2011-10-21

Կյանքից այն կողմ



   Տեղադրում եմ խմբագրված տարբերակը: Պատմվածքը խմբագրեց Արամ Հովակիմյանը:

 Դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր:
 Դատական նիստի սկսվելուն դեռ կար բավական ժամանակ, սակայն մեկ ժամից էլ ավելի կլիներ, ինչ դռները փակվել էին, բայց հետաքրքրասեր մարդկանց հոսքը դեռ շարունակվում էր  դատարանի շենք: Դժվար թե ամբոխի մեջ գտնվեր մեկը, որին հայտնի չլինեին դատական այս աղմկոտ գործընթացի մանրամասները: Գրեթե ամեն օր ԶԼՄ-ները նոր մանրամասներ էին ներկայացնում աղմկահարույց ու սարսռեցնող սպանության մանրամասների մասին, և այսօր պիտի որոշվեր մանկասպման մոր ճակատագիրը, ով առանց երկմտելու խեղդամահ էր արել իր իսկ երեխաներին: Ի՞նչ կորոշի դատարանը, որքա՞ն կդատապարտվի երեսուներկուամյա կինը սեփական երեխաների սպանության համար
 Դատարանի մուտքից քիչ այն կողմ հավաքված բազմության մեջ չէին դադարում աղաղակները. «Նման մայրերը իրավունք չունեն ապրելու», «Ամենախիս՛տ պատիժը մանկասպան մորը»: Մի քանի կանայք բռնել էին սպանված երեխաների լուսանկարները, որոնց տակ մեծ տառերով գրված էին՝ «Միայն մայրը չէ մեղավոր. աղանդները չարիք են ծնում»:
  Այս ու այն կողմում լրագրողներ էին: Հենց նոր տեղեկություն էր տարածվել, որ ժամանելու է դատախազության ներկայացուցիչը, իսկ նրան բազմաթիվ հարցեր էին սպասում: Այս անգամ ինչպե՞ս էին գլխավոր դատախազության ներկայացուցիչները խուսափելու մի շարք հարցերից, որոնք այդպես էլ մնում էին անպատասխան թե՛ նախաքննության և թե՛ դատական գործընթացի ժամանակ: Գլխավոր դատախազությունն ամենևին էլ շռայլ չէր այս ողջ աղմկահարույց դատավարության շրջանում: Լրագրողներին հաջողվել էր ինքնուրույն շատ ավելի մանրամասներ իմանալ, քան կարելի էր ստանալ պաշտոնական կողմից: Այսօր կհրապարակվի դատավճիռը, բայց ինչպես նմանատիպ այլ հանցագործությունների դեպքում, որոշ ժամանակ անց ամեն ինչ կմոռացվի և կրքերը կհանդարտվեն: Ճշմարտությունը քչերը կիմանան: Սա իհարկե լավագույն տարբերակն է քննիչների, դատախազության աշխատակիցների համար: Ավելորդ քաշքշուկները երկար չեն տևի, իսկ ամեն մի նոր հրապարակում մամուլում կարող է վնասել գործընթացին: Կարևոր տեղեկություններն այսօր լրագրողները կիմանան հենց դատարանի դահլիճում, իսկ մնացածն արդեն այնքան էլ կարևոր չէ:

  «Մերսեդես» մակնիշի մեքենան սլանում էր մեծ արագությամբ: Ուղևորների նստատեղում նստած էին երկու տղամարդ: Առաջինը տարեց էր, իսկ մյուսը երիտասարդ: Մինչ մեքենան նստելը երկուսն էլ լուռ էին, լուռ էին նաև մեքենայում: Այսօր կավարտվի այն, ինչին արդեն մոտ տասնմեկ ամիս սպասում էին գլխավոր դատախազությունում: Գործն անմիջապես հսկում էր գլխավոր դատախազի տեղակալներից մեկը, ում բազմիցս վստահվել էին ամենաաղմակահարույց հանցագործությունների բացահայտումներ և իզուր չէր, որ այս գործը ևս իրեն հանձնարարվեց: Չնայած այս մեկը դժվարություն չէր ներկայացնում այն բացահայտելու համար, քանի որ հենց սկզբից էլ մարդասպանը կալանավորվել էր և խոստովանել մեղքը: Բարդությունն այն էր, որ գործը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում և կարող էր ավելի լուրջ հետևանքներ ունենալ, իսկ այդ ամենի մեջ միակ մեղավորները լրագրողներն էին: Վերջին շրջանում նրանք ավելի ու ավելի են իրենց մասնակցությունը ունենում նման դատական գործերում, ավելի կոնկրետ՝ անհարկի մուտք են գործում այնտեղ, ուր պետք չէ: Գուցե դա նրանց աշխատանքն է, ինչ արած: Առաջինը լռությունը խախտեց տարեց տղամարդը
   - Դատապաշտպանն իր գործն արեց կարելի է ասել անթերի: Համաձայնվիր, Արման:
 -Մե՜ծ ջանքերի գնով. անգամ ամբաստանյալը դա երևի չի ցանկանում, բայց Վարդանյանն իր գործի տերն է ինչպես միշտ:
  - Այո, նա լավ է աշխատում, դատահոգեբանական փորձաքննության արդյունքները կրկին իր պաշտպանյալի օգտին են: Նա հասավ իր ուզածին, բայց ես կասկած չունեմ, որ այդ մայր կոչեցյալը գիտակցաբար է կատարել հանցագործությունը, իսկ այսօր դատարանն ամենայն հավանականությամբ նրան անմեղսունակ կճանաչի:
   Լսվեց բջջայինի ձայն: Արմանի հեռախոսն էր: Նա արագ սեղմեց միացման կոճակը: Մի քանի բառ խոսելուց հետո անջատեց:
  - Դատարանի մուտքի մոտ մեզ է սպասում լրագրողների մի ամբողջ բանակ, առանց մի քանի մեկնաբանություն անելու չենք ազատվի նրանցից, կարծում եմ:
   - Ուրեմն պատրաստ եղիր:

   Լուսինեն չէր կարող այս կարևոր պահը բաց թողնել: Որպես լրագրող՝ իր մասնագիտական պարտքն էր համարում հանրությանն առաջինը տեղեկացնել այն ամենի մասին, ինչ կատարվում է հենց այդ հանրության ներսում: Արդեն հինգ տարի էր ինչ աշխատում էր այս ոլորտում ու կարելի է ասել՝ տիրապետում էր իր մասնագիտության բավական նրբությունների: Ինչե՜ր ասես որ չէին պատահել աշխատանքի բերումով, սակայն դրանք ստիպել էին, որ ավելի մեծ փորձ ու հմտություն ձեռք բերի լրատվության և լրագրողության ասպարեզում: Նայեց ժամացույցին, արդեն պետք է այստեղ լինեին: Այսօր դատախազության ներկայացուցիչը իսկապես կկարմրի, իսկ անմիջապես դրանից հետո հոդվածը կտեղադրվի համացանցում: Այս անգամ հաստատ դատախազությունն ստիպված կլինի հանդես գալ հաղորդագությամբ, չէ՞ որ խոսքն անմիջապես վերաբերվելու է գլխավոր դատախազության աշխատակիցներից մեկին, այնպես որ, թող չկարծեն թե իրենք` լրագրողները՝ ձեռքները ծալած սպասում են միայն նրան, թե ինչ իրենց կհրամցնեն:
  Ց
անկացած անկախ լրագրողական հետաքննություն ավելին է տալիս, քան նրանց հետաքննությունները: Պատճառը մեկն է՝ ըստ իրենց, ավելորդ տեղեկությունը կվնասի գործին (հիմարություն, զուտ ժամանակ խնայելու և գործի ընթացքն «իրենցով» անելու փորձ): Օրեր առաջ նրա կատարած հետաքրքիր բացահայտումը նոր լույս կսփռի ամեն ինչի վրա: Հիմա հասկանալի է թե որն է պատճառը, որ չեն ցանկանում ավելի բացահայտ խոսել: Հայաստանի Հանրապետությունում տարեկան ինքնասպանություն են գործում 250-300 մարդիկ, որոնց մեծ մասը կրոնական հողի վրա. գումարած նույն հողի վրա կատարված սպանությունները, ինչպես այս դեպքը: Մայրը իր երկու երեխաներին ՝ չորս և վեց տարեկան, սեփական ձեռքերով կախել էր, խեղդամահ արել, հանուն ինչի՞, որո՞նք էին դրդապատճառները: Պաշտոնական վարկածն անգամ չէր հիշատակում կրոնական կազմակերպության մասին, որի շարքերը համալրում էր մանկասպան մայրը, ավելին այդ կազմակերպությունն անմիջապես հերքել էր, որ մարդասպանը կապ ունի իրենց հետ և դա բացահայտել գրեթե անհնարին է: Բայց հանցագործության վայրում հայտնաբերված աղանդավորականների մեծաքանակ գրականությունը բացարձակ այլ բան էր ասում:
  ՀՀ կրոնական կազմակերպությունների անդամների գրանցում հիմնականում չի կատարվում, ՀՀ համապատասխան օրենսգրքում անգամ հստակ չի ներկայացվում այնպիսի մի երևույթ, ինչպիսին հոգեորսությունն է, էլ ինչի՞ մասին է խոսքը:
 
Ահա այդ ամենի ու հատկապես խղճի, մտքի ու ազատության իրավունքի քողի տակ կրոնական կազմակերպությունները զարգանում են, ծավալվում, անցկացնում իրենց ծեսերն ու արարողությունները, անհանդուրժողությամբ վերաբերվում այն մարդկանց ովքեր, չեն ընդունում իրենց գաղափարները, իսկ իրենք իրենց համարում «հանդուրժողներ», Աստծո խոսքը տարածողներ, լուսավորիչներ: Ըստ վիճակագրության՝ միայն Հայաստանում գործում է վաթսունից ավելի կրոնական կազմակերպություն և սրանք միայն պաշտոնապես գրանցված կազմակերպություններն են, իսկ տվյալ ոլորտն ուսումնասիրողները հավաստիացնում են, որ նման կազմակերպությունների թիվը եռակի մեծ է նշված թվից: Այդքան շատ թվով կրոնական կազմակերպություններ գործում են գաղտնի, կամ գրանցված չեն Հայաստանում: Աղանդավորական կազմակերպությունները հիմնականում «բիզնես ծրագրեր» են: Մոտավոր հաշվարկներով միայն Հայաստանում աղանդավորական կազմակերպությունները տարեկան շրջանառում են մոտ մեկ միլիարդ ամերիկյան դոլար:
 Որո՞նք էին այն հիմնական պատճառները, որ օտար և հայի ինքնությանը չհամապատասխանող կրոնական կազմակերպությունները այդքան արագ սկսեցին տարածվել Հայաստանում: Միանշանակ խնդիրը պետք է փնտրել պետության և հասարակության ներսում: Ինչպե՞ս է պայքարում Առաքելական եկեղեցին օրեցօր տարածվող այդ կազմակերպությունների դեմ՝ միայն կոչերո՞վ, որ դրանք վտանգավոր են, չէ՞ որ միայն կոչերը չեն փոխելու իրավիճակը: Արդյո՞ք մեր ազգային եկեղեցին, որ դարեր շարունակ սուրը ձեռքին մարտնչել է թշնամու դեմ, երբ դարերով պետականություն չենք ունեցել, և որ ազգային ոգու կրողն ու պահպանողն է եղել, չի կարողանում պայքարել այլևս: Ինչպես երևում է՝ չի կարողանում:
   «Եկեղեցին չի՞ կարողանում մեր ազգային ինքնությունը պաշտպանել, թե՞ մենք ենք կորցրել այն անդարձ»: Նման հարցապնդումը իր հոդվածներից մեկում տպագրելուց հետո բավական մեծ աղմուկ բարձրացրեց, անգամ Եկեղեցու որոշ սպասավորներ խիստ վրդովվել էին այս հարցի շուրջ:
  Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքում էին իրենց հանդեպ անհանդուրժող վերաբերմունքից, զինված ուժերում ծառայությունից հրաժարվելու դեպքում (զինված ուժերում ծառայելը և զենք վերցնելը մեղք են համարում) քրեական պատասխանատվության ենթարկվելուց և այսպես շարունակ: Իսկ կրոնական հողի վրա կատարված սպանությունները, դեռահասների ինքանասպանության դեպքերը կոծկվում էին կամ հասցնում են հերքել, որ այդ անձիք եղել են իրենց շարքերում և այդ հերքումն էլ կատարվում էր խիստ «պաշտոնական»: Այս հանցագործությունը ևս եզակի չէր:
   Փողոցի անկյունում երևացին երկու մեքենաներ:
  - Ահա և նրանք, - կիսաձայն շշնջաց Լուսինեն ու թվային ձայնագրիչը հանեց պայուսակից:

  Մեքենաները կանգ առան մուտքի մոտ: Լրագրողներն անմիջապես շրջապատեցին դրանց: Հեռուստաընկերությունների աշխատակիցներն առաջինն սկսեցին:
 - Պարո՛ն Մազմանյան այսօր կհրապարակվի՞ դատավճիռը, արդյոք կա՞ նախնական տեղեկատվություն ինչ ելք կարող է ունենալ դատավարությունը, կմանրամասնե՞ք մի փոքր:
 - Նախապես հայտարարություններ չանեմ, սակայն փաստաբանի կողմից կրկնակի դատահոգեբանական փորձաքննության անցկացնելու միջնորդությունը բավարարվել է:
 Մազմանյանի ուշադրությունը գրավեց երիտասարդ լրագրողուհիներից մեկը, որ ներողություն խնդրելով իր գործընկերներից՝ մի փոքր առաջ եկավ ու ձայնագրման սարքը առաջ պարզեց: Լրագրողուհու կտրուկ շարժումնե՞րը գրավեցին նրա ուշադրությունը, թե այլ պատճառ կար, դժվար էր այդ պահին ասել: Սակայն դատախազության բարձրաստիճան պաշտոնյան ավելի կտրուկ պատասխանեց հերթական հարցին ու փորձեց առաջ շարժվել:   
  Լսվեց հերթական հարցը.
  - Իսկ ոստիկանությունը որևէ քայլ չի՞ ձեռնարկում՝ պարզելու ինչ կապ է ունեցել մեղադրյալը կրոնական կազմակերպությունների հետ
   Դատախազության ներկայացուցիչն ավելի շտապողական կեցվածք ընդունեց:
 - Եթե հաստատվի որ հանցագործությունն անմիջական կապ ունի կրոնական կազմակերպությունների հետ, ապա անպայման կսկվի նախաքննություն, սակայն նշեմ, որ մեղադրյալը մինչ օրս հերքել է, որ ինքը կրոնական որևէ կառույցի անդամ է:
 Դատախազության ներկայացուցիչը նկատեց նորից այն նույն լրագրողուհուն, իսկ լրագրողուհին ավելի առաջ մեկնեց ձայնագրիչը, այնուհետև զգալիորեն բարձր ձայնով տվեց իր հարցը.
   - Պարո՛ն Մազմանյան քիչ առաջ էլեկտրոնային թերթերից մեկում տպագրված հոդվածում նշվում է, որ Ձեր ընտանիքի որոշ անդամներ նույն կրոնական կազմակերպության անդամ են:
 Մի քանի լրագրողներ հայացքներ փոխանակեցին, իսկ դատախազության ներկայացուցիչը ակնհայտորեն անակնկալի եկավ: Լրագրողուհին ասես չնկատեց ու շարունակեց.
  - Որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը
   Անակնկալի եկած դատախազության ներկայացուցիչը մի պահ լուռ էր.
  «Որտե՞ղ եմ տեսել նրան, որտեղի՞ց են այդ լրագրող կոչվածները նման ինֆորմացիա պեղել: Ոչ, պիտի հերքել: Նման բան չկա, համենայն դեպս ես այդպես եմ ուզում, ես պատասխանատու չեմ այդ հարցում, ծնողներիս ու քրոջս կրոնական գաղափարներն իմը չեն:
   - Դա անհեթեթություն է և չի համապատասխանում իրականությանը: Կներեք, այլևս ոչ մի հարց:
  «Անկարելի է. մնում էր սա ու վերջ: Հիմա ի՞նչ կմտածեն հազարավոր մարդիկ: Իհարկե այն, ինչ իրեն հրամցնում է այս կամ այն թերթը: Չի կարող պատահել, անհապաղ պետք պարզել՝ որտեղ է հրապարակվել հոդվածը: Իհա՜րկե, ընդդիմադիր մամուլում: Կպարզենք, բայց որտե՞ղ եմ տեսել նրան, - մտածում էր դատախազության ներկայացուցիչն ու հանկարծ կանգ առավ, - հիշեցի՜. անցած տարի սպանված լրագրողի հետաքննության ժամանակ: Այո, ես չեմ սխալվում, նա է: Նա վրեժ է լուծում»:
  Դատախազության ներկայացուցիչը հետ շրջվեց, մի պահ ասես ցանկացավ ետ գնալ: Արմանը, որ նրա կողքին էր ողջ այս ժամանակամիջոցում, զարմացած կանգ առավ: Բայց Մազմանյանը նորից հետ շրջվեց ու արագ մտավ դատարանի շենք:
   Իսկ այդ պահին երիտասարդ լրագրողուհին արդեն հեռու էր: Նրա ձեռքին նորից իր կար, բայց ոչ ձայնագրիչ, այլ բջջային հեռախոս: Նա շտապ հաղորդագրություն էր գրում՝
   «Տեղադրիր հոդվածը կայքում, հենց հիմա: Ինչպես սպասվում էր՝ հերքեց»:
  Րոպեներ անց սկանդալային հոդվածն արդեն կլինի հասանելի համացանցից օգտվող յուրաքանչյուրի համար, իսկ մի փոքր անց արդեն բազմաբնույթ ու տարատեսակ քննարկումների տեղիք կտա:
    - Ահա այսպես, դե՛ հերքի՛ր:


   Գրեթե խավար էր սենյակում: Միայն ճաղապատ փոքրիկ պատուհանից թափանցող լույսը այլ բան էր վկայում` դրսում պայծառ առավոտ էր, իսկ ներսում խոնավության գարշելի հոտ էր տարածված: Անկյունում՝ երկաթե մահճակալին (եթե դա կարելի էր մահճակալ անվանել) պառկած էր երիտասարդ մի կին: Մի փոքր մոտիկից նայելու դեպքում չէր կարելի նրան երիտասարդ համարել, սակայն նա դեռ երեսուներկու տարեկան էր: Արդեն երեք ժամ նա պառկած էր նույն դիրքով: Հերթապահ ոստիկանը երրորդ անգամ նայեց դռան փոքրիկ պատուհանից ու մտածելով, որ քնած է՝ գնաց: Բայց Սոնան քնած չէր: Նրա հայացքը կանգ էր առել դիմացի պատին՝ ինչ-որ կետի վրա, իսկ մտքերը հեռուներն էին:
   «Ես խելագար եմ, - մտածում էր նա, - այո՛, խելագար բոլորի համար: Նրանք ինձ չեն հասկանում, միայն ես ու իմ Աստված գիտենք որ խելագար չեմ: Աստված ինձ կօգնի, կների, իսկ այս մարդի՞կ, ովքե՞ր են նրանք, որ դատում են արդարացնում, քննադատում ու ոչ իրենց նման մտածողներին խելագար են անվանում: Այս աշխարհում այլևս անելիք չկա, Աստված ինձ կօգնի որ հեռանամ այստեղից, ինչպես լուսավորեց իմ կյանքը երկրում, այնպես երկնքում կլուսավորի:
   Հիշում էր մանկությունը: Երբ մանուկ էր, մայրը գրկում էր ու ասում՝ Աստված ինձ քո միջոցով նորից կյանք տվեց, բայց երկար չտևեց այդ երջանկությունը, մայրը մահացավ, երբ դեռ յոթ տարեկան էր. հայրը, որ երբեք էլ առանձնահատուկ ուշադրություն չէր տածում դստեր նկատմամբ նրան մի գեղեցիկ օր մանկատան խնամքին հանձնեց: Այստեղ մանկությունն իսպառ անհետացավ, եկավ դաժան իրականությունը, մանկության վառ գույները խամրեցին: Նա հաճախ էր բարձրաձայն մեղադրում Աստծուն. - Աստված չկա, - ասում էր նա
   Մանկատանը անցկացրած առաջին տարիները դժոխք էին նրա համար, հետո սկսեց հարմարվել՝ ընկերներ ձեռք բերեց, մասնագիտական դասընթացների հաճախել ու ստացավ բուժքրոջ որակավորում: Հետո ամուսնություն ու ընտանիք, ամուսին ու երեխաներԿյանքը միայն երջանկությունը չէ, այն նաև դառնությամբ է լցված: Ամուսնական կյանքը չստացվեց ու բաժանմանը նա պատրաստ էր ասես: Երբ ամուսինը հեռացավ, անգամ չփորձեց ետ բերել կամ փոխել որևէ բան, այլ ամեն ինչ բարդեց սկեսրոջ վրա՝ նրան համարելով բաժանության միակ մեղավորը: Իսկ երեխանե՞րը, նրանք էին միայն, որ ստիպում էին ապրել, մտածել ներկայի ու անգամ մի փոքր երազել ապագայի մասին: Բայց նրանք էլ չկան հիմա: Ո՞ւր են, գուցե տա՞նը: Նա արագ վեր կացավ տեղից, ասես սարսափելի երազ տեսած լիներ:
  «Ո՜չ, այդ ես չեմ, նրանք միշտ էլ կենդանի կլինեն, նրանք դրսում են, գիտեմ, սպասում են, թե երբ պիտի դուրս գամ ու գրկեմ նրանցԱյդ ես չեմ, Աստված, օգնի՛ր, - կիսաձայն շշնջում էր նա, - ո՞ւր է Աշոտը, նա ինձ կօգնի, նա Աստծո շնորհքն է իր մեջ կրում, նա կօգնի անպայման: Ինձ պետք չեն հոգեբաններ ու հոգեբույժներ: Նրա մի խոսքն անգամ հոգիս նորից կհանդարտեցնի: Աշո՜տ
  «Աստված օգնում է բոլորիս, ու ներում», - հիշեց Աշոտի խոսքերից մեկը: Նա վեր կացավ, կանգնեց երկաթե մահճակալի եզրին ու ձեռքերով կախվեց ճաղապատ պատուհանի երակաթներից, ոտքը սայթակեց ու փորձելով բռնել երկաթից, ընկավ վայր: Երկաթե բարակ ձողը կոտրվեց ու մնաց ձեռքում: Մի երկու վայրկյան նա նայեց երկաթին, ապա կանգնեց: Լսվեց դռան բացվելու ձայնը, բայց Սոնան կարծես չէր լսում ոչինչ, նրա գլխում մի միտք փայլեց:
  «Տեսնո՞ւմ ես, Աստված բարեգութ է, - ասես լսեց Պատվելի Աշոտի ձայնը, - նա ներում է բոլորիս»: Դուռը բացվեց, ներս մտավ ոստիկանը:
   - Ցա՛ծ գցի՛ր, - հրամայեց ոստիկանը:
  - Աստված ինձ կների, - գոչեց Սոնան ու երկաթի սուր կողմը դեպի իրեն բռնած վազեց առաջ:
  Հանկարծակիի եկած ոստիկանը փորձեց բռնել դեպի իրեն նետվող կնոջը: Բայց երկաթը հայտնվեց իր ու Սոնայի միջև: Նա միայն այդ ժամանակ հասկացավ, որ ավելի լավ կլիներ ոչ թե կնոջը բռնել, այլ երկաթի կտորըՎայրկաններ անց կինն արդեն ընկած էր հատակին՝ կրծքին մխրճված երկաթե ձողով, իսկ ոստիկանն օգնություն էր բղավում:
    Երկաթը մխրճվել էր կնոջ սիրտը


5 комментариев:

ivet cho. комментирует...

wow
shat lav es grum
!!!!!!!!

hetanos комментирует...

Armen jan, lav er. Bayts mi qani ban. Dialogneri qchutyan patjarov, patmvatsq e chor e darnum, mi tesak lragrayin hodvats.

Анонимный комментирует...

Ահավոր, ցավոտ իրականություն է... ու դու, Արմեն ջան, կարողացել ես այնպես բնական ու շոշափելի ներկայացնել...

Արմեն Մխեյան комментирует...

Շնորհակալ եմ Նելլի ջան...

Araqs Hakobyan комментирует...

կարդում եմ երկրորդ անգամ, դու հիանալի ստեղծագործող ես թե՛ չափածոյում ու թե՛ արձակում