարժումները և միայն բարդագույն ու էֆեկտներով հարուստ տեսարաններում էին բեմահարթակը տրամադրում կասկադյորներին: Մի խոսքով Ալֆոնսո Կուարոնից մեծ ջանք ու եռանդ պահանջվեց գրքի բոլոր մանրամասնությունները 142 րոպեում տեղավորելու համար, երևի թե սա էր միակ պատճառը, որ ֆիլմում հայտնվեցին մի քանի կիքսեր, որոնք չէին կարող չվրիպել հանդիսատեսի աչքից: Նշենք դրանցից մեկը. երբ դեմենտորները կանգնացնում են գնացքը, որով Հարրին ու իր ընկերներները ուղևորվում էին Հոգվարտս, ջերմաստիճանը անմիջապես ընկնում է, անձրևի կաթիլները ապակու վրա բյուրեղների են վերածվում, սառույցի է վերածվում նայև սեղանի վրա դրված ապակյա շշով ջուրը, սակայն միայն երանգային փոփոխությամբ: Բանն այն է, որ ջուրը սառչելիս և սառույցի վերածվելիս ընդարձակվում է, մեծանում է նրա ծավալը, իսկ այստեղ նման բան չի կատարվում: Հավանաբար ռեժիսորը այնքան էր տարված իր աշխատանքով, որ մոռացել էր ջրի ամենակարևոր հատկություններից մեկի մասին: Ինչևէ, ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ:
 Հաջորդ `«Հարրի Փոթթերը և Հրե գավաթը» ֆիլմը էկրան բարձրացավ 2005թ.-ին: Ֆիլմի ռեժիսորն էր Մայքլ Նյուելը: Ֆիլմն ամբողջությամբ նկարահանված է գրքի հիման վրա և այստեղ կարելի է ոչ միայն նոր կերպարների հետ ծանոթանալ, այլև նորանոր արարածների հանդիպել: Ֆիլմը հարուստ է հատուկ էֆեկտներով, գործողությունների արագ ու անսպասելի զարգացուներով և այն ավելի են գեղեցկացնում բազմաթիվ ու բազմապիսի ջրային չարքերն ու հսկա վիշապները, նորանոր բացահայտումներն ու հատկապես Վոլան դե Մորտի մարդկային կերպարանք ստանալը (չար ուժերի տիրակալին մարմնավորում է հայտնի օսկարակիր դերասան Ռեյֆ Ֆայնսը): Ֆիլմի բյուջեն 150 մլն դոլար էր, սակայն հասույթը կազմեց մոտ 900 մլն դոլար:
  2007թ.-ին լույս տեսավ վերջին գիրքը, նույն տարում հանդիսատեսին ներկայացվեց «Հարրի Փոթթերը և Փյունիկ միաբանությունը» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Յեյթսը, ում կվստահվի հետագա բոլոր ֆիլմերի նկարահանումը: Այստեղ ավելի ակնհայտ է դառնում չարի ու բարու սահմանագիծը: Չար ուժերի տիրակալը իր բանակն է հավաքում, նրան օգնության են հասնում նախկին ընկերները, որոնք բանտարկված էին Ազկաբանում: Ֆիլմի ավարտին սպանվում է Փոթթերի միակ կախարդ ազգականը՝ Սիրիուս Բլեքը, ով սպանվում է կախարդ Բելատրիսայի կողմից: Հարրիին վերջապես պարզ է դառնում իր և Վոլան դե Մորտին վերաբերվող կախարդանքի մասին, սակայն հարցերը էլ ավելի են շատանում:
Հաջորդ՝ ամենադրամատիկ և հետաքրքիր`«Հարրի Փոթթերը և խառնարյուն արքայազնը» ֆիլմը հանդիսատեսի դատին ներկայացվեց 2009թ-ին: Այն ամբողջովին տարբերվում էր մնացած այլ ֆիլմերից: Ռեժիսորը կրկին Դեյդիդ Յեյթն էր: Այստեղ արդեն ամեն ինչ ավելի ռեալ ու դրամատիկ տեսք է ստանում: Սպանվում է ժամանակների ամենամեծ կախարդներից մեկը՝ Ալբուս Դամբլդորը, ով Հարրի Փոթթերի անմիջական պաշտպանն էր: Պարզ է դառնում կեղտոտ դավաճանության մասին: Անսպասելի հարվածը գլխավոր հերոսին ստիպում է իր ընկերների հետ միասին հեռանալ դպրոցից և միայնակ պայքարել Չարի դեմ: Այս ֆիլմը իր բյուջեով ամենածախսատարն էր՝ 250 մլն դոլար, սակայն բոլոր հույսերը արդարացվեցին: Ֆիլմի հասույթը կազմեց 950 մլն դոլար և իհարկե հող նախապատրաստեց ամենավերջին երկու ֆիլմի հաջողության համար: 2010թ-ի աշնանը և 2011թ ամռանը էկրան բարձրացան վերջին՝ «Հարրի Փոթթերը և Մահվան ընծաները» ֆիլմի համապատասխանաբար առաջին և երկրորդ մասերը: Հանդիսատեսը մեծ անհամբերությամբ էր սպասում ֆիլմի վերջին, որով էլ կեզրափակվեր ամբողջ ստեղծագործությունը: Ռոուլինգը գրքի ամենավերջում բացահայտում է բոլոր մանրամասնությունները՝ ավելի դրամատիկ երանգ հաղորդելով ստեղծագործությանը: Պարզվում է՝ Հարրին պետք է մահանա միայն նրա համար, որպեսզի Վոլան դե Մորտը ևս մահանա, քանի որ դեռ մանուկ ժամանակ, երբ Հարրիի ճակատին դաջվեց կայծակի նմանությամբ սպին, Վոլան դե Մորտի հոգու մի մասնիկը մտավ Հարրիի մեջ: Նրանք պետք է մեռնեն միասին…
  Սակայն ամեն ինչ դեռ ավարտված չէ, ամեն ինչ ավելի երջանիկ ավարտ է ունենում: Վոլան դե Մորտը մահանում է սեփական կախարդանքից, այն փայտիկի միջոցով, որով Հարրիին պետք է սպաներ:
 Երկու ֆիլմերի համար ընդհանուր բյուջեն կազմեց 250 մլն դոլար, սակայն երկու ֆիլմերից հավաքված հասույթը կազմեց ավելի քան 2 մլրդ 300 մլն դոլար:
Իսկ հիմա մի անգամ ևս անդրադառնանաք ստեղծագործությանը: Ռոուլինգը բավականին աշխատանք է տարել ուսուցողական և դաստիարակչական նշանակություն հաղորդելու համար: Գրքում օգտագործվել են նումերոլոգիական ու մի շարք հնարքներ, սիմվոլիկաներ, բավականին շատ հետքրքիր մտքեր, որոնք դարձել են անգամ թևավոր խոսքեր և ասույթներ, իսկ այն, որ «Հարրի Փոթթերը» միայն երեխաների համար չէ, ավելի ճիշտ մեծերի համար է, կասկած չկա: Գրքում գլխավոր կերպարները արտացոլում են մարդկային արժանինքներն ու հատկությունները: Օրինակ Հարրին. նա մինչև 11 տարեկանը ոչինչ չգիտեր անգամ իր ծնողների մասին և չէր էլ կարող ենթադրել, որ ընդամենը մի քանի տարի անց միայն ինքը կկարողանա արժանի հարված հասցնել այն չար ուժերին, որոնք ցանկանում էին կործանել մի ողջ աշխարհ: Ռոուլինգը առաջնային է համարել խարիզման և ոչ թե գիտելիքը: Մենք հիշում ենք ինչպես էր առաջին գրքում Սեվերուս Սնեյփը նսեմացնում Փոթթերին նրա համար միայն, որ վերջինս տեղյակ չէր խոտաբույսերի տեսակներից: Սակայն Հարրին իսկական լիդեր էր, ընտրյալ, ում վիճակված էր մեծ գործեր իրականացնելու:
  Ամենահետաքրքիր կերպարներից մեկն է նաև Ալբուս Դամբլդորի կերպարը: Այս հրաշագործ կախարդը լի է բարությամբ ու մեծ իմաստությամբ: Ռոուլինգը չի էլ ցանկացել որևէ փոփոխություն մտցնել բարի հրաշագործ պապիկների կերպարի մեջ: Նա ճերմակ մազերով է, երկար մորուքով, բարի ու միշտ խորհրդավոր ժպիտով, որ ասես ասում է՝ ես գիտեմ ավելին քո մասին, քան դու ինքդ քո: Առաջին երկու ֆիլմերում Ալբուս Դամլդորի կերպարը մարմնավորել է հայտնի դերասան Րիչարդ Հարիսոնը, սակայն երկրորդ ֆիլմի նկարահանումների ավարտից քիչ անց նա վախճանվում է: Հետագա բոլոր ֆիլմերում Ալբուս Դամլդորին մարմնավորում է Մայքլ Գեմբոնը:
  Ողջ ստեղծագործության ամենահակասական ու ամենակենտրոնական կերպարներից մեկն է Սեվերուս Սնեյփը: Այս հրաշագործ կախարդը ում մարմնավորում է հանրահայտ և շատ սիրված դերասան Ալան Րիքմանը, ըստ մի շարք հարցումների, ամենասիրված և կարևոր հերոսն է: Նրա խիստ ու միաժամանակ սառը հայացքից անհանար է հասկանալ որևէ բան: Նա միշտ սև հագուստով է, ավելին, ժամանակին Վոլան դե Մորտի հանցակիցը: Սակայն նա հավատարիմ է բարի ուժերին: Նա տարիներ շարունակ օգնում է Դամբլդորին Չարի դեմ պայքարում, մնալով ստվերում: Նա չի դավաճանում ամենավերջին պահին անգամ, երբ օգնում է Մալֆոյին սպանել Դամբլդորին, նա միայն իրականացնում է այն մեծ ծրագիրը, որի մի մասն էր Դամլդորի մահը: Ստեղծագործության վերջում բացահայտվում է այն գաղտնիքը, թե ինչու էր նա միշտ Փոթթերի հետ ավելի կոպիտ, քան մնացած աշակերտների հետ: Հարրիի մեջ նա նրա հորն էր տեսնում, նրան ով ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ: Այս դրամատիկ կերպարի խստության ու հպարտության ներքո Ռոուլինգը ներդրել է ամենազգացմունքային ու տառապած սիրտը: Սնեյփը զոհվում է, սակայն մինչ այդ հասցնում է Հարրին ասել ամեն ինչ: Ի դեպ Ալան Րիքմանը ստիպված էր մտնել իր իրական տարիքից մոտ 35 տարի ավելի փոքր կերպարի մեջ, ինչը հանճարեղ դերասանի մոտ ստացվում է անթերի:
  Այսպիսով ամփոփենք՝ 2011թ.-ի հունիս ամսվա դրությամբ ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 450 մլն գրքի օրինակ: Կինոստուդիան բոլոր ֆիլմերի համար ծախսել է մոտ 1 մլրդ 130 մլն ամերիկյան դոլար, իսկ 8 ֆիլմեից ստացված հասույթը կազմել է 7 մլրդ 330 մլն դոլար: Գիրքը թարգմանվել է 67 տարբեր լեզուներով, պահանջել է 10 տարվա աշխատանք, ստացել 9-ը ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակ, նկարահանումների ժամանակ նկարահանվել են ավելի քան 250 տարբեր կենդանիներ (կատուներ, բվեր, չղջիկներ, մկներ, առնետներ, շներ և այլն), ավելի քան 200 հմայախոսք, 200-ից ավելի նոր ու դիցաբանական էակներ, կատարվել է 5800 անգամ սպիի տեղադրում և գրիմ միայն Փոթթերի համար, օգտագործվել 100 հազարից ավել տարբեր հագուստ և աքսեսուար դերասանական անձնակազմի համար իսկ աշխարհում այսօր ապրում են հարյուրավոր իրական Հարրի Փոթթեր անունը կրող մարդիկ և այս թվերը դեռ կարելի է շարունակել…
 Ինչևէ, սպասենք համաշխարհային նոր կախարդի ծնվելուն, իսկ Փոթթերն արդեն իր առաքելությունն իրագործեց:





Комментариев нет: