2011-10-26

Հեռու հեռվում


Հեռու հեռվում, տե՜ս մի լույս է առկայծում,
Այնտեղ` հեռվում, հորիզոնի ու երկնքի միջև,
Ուր ճանապարհը ձուլվում է երկնքին,
Եվ որտեղ գույները` պայծառ ու այնքան ջերմ,
Միախառնվում են մթի ու խավարի հետ,
Եվ այնտեղ նոր երանգն է ծնվում գույնի…

Վառվում են աստղերն ու մեղմ առկայծում
Գիշերն է ինձ պարուրում խավարի քողով,
Բայց խավարը բացարձակ …չէ, ինչպես և ամեն ինչ
Աստղերն են լույսի կանթեղներ և այնտեղ լուսավո՜ր է
Ինչպես ճանապարհի վերջում`
Հեռու հեռվում, հորիզոնի ու երկնքի միջև…


Ու քայլերն են տանում ինձ դեպի հեռուներ,
Հեռուներ` անհայտ ու գաղտնի
Եվ ուղին է իմ քարքարոտ, բայց ես գնում եմ
Դեպի հորիզոնի լույսը այն պայծառ, իսկ աստղերը
Դեռ վառվում են վերևում հանդարտ…
Նրանք միշտ ինձ հետ են. հոգուս մասնիկն են ասես հիմա…


Մարում են դանդաղ վերջին շողերը մայրամուտի
Ու հոգնած ոտքերս էլ չեն գնում առաջ
Ծնկի եմ գալիս ճանապարհին այդ փոշոտ,
Այդժամ լռությունն է միայն լցնում դատարկությունը,
Իսկ աչքերս թաց են ու այնքա՜ն հոգնած,
Որ փակվում են ու քունն է իջնում աննկատ…


Եվ այնտեղ, ուր հեքիաթն է իշխում ամենուր
Ուր երազանքը մի ակնթարթում դառնում է իրական,
Եվ հրաշքը այնքան մոտ է ու հասանելի,
Ավարտվում է իմ իրականությունը
Ու սկսվում երազների անսահման թագավորությունը,
Որտեղ միայն մենք ենք, աստղերն ու Տիեզերքը:

Комментариев нет: